ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի մամուլի ասուլիսը

 

78451
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսը նվիրված էր նրա մեկ տարվա գործունեությանը: Հաշվետու խոսքում Էդ. Միլիտոնյանը նշեց, որ ԳՄ աշխատակազմի հիմնական սկզբունքն է եղել պահպանել ստեղծագործական միության լավ գործերի ավանդույթը, մասնավորապես` այն միջոցառումները, որոնք տարիներ ի վեր գրական կյանքի մասն են կազմել` Մանկապատանեկան գրքի շաբաթը, պոեզիայի ավանդական հանդիպումները, Գիրք նվիրելու օրը, պոեզիայի միջազգային օրվան նվիրված ցերեկույթները, գրողների հանդիպումները Երևանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ, Թարգմանչաց տոնը՝ Օշականում, սայաթնովյան Վարդատոնը` Թբիլիսիում, ինչպես նաև դասական գրողների` Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Պ. Սևակ, Մ. Գալշոյան, Հ. Մաթևոսյան և ուրիշներ, ավանդաբար նշվող օրերը նրանց ծննդավայրում:
Ստեղծագործական կյանքն առավել բովանդակային դարձնելու նպատակով կյանքի են կոչվել նոր ծրագրեր ու մտահղացումներ: Մարզերում գրական կյանքը աշխուժացնելու համար յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ՀԳՄ են հրավիրվում մարզերի գրական բաժանմունքների ստեղծագործողները: ՀԳՄ-ի հարկի տակ արդեն հյուրընկալվել են Արագածոտնի, Լոռու և Տավուշի գրական բաժանմունքների անդամները, առաջիկայում կհյուրընկալվեն Շիրակի մարզի գրողները:
ՀԳՄ նախագահը նշեց, որ աշխուժացել է ԳՄ-ի և տարբեր կազմակերպությունների, ընկերությունների, ստեղծագործական միությունների և ՀՀ նախարարությունների (Մշակույթի, Կրթության և գիտության, Առողջապահության, Սփյուռքի, Պաշտպանության, Տրանսպորտի և կապի) հետ համագործակցությունը: Նա հատկապես արժևորեց ՀՀ մշակույթի նախարարության դերը գրքերի հրատարակման, գրողների հոբելյանների անցկացման, փառատոների կազմակերպման գործում: Էապես բարելավվել ու խորացել են գրական կապերը այլ երկրների գրական կազմակերպությունների հետ:
Տարվա ընթացքում բացվել են ՀԳՄ բանավեճի, շախմատի, գրական, ձեռագիր մամուլի ակումբները` որոնցում կազմակերպված տարբեր միջոցառումներն օժանդակում են գրական կյանքը առավել հետաքրքիր և բազմաբնույթ դարձնելուն:
Անցյալ տարվա հիմնական աշխատանքներից են եղել ժամանակակից հայ գրականությանը նվիրված լիանիստերը: Ժանրային առումով, առաջին լիանիստը նվիրված էր ժամանակակից հայ արձակին, նոյեմբերի 14-ին կայանալիքը կքննարկի ժամանակակից պոեզիայի հարցերը: Այս աշխատանքը շատ կարևոր է նրանով, որ բացահայտվում են վերջին տարիների ստեղծագործական մղումները, սկզբունքները, մեթոդները, զարգացման հեռանկարները: Նրա հավաստմամբ` լիանիստերը պետք է ուղղորդեն ընթերցողներին: ՀԳՄ նախագահն անդրադարձավ նաև գրական մրցանակներին` նշելով, որ ավելացել է «Իրինա Գյուլնազարյանի» անվան մրցանակը, Նաթելլա Լալաբեկյանի հիմնադրած «Լևոն Անանյանի հիշատակին նվիրված» երիտասարդական մրցանակաբաշխությունը, ինչպես նաև գրողների անվան մրցանակները մարզերում:
Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են կատարվում հայ գրականությունը օտար լեզուներով ներկայացնելու ուղղությամբ, որոնց շարքում առանձնացրեց Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի, Չինաստանի ԳՄ-ի հետ համագործակցությունը: Պարսկաստանի «Աֆրազ» հրատարակչությունը լույս է ընծայում 13 հայ բանաստեղծների ժողովածուները պարսկերեն, որոնցից 5-ն արդեն տպագրվել է: «Սվետովոյ» ուկրաինական ամսագրի համարներից մեկը նվիրված է հայ գրողներին և այլն: Նա նշեց նաև, որ աշխատանքներ են ընթանում զոհված բանաստեղծների չորս լեզվով (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) անթոլոգիաների հրատարակման ուղղությամբ:
ՀԳՄ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։