ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ…
Մենք այն ճանաչում էինք որպես Էրիվան: Հիշում եմ, մանկությանս տարիներին Ռևան էին ասում, սակայն հայերն իրենց քաղաքն անվանում են Երևան, և դա է ճիշտը: Չեմ հիշում՝ Կարսում երբ իմացա Ռևան կոչվող քաղաքի մասին, որ մորս ծննդավայրն էր: Մեր ընտանիքի ծագման մասին շատ չէին խոսում: Գիտեինք, որ Կարսից ենք ու ազերի: Նաև գիտեինք, որ մայրս Երևանում է ծնվել, իսկ հայրս ըղտրցի ազերիի զավակ էր:
Մի քանի շաբաթ առաջ հանգստանալու համար Ըղտր էինք գնացել, որտեղ տգիտությանս պատճառով ամոթահար եղա, երբ իմացա, որ Երևանը մոտակա Ալիջանից այնքան էլ հեռու չէ: Ըղտրցի ազերիները զրուցում էին Առաջին աշխարհամարտին նախորդող տարիների` իրենց խոսելաձևով «Իրևան» խանության մասին, որտեղ դատարաններն էին: Իբր, իրենց քաղաքը Երևանն է, ոչ թե Կարսը: Եվ հենց այդ պահին հասկացա, թե ինչքան գիտեմ այդ բնագավառից:
Հայտնի է, որ ազերիները, հայերը և այս շրջանի մյուս բնակիչները աղետաբեր պատերազմից հետո այստեղ եղբայրաբար էին ապրում:
Երբ այցելեցի Ալիճանի սահմանապահ զինվորական միություն, ջանացինք այդտեղի աշտարակից հեռադիտակով տեսնել Երևանը: Չտեսանք, որովհետև քաղաքը մշուշի մեջ էր:
Դրանից հետո, երբ Հայ գրողներու միության կողմից հրավիրյալ, պիտի մասնակցեի պոեզիայի միջազգային առաջին փառատոնին, առիթ ունեցա մոտիկից ճանաչել այդ քաղաքը, շրջագայել ու տեսնել մորս ծննդավայրը և ժամանակին մեծավմասամբ թրքաբնակ շրջապատը:
***
Գիտեի, որ Հայաստանը տնտեսական խնդիրներ ունի և սպասում էի աղքատիկ ու անխնամ քաղաք տեսնել: Ու մեծ էր ամոթս նախապաշարումներիս համար, երբ մաքուր, բարեխնամ, քաղաքակիրթ և արևմտյան ոստան տեսա: Երևանը շատ սիրեցի: Ինչպես կարող ես այդ քաղաքը չսիրել, որտեղ ամեն անկյունից որևէ քերթողի, գրողի, արվեստագետի արձան է քեզ նայում: Ինձ համար ամենահուզիչը օպերայի շենքի մոտակա զբոսայգում տեղադրված՝ Կոմիտասի տպավորիչ արձանն էր: Արտասվելու չափ հուզված եմ, երբ գրում եմ այս տողերը:
***
Երևան այցելության իմ առաջին օրը, Հայաստանի գրողների միության մերձակա փոքր այգում պատվիրակներից յուրաքանչյուրն իր երկրի անունով մի թուփ կամ ծառ տնկեց: Այլ երկրների ներկայացուցիչների հետ Թուրքիայի անունով մի թուփ էլ ես տնկեցի: Այնուհետև մասնակիցները բանաստեղծական ընթերցումների համար Երևանին մոտ ինչ-որ բնակավայր գնացին, որտեղից Գյումրի էին մեկնելու: Ես ճամպրուկիս պատճառով, ստիպված, մայրաքաղաքում մնացի: Մոսկվայի օդանավակայանի պատասխանատուները հինգ ժամ սպասելուց հետո էլ չէին հասցրել ճամպրուկս Երևանի ինքնաթիռ տեղափոխել: Լավ է, որ այդ ձախորդությունը պատահեց: Հակառակ դեպքում զրկվելու էի Երևանի մեջ շրջելու և քաղաքը ճանաչելու հնարավորությունից:
ՔԱՂԱՔԸ ՆԵՐՔՈՒՍՏ ԱՊՐԵԼ
Ինչ է նշանակում քաղաքը կամ երկիրը ներքուստ ապրել: Օրինակ, եթե 20-րդ դարի հայ բանաստեղծության երևելիներից Ավետիք Իսահակյանի կյանքի ու գործի մասին տեղեկություն չունեք, ապա այս միտքը ձեզ քիչ կարող է հետաքրքրել: Իսահակյանն իր ստեղծագործությունները, մեծավմասամբ, քաղել է հայ ժողովրդական երգերից: Երկար տարիներ իր երկրից հեռու ապրելուց հետո, երբ շրջագայում էր գիշերային Երևանով, ոսկերչական խանութի առջև հանդիպում է մի պահակի, ով երգում էր: Երգի բառերն իրենն էին: Պահակին հարցնում է, թե ո՞ւմ երգն է երգում: Պահակը, եթե ճիշտ եմ հիշում, Փարիզից նոր վերադարձած այդ վայելուչ պարոնին երկար զննելուց հետո ասում է.
– Դու դա չես հասկանա, պարոն:
Այստեղ թաքնված է իր ժողովրդից հեռու ապրած մտավորականի ողբերգությունը, եթե իր ժողովրդի համար է հանձն առել անգամ աքսորական կյանքի պարտավորությունը:
19-րդ և 20-րդ դարերի հայ մտավորականները, ճիշտ մեր կամ մերոնց նման, ամբողջ դառնությամբ ապրել են այդ վիշտը:
Թեև ինքս չտեսա, բայց Երևանը, որ այցելուներին հրապուրում է արվեստագետների, գրողների, քերթողների արձաններով, մի անկյուն էլ հատկացրել է Իսահակյանի արձանին:
Օպերայի դիմացի հրապարակում կանգնած եմ իմ բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի արձանի առջև, որ Իսահակյանի պես դժվարին կյանք է ապրել: Երկար տարիներ առաջ ռուսերենով ծանոթացել էի նրա կենսագրությանը: Հիշողությանս մեջ է մնացել, ինչպես է Թումանյանն իր հիվանդության վերջին փուլում բժիշկներին խնդրել , որ մի քիչ երկարաձգեն կյանքը, որպեսզի հասցնի վերջին գործն ավարտել:
Երևանում ինձ առաջնորդող ակադեմիկոս, թրքագետ սիրելի տիկին Տաթևիկ Մանուկյանի օգնությամբ փորձում եմ փոքրիկներից իմանալ՝ ճանաչո՞ւմ են արդյոք այն անձին, որի արձանի մոտ այդքան տարված խաղում են: Եվ ինչպես ամենուր է, նոր սերնդի անդամները, բնականաբար, տեղյակ չէին:
Տաթևիկ Մանուկյանի հետ մե՛րթ թրքերեն, մե՛րթ ռուսերեն էինք խոսում: Հայաստանի մտավորականները, ինչպես և ժողովուրդը, գիտեն ռուսերեն: Այս պարագան ավելի է դյուրացնում իմ հարաբերությունը հայ հասարակության հետ, որին` արվեստագետների և մասնավորապես քերթողների միջոցով, «ներքուստ» ճանաչում եմ:
Բացարձակապես խաղաղ մի ժողովուրդ… Ոչ սահմանի վրա և ոչ էլ պանդոկի մեջ թուրք լինելուս պատճառով դժվարությունների չհանդիպեցի: Փողոցում էլ, թեև ճակատիս գրված չէր, որ թուրք եմ, երբ առիթ էր լինում ներկայացնել ինքնությունս, միակ հակազդեցությունը հետաքրքրությունն ու մտերմիկ կեցվածքն էր: Սկսած Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանից, իմ և բոլոր հայ գրողների միջև եղբայրական ջերմություն գոյացավ:
Ինչպես արդեն նշել եմ, Հայաստանի գրողների միության փոքր պալատի նմանվող շենքին կից այգու մեջ, հյուր գրողները` հանուն իրենց երկրի, մեկական ծառ տնկեցին: Մաղթում եմ, որ հանուն Թուրքիայի իմ տնկած ծառն էլ երբ ուռճանա, զարգանա, զուգահեռաբար աճի նաև թուրք և հայ ժողովուրդների միջև եղբայրական կապը:
Եվ այդպես էլ պիտի լինի…
Հայրենիք վերադարձա Թբիլիսիի օդանավակայանից, Հայաստանի համարյա ողջ տարածքը ցամաքային ճանապարհով ծայրեծայր կտրելուց հետո:
Հայաստանը իր սահմանների մեջ փակված գրեթե շնչահեղձ մի երկիր է:
Էդուարդը (Էդոն), որ իր խարխուլ կառքով ինձ հին Երևան տանող շարժավար ընկերս էր, անիծում էր այն բոլոր քաղաքականությունները, որոնք թշնա- մացնում են ժողովուրդներին: Եվ իբրև հակազդեցություն այդ թշնամական քաղաքականությանը, մենք ողջագուրվեցինք, լուսանկարվեցինք և հռչակեցինք մեր եղբայրությունը:
Երևանի իմ երկու օրվա ապրումների տպավորությունները կարող են դյուրությամբ գրքի վերածվել:
Երևանը՝ իմ ներքուստ տեսած ու ապրած և միշտ սիրով հիշվող քաղաքների շարքում, սրտիս մեջ իր տեղը գրավեց:
Թարգմ.՝ Արամ ԳԱՄՊՈՒՐՅԱՆԻ
«Մարմարա»