Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բարության տիպար

Իմ թոռնուհի Իզաբելլային

Դու հեքիաթային աղջիկ ես բարի,
Քո խառնվածքով խորունկ ու արի,
Իմանաս ոնց եմ սիրում, պաշտում քեզ,
Այդ գիտեն միայն Արարիչն ու ես:
Երբ դու տխուր ես, ես էլ եմ թախծոտ,
Երբ դու ժպտում ես, օրն է արևոտ:
Այս գայլ աշխարհում,
այս մութ աշխարհում
Ծով բարություն է քո դեմքից ծորում:
Պարտիզպան լինել միշտ շռայլորեն
Քո ճանապարհին ծաղիկներ փռեմ,
Որ դու չտեսնես երբեք դար ու փոս,
Խճճված բավիղ ու լաբիրինթոս,
Քո առջև միայն արև ճառագեր,
Ու դու քայլեիր հպարտ, անարգել;
Քեզ ու քեզ նման քնքուշ ու բարի
Լույս աղջիկներին հայոց աշխարհի
Մաղթում եմ հասնեք ձեր երազանքին,
Վայելեք սերը ողջ տիեզերքի:

Սիրերգ
Ինչ կորցրի, գտա քո մեջ՝
Հավատ ու սեր, ապրելու տենչ,
Ինչ թաքցրի, դարձավ փակ էջ,
Խոր գաղտնարան անհաս ու պերճ:
Ինչ կորցրի, գտա քո մեջ…
Վերջին սիրո խարույկն անշեջ,
Որ չի մարի ոչ մի հրշեջ,
Որը պիտի վառվի անվերջ,
Ինչ կորցրի, գտա քո մեջ…

Երգդ հնչում է փոթորկուն
Քո երգը հնչում է փոթորկուն,
Դարձնում ինձ պատանի խենթ, անքուն,
Ծով սիրո ավիշ է ներարկում:
Երգդ կախարդիչ է, կաթոգին,
Քնքշանքով է լցրել իմ հոգին,
Մաղում է պաղ անձրև թեժ շոգին:
Խենթացնող ճառագայթ ես համակ,
Կուզեմ ունկնդրել քեզ շարունակ,
Գերագույն հաճույքով, մեն-մենակ:
Վերանանք հոգսերից բյուրավոր,
Դառնանք հազարան հավք թևավոր,
Ճախրենք երկնքում սեգ, հեռավոր:
Վայելեմ քո շռայլ թովչանքը,
Զգամ քո կանացի հմայքը,
Որի դեմ նսեմ է, սին փառքը:

Հայուհին
Օրորոցի մոտ օրոր ես ասում,
Անուշիկ երգով մանկան հետ խոսում,
Նրան երջանիկ բախտ ես երազում,
Դու մայր ես անգին, տիեզերական:
Դու մայր փափկասուն,
Դու կին սիրասուն,
Զինվոր քաջազուն:
Գիտես նազանքով, քնքշանքով սիրել,
Քո կախարդանքով շատ սրտեր գերել,
Քո վեհ ընտրությամբ լոկ մեկին տիրել,
Կանացի ես դու, առասպելական:
Դու մայր փափկասուն,
Դու կին սիրասուն,
Զինվոր քաջազուն:
Թե հանկարծ հնչի ժամն օրհասական,
Սև ամպ մոտենա հողին հայկական,
Դու զենք ես առնում
խիզախ, առնական,
Դառնում ես պաշտպան,
քաջ զինվորական:
Դու մայր փափկասուն,
Դու կին սիրասուն,
Զինվոր քաջազուն:

Ձմեռնամուտի նամակ կնոջս՝ Մարոյին
Դու մենակ ես մութ աշխարհում,
Ես մենակ եմ արևի տակ,
Գլխիս վրա ձյունն է պարում,
Ահազանգում մահվան վտանգ:
Ես այնպես եմ քեզ կարոտում,
Ինչպես շողը ծաղկին ծարավ,
Վերից կայծակն է որոտում,
Կարկուտ ճամփում կործանարար:
Դու մի՛ տխրիր, իմ հրեշտակ,
Սև ամպերում կորած լուսին,
Շուտով կգամ սրտով պապակ,
Կապրենք հավերժ մենք միասին:

Իմ վերջին երգը
Որքան էլ ծեր պապիկ դառնամ,
Ես կտոկամ արիաբար,
Երբ էլ կյանքից ես հեռանամ,
Միշտ ջահել եմ, խենթ սիրահար:
Ես սիրել եմ ծաղիկ ու ծառ,
Միշտ պաշտել եմ ընտանիք, կին,
Սիրել աստղեր, արև պայծառ,
Սիրել եմ կյանքը կաթոգին:
Պաշտել եմ Լեռն իմ Արարատ,
Լոռին, գյուղը իմ հայրենի,
Երազանքներն իմ անավարտ,
Մանուկներին Հայաստանի:
Որքան էլ ծեր պապիկ դառնամ,
Կմաքառեմ արիաբար,
Երբ էլ կյանքից ես հեռանամ,
Միշտ ջահել եմ, խենթ սիրահար:

Արարիչը և իմ ծոռնուհին
1
Արարիչը հեռատես էր ու իմաստուն,
Խոր ճանաչեց ագահ մարդուն,
Երկար-բարակ չափեց-ձևեց,
Մարդուն թևեր չպարգևեց:
Մարդը թևեր թե ունենար,
Գիշեր-ցերեկ ագահաբար
Պատուհանից, առաստաղից,
Ամեն կողմից կսողոսկեր,
Տուն ու խանութ կթալաներ,
Խառնաշփոթ, վիշտ, գողություն
Կփռեր ողջ հողագնդում:
Արարիչը հեռատես էր ու իմաստուն,
Լավ ճանաչեց ագահ մարդուն,
Հազար անգամ չափեց-ձևեց,
Մարդուն թևեր չպարգևեց:

2
Իմ ծոռնուհի էլիզան երբ
Այս չափածո խոսքս կարդաց,
Անմիջապես սրամտեց,
Ճիշտ դատելով այսպես ասաց.
-Արարիչը եթե այդքան
Հեռատես էր ու իմաստուն,
Թևեր տար լոկ բարի մարդուն,
Որ տարածեր միշտ բարություն
Օդում, ծովում, երկրագնդում:
Իսկ չար մարդիկ միշտ մնային
Հոգսերի մեջ, անթև ու խեղճ…
Ու չէր լինի ո՛չ գողություն,
Ո՛չ թշնամանք, կռիվ ու վեճ:

Գիշեր ու տիվ հոգսեր անթիվ
Հոգսերն անծայր են,
Հարյուր-հազար են.
Հոգսերն անընդմեջ
Ձգվում են անվերջ
Փշապատ, անթիվ,
Ողջ գիշեր ու տիվ,
Հոգսեր ենք տեսնում
Նույնիսկ երազում…

Բարին է միշտ հաղթում չարին
Հեքիաթից են ծնված-սնված
Չարն ու բարին,
Կռվում են միշտ երդում տված
Ամբողջ տարին:
Աստված է միշտ դառնում բարու
Թիկունք-թևը,
Սատանան է չարին կռում
Ու սև դևը:
Բարին մարդուն խենթ նետում է
Դժոխք անտես:
Չարի ոգին լցված է նենգ
Ատելությամբ,
Բարին շռայլ փռում է երգ
Ու սեր անափ:
Չարն ու բարին ճակատում են
Ամբողջ կյանքում,
Դժվարությամբ, բայց բարին է
Հաղթանակում:

Աշխարհը լիքն է ստերով
Աշխարհը լիքն է ստերով,
Ամենուր խաբկանք ու խոստում,
Ստում են դեմքիդ ժպտալով,
Չեն վստահում, չեն հավատում,
Ոսկին դարձել է չափանիշ,
Ոսկին է պաշտոն բաժանում,
Թվերն անուժ են եռանիշ,
Ու ձեռքը ձեռք է լվանում:
Անգետներն անվերջ խաբում են,
Քանզի փող ունեն գրպանում,
Գայլերը անկուշտ լափում են,
Հազարի բաժնին տիրանում:
Ցերեկ է, ասում են մութ է,
Ձյութը հորջորջում են ճերմակ,
Անարգել փթթում է սուտը,
Դոլարից կարած ճոխ վերմակ:

Հպարտ ապրիր
Խարդախ մարդը ինչ
կամուրջ էլ կառուցի,
Մի՛ վստահիր ու վրայով մի՛ անցիր,
Լավ է անցնես հորդ հեղեղի հենց միջով,
Քան թե խարդախ,
ստոր մարդու կամուրջով:
Թե գազազած վագրը փորձի հոշոտել,
Անվախ կռվիր,
որ քեզ չասեն վախկոտ է,
Լավ է վագրը քեզ բաժանի չորս մասի,
Քան թաքնվես ստվերի տակ աղվեսի:

Ես մեծացել եմ, բայց չեմ ծերացել
Ես մեծացել եմ, բայց չեմ ծերացել,
Ծննդավայրից չեմ օտարացել,
Տարիների հետ իմաստնացել,
Երգով հաստատուն ճամփա եմ բացել:
Ես մեծացել եմ, բայց չեմ ծերացել,
Ուրիշի փառքին ես չեմ տիրացել,
Ուրիշի հաշվին չեմ հարստացել,
Ու գովեստներից ես չեմ շլացել:
Ես մեծացել եմ, բայց չեմ ծերացել,
Բարությամբ եմ ես
միշտ չարին սանձել,
Ամբարտավանին ծաղրել, հարվածել,
Ու քանի՜-քանի ցավեր եմ գոցել:
Ես մեծացել եմ, բայց չեմ ծերացել,
Հրաշքներով եմ գերվել, զարմացել,
Ամեն մանկան հետ ծնվել, մանկացել,
Ես մեծացել եմ, բայց չեմ ծերացել:

ԵՐԲ ԿՈՒԶԵԻ ՄԵՌՆԵԼ
1
Չէի ուզի մեռնել դաժան ձմռանը,
Ցրտին ահավոր,
Երբ ձյունապատ են
Սարեր, դաշտ ու ձոր,
Ու իմ պատճառով պիտի դժգոհեն
Մարդիկ սգավոր,
Երբ պիտի նեղվի իմ հարազատը,
Ու մառախուղով ծածկի իր դեմքը
Սեգ Արարատը:

2
Կուզեի մեռնել ծաղկուն գարնանը,
Մարտին, ապրիլին կամ էլ` մայիսին,
Երբ զարթոնքում է իմ Հայաստանը,
Երբ բնությունն է գույնզգույն զուգվում,
Ժպիտն է խայտում բոլորի հոգում,
Երբ մանուշակն է իր աչքը բացում,
Աշխարհը գարնան շնչով է լցվում,
Երբ ամպեր չկան, մառախուղ չկա,
Մարդն է ջերմանում գարնան արևից,
Սեգ Արարատն է ժպտում վերևից…

3
Կուզեի մեռնել կիզիչ ամռանը,
Հուլիսյան մի օր կամ օգոստոսին,
Երբ քաղցրանում են դեղձն ու ծիրանը,
Ծփում են հովից հասկերը դեղին,
Ոսկեզօծվում են արևի շողից,
Բացվում է դանդաղ վառ առավոտը,
Սարում փռվում է ոչխարի հոտը,,
Երբ ամպեր չկան, մառախուղ չկա,
Փախչում են, ցրվում ոսկե արևից,
Ու Արարատն է ժպտում վերևից…

4
Կուզեի մեռնել նախշուն աշնանը,
Սեպտեմբեր ամսին կամ նոյեմբերին,
Երբ մառանում է տանձի շարանը,
Ու ծովանում է բերքն առատ, բերրի,
Երբ հուլունքներով նուռն է ծիծաղում,
Խաղողն է հակինթ ճյուղերը կախում,
Ծառերն են քամուց պարում մեղմորեն,
Իմ Արարատն է ժպտում վեհորեն…
Թող լինի գարուն,
Թող լինի ամառ,
Թող լինի աշուն,
Ու կյանքը լինի խաղաղ, ժպտերես,
Հոգ չէ, աշխարհին հրաժեշտ տամ ես…

ԱՐԹՆԱՑԱ ՏԽՈՒՐ
Արթնացա տխուր ու սիրտս թախծոտ,
Ուզեցի բացվել լավ ընկերոջ մոտ.
Խաժակը չկար,
Գևորգը չկար,
Վիկտորը չկար,
Էլ ո՞ւմ մոտ բացեմ իմ սիրտը
թախծոտ:
Դեմս դուրս եկան բավիղներ ու խութ,
Ուզեցի լսել իմաստուն խորհուրդ.
Շիրազը չկար,
Էմինը չկար,
Սևակը չկար,
Էլ ո՞ւմից լսեմ իմաստուն խորհուրդ:
Ու ես նստեցի տխուր, գլխահակ,
Վեց գավաթ գինի խմեցի մենակ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։