ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Ճանապարհները
թիկունքները
մնում են հեռացողներին
և բազուկ տեսած մեր
ուսերը
թալկանում
նեղանում են-
մինչդեռ
մեծահոգի են
ճանապարհները
երբ չեն լքում
և դժվար է մոռանալ
պատրանքը` սերերի
և կիրակիները
հրաժեշտների
շռայլությամբ
որոնց սպասում ենք
համբերությամբ
երբ մեզ գրկելու են
բացված դռների մեջ
պատուհանների առաջ
նրանց ձեռքերը
մեզ երկրպագել էին
ճանապարհից առաջ
և առավոտներ
խոստացել:
ԺԱՄԱՆԱԿԸ
Ես այսօր կնկարեմ քո դեմքը
դու հավատա հյուսիսից ծագող աստղին
որ անկրկնելի վերադարձ է-
հընթացս վրիպողների-
նրանցից մեկը զինվոր է
երկրորդը կորուսյալ է
երրորդը` սիրուց անիծված
ես ամպերին կթողնեմ
արտաքին ձևերը
անտեղյակությունը
շրջադարձերը փափուկ
օրվա ափերից
կպոկեմ
կգծեմ քո դեմքը
ծիածանից հետո լվացված
իզուր-
անցնող բանաստեղծը
նմանության հանգեր կգտնի
անցնող նկարիչը
պատասխանատու կմռնչա`
հանճարեղ է՜
անցնող
օրնիբուն անցնող
իմաստասերը
բառերի ետևում կպահվի
մնացածները
բացատրություն չեն ունենա
բոլոր եկողների մեջ
միշտ մեկը կբացակայի:
ԱՄԱՌԱՅԻՆ
Շոգից սիրուց քամուց
այս ամառ դժվար է պաշտպանվել
հետո ինչ` զովացուցիչ ջրերը
աչքի հուլունքը երբեմն-երբեմն
«Գյումրի» գարեջուրն իսկական գարուց
իսկական սիրուց դժվար է պաշտպանվել
զվարթ և հանդուգն հյուսվեցիք
ժամանակի ջրիմուռներին
սառն ու սրսուռ վիճակներ
մոլեգնեցիք ջրերին
բայց օտար էր տխուր էր պտղի հատակում
և աստղալույսն էր շատ
և էջքն էր մարմինների զնգուն
հողը խմվում էր առատությամբ ծաղկի
հողը խմում էր չպարտվողներին իր ներսի
շոգից սիրուց քամուց` բաց էիք ու հևքոտ
սկսվող առավոտներին
երբ տոն էիք տոնում
երբ չէիք երդվում լքել
մայրությունը
կաթիլի հատակում
չէիք լքում
չէիք լքում
գինին`
անխնա պատրանքը
սիրելիների
տխուր էր օտար էր
ջրիմուռի հատակ էր
շոգից քամուց սիրուց` մերկ ու բոսոր
խելահեղ նետվում էիք երկինք
երկինքը չէր դադարում
երկինքը չէր դադարում
ծարավ ու պղտոր ջրերի կիրքը
երբ ընկրկում էիք սիրելիներից անպաշտպան
շոգը սերը քամին անխնա տալիս էիք
զովացուցիչ ջրերին
բայց դժվար փակվում էիք
համատարած պտղի ներսում
ձեր հոսուն մկանուտ ընդվզումներից
առավոտներ էին թոթափվում`
շոգից սիրուց քամուց
հրաշալի մայրացած:
ԷԼ ՈՐՏԵՂ ՉԵՄ
Չեմ էլ ասի` հիշում եք
ես այն արտոնյալի բանդագուշանքն եմ
որ մոտավոր գիտի
մեզ ինչու են բաժանել
հորինվածների ու հորինողների
մեզ ինչպես են թաթախել
երբեք չավելացած գինով`
կարոտելով մի լիքը ավել բառի
այս հրաժարումը ինչ խաբուսիկ է`
ինձ վերադարձնող
ամեն վայրկյան հաշվում ու տքնում են
քաղաքի օտարականն ու սիրահարը-
որտեղ ես
կարգին չիմացա`
ում խոցելին եղա
ում փրկածը
ում մատնածը
հետոն դադար է
երկուսով ենք հրահրում
վիճակի պատկեր.
օ՛ լռությունը
համոզիչ է բառերից:
խաղ ու սեր է
սեր ու խաղ է
ամբողջ կրկնությունը:
գիրկ գրկի
գլխի ընկանք
հարկավոր բաները,
գիրկ-գիրկ փլուզեցինք
ամբողջ ռոմանտիկան
գրկելիս բացթողումներ չեղա՞ն
խնայածը դարձյալ բառեր էին
հարկավոր ու ճշգրիտ
մեր նախնական հափշտակություններով
որ փոխարենը ասում ենք`
մոլորություն է
դիպված է ասում ենք սերը
սիրո այդ վարակը
նախնականը
օ՛ այս հրաժարումը ինչ խաբուսիկ է
(քեզ չեմ տեսնում)
հիմա վեր կկենամ
ու ոչ ոքի կնվիրեմ
իմ հեռացումը…
ՓԱԽՈՒՍՏ ՉԿԱՐ
Արդարացող չկար
փախուստ չկար
բառեր չկային
բոլոր շշնջոցները
բանաստեղծները
տարել էին իրենց հետ
մնացել էր սերը
սեր և նրանով վերջացող
բաներ քողարկված
բոլոր վկայությունները
բանաստեղծներն էին անելու
սպասողները ոտնաթաթերի
վրա էին բարձրանում
ոչ ոք չէր հանգստանում
տողատակերից պոկվողը ստվեր չէր
բանաստեղծները
խոսք տված տողից առաջ
բերել էին խրախճանքը
վերադարձը ջինջ էր…