Երգ մանկության / Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Լիպարիտ-ՍարգսյանԵրգ մանկության

Մանկության օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու…
Միք. Նալբանդյան

Մանկությունն է լուսե դրախտը մարդու,
Անհոգ կյանքի օթևանը իսկական,
Ուր ապրում են
երազները միշտ արթուն,
Ուր չարության թույնի սերմեր դեռ չկան:

Երբ մաքուր են երկինք, երկիր ու հոգի,
Աստղ ու արև բարություն են ճառագում,
Երբ մայրական
գուրգուրանքները անգին,
Տաք համբույրներն են
ցավերդ ամոքում:

Մանկությանն են բաժին
ընկնում դրախտի
Անհոգ կյանքի հաճույքները բազմաբույր,
Երբ լորի պես` երգչի հանդի ու արտի,
Թևածում ես, թռչկոտում ես օրնիբուն:

Երբ ընկեր են դառնում
քեզ գետ ու առու,
Ծաղիկները, թիթեռները նախշազարդ,
Կանչում իրենց հետ խոսելու, խաղալու,
Վայելելու կյանքը` որպես մի հեքիաթ…

Մանկությունն է դրախտ ասածը, իրավ,
Երբ հեռու ես աշխարհի
ցավ ու դարդից…
Ավարտվում է երբ մանկությունը, ավա՜ղ,
Մենք ակամա
վտարվում ենք դրախտից…

Ութնյակներ
Տեր եղիր
Չէ, պետք է քեզ հավաքես
Եվ ամուր կանգնես ոտքի,
Ընկածը, հիշիր, երբեք
Հարկավոր չէ ոչ ոքի…
Դու զինվոր սահմանապահ,
Օրնիբուն զենքը ձեռքին.
Տե՛ր եղիր, եղի՛ր վահան
Հայրենի քո եզերքին…

Հետո միայն
Ատամիդ տակ պահիր լեզուդ,
Ականջներդ լայն բացիր,
Երբ իմաստուն խոսք են ասում,
Դու նրանով լիացիր…
Խոհեմ եղիր քայլում ամեն,
Նախ ճանաչիր թշնամուդ,
Հետո միայն նիզակդ առ
Եվ կռվի դաշտ սլացիր…

***
Ինչքան էլ, որ գովենք իրար,
Արված գործն է կարևոր,
Ջահելին լույս ճամփա հանող
Մեծի փորձն է կարևոր:
Զենքդ հատու պահիր, եղբա՛յր,
Արթուն է միշտ թշնամիդ,
Սահմաններդ ամուր պահող
Բերդ-ամրոցն է կարևոր…
***
Երբ ձմռանը ձյուն չի գալիս,
Էլ ի՜նչ ձմեռ է,
Երբ որ տունը հյուր չի գալիս,
Ի՜նչ տուն, տանտեր է…
Գեղեցիկ է աշխարհն, իրավ,
Իր տաք ու ցրտով,
Մարդը` հոգով ստեղծարար
Եվ սիրող սրտով…

***
Նրանք ծնվում, կյանք են առնում տառապանքից ու ցավից,
Թիրախ դառնում ամենուրեք խարդավանքի ու դավի,
Ճակատներին Երկնավորի խաչն
ի ծնե դրոշմած՝
Տիրոջ օրհնած զավակներն են
պոետները հիրավի:

***
Ավերում, քանդում ես ամեն բան,
Որ նորից տքնանքով կառուցես,
Սպանում, խողխողում անվարան,
Վրեժի ծարավով անհասցե…
Ե՞րբ պիտի խելքի գաս, Մարդ Աստծո,
Եվ խղճիդ դռները լայն բացես,
Եղբորդ` վերքի տեղ արնածոր,
Հաց ու սեր ու գինի մատուցես…

***
Մարդ երբ որ իր արտն է ցանում,
Հողը վարում իր գութանով,
Արդար բերքն իր տուն է տանում,
Երջանկանում վաստակածով…
Ուրիշների քրտինք ծծող
Մարդը երբեք չի կշտանա,
Թեկուզ մի օր մի հրաշքով
Ողջ աշխարհին նա տիրանա…

Լոռի
Հենց սիրտս լցվում է՝ նորից
Ուզում եմ քո գիրկը թռչել,
Մի կում ջուր խմել քո աղբյուրից,
Քո ծաղկի, փշի բույրը շնչել…
Դու թանկ ես ինձ համար բոլորից,
Զորություն, հավատ ես ներշնչում,
Ես, ինչպես մանուկը իր մորից,
Նեղ պահիս քո փեշից եմ կառչում…

Քառյակներ
***
Թողեք մի քիչ հովերի հետ զրուցեմ,
Աղբյուրների, ծովերի հետ զրուցեմ,
Հոգնել եմ ես մարդկանց
անմիտ վեճերից,
Արտույտների, լորերի հետ զրուցեմ…

***
Շատ խութերի վրայով ես
սահեցի ու անցա,
Իմ դեմ լարած դավերին լուռ
նայեցի ու անցա,
Խինդը հոգուս երգիս հետ
բաժանեցի բոլորին,
Տառապանքս, ցավերս ինձ
պահեցի ու անցա…

***
Ոսկու համար, փառքի համար մրցելու
Մարդը մարդու կոկորդն է միշտ կրծելու`
Քանի շունչ կա մարմնի մեջ ընչաքաղց.
Մահն է միայն նրան մի օր սանձելու…

***
Մենք չենք լինի, բայց աշխարհը կմնա,
Էջմիածնի Սուրբ տաճարը կմնա,
Նոյին փրկող մեր հավատի
անմար լույս,
Մեզ տուն կանչող Մասիս սարը կմնա:

***
Ամեն մեկս լոկ մեր հոգսից ենք խոսում,
Ամեն մեկս մեր բաժին հողն ակոսում,
Իրար ձեռքից պատառ խլում արյունոտ,
Ավա՜ղ, իրար չենք խղճում,
չենք ափսոսում…

Տրիոլետներ
***
Երանի՜ հավքին անուշ երգասաց,
Առվին, որ մի նոր տաղ է խոխոջում`
Չպահանջելով պարգև ու կոչում.
Երանի՜ հավքին անուշ երգասաց:
Այդպես աննկատ արբունքի հասած
Աղջկա հոգում սերն է բողբոջում…
Երանի՜ հավքին անուշ երգասաց,
Առվին, որ մի նոր տաղ է խոխոջում…

***
Հիրավի մարդը առեղծված է մի`
Անհաղորդ անգամ Աստծուն Արարիչ,
Մե՛րթ պղտոր հեղեղ,
մե՛րթ առվակ մի ջինջ.
Հիրավի մարդը առեղծված է մի:
Շաղախված, հունցված,
խարդախված կավից,
Հողից շունչ առած հրեղեն ածու…
Առեղծված է մի մարդը հիրավի,
Անհաղորդ անգամ Արարիչ Աստծուն:

***
Փա՜ռք Տիրոջը, ծնողներին իմ բարի,
Հրաշք կյանքն այս ուրիշ ո՞վ էր
ինձ տալու,
Տառապանքը` արարելու, սիրելու.
Փա՜ռք Տիրոջը, ծնողներին իմ բարի…
Չէ՜, մենք ոչինչ չենք
տանելու աշխարհից,
Թե կարող ենք` մենք ենք
մի բան թողնելու…
Փա՜ռք Տիրոջը, ծնողներին իմ բարի,
Հրաշք կյանքն այս ուրիշ ո՞վ էր
ինձ տալու…

***
Ամեն տեղ նույնն են հոգս ու ցավերը,
Կարիքն ամենուր գտնում է մարդուն,
Ճանապարհին է, քնած թե արթուն.
Ամեն տեղ նույնն են հոգս ու ցավերը:
Ափսո՜ս, որ քիչ են կյանքում լավերը,
Նրանց էլ հաճախ վատերն են հաղթում.
Ամեն տեղ նույնն են հոգս ու ցավերը,
Կարիքն ամենուր գտնում է մարդուն…

***
Ես չգիտեմ ուրիշ մի
ճանապարհ ու դուռ,
Որ դրախտի շքեղ
պարտեզներն է տանում,
Երջանկության լուսե
հովիտները հանում.
Ես չգիտեմ ուրիշ մի
ճանապարհ ու դուռ:
Կածանն իմ գյուղ տանող
հեռվից ժպտում է լուռ,
Հարազատ մոր նման ինձ
ձեռքով է անում.
Ես չգիտեմ ուրիշ մի
ճանապարհ ու դուռ,
Որ դրախտի շքեղ
պարտեզներն է տանում…

***
Ոչի՜նչ, ոչինչ մի՛ սպասիր ոչ մեկից,
Ամեն մեկը իր մատի փուշն է հանում,
Գողգոթայի բարձունքն
ի՛ր խաչը տանում.
Ոչի՜նչ, ոչինչ մի՛ սպասիր ոչ մեկից:
Թե կարող ես ինքդ եղիր կարեկից,
Թև ու թիկունք` մանկանն
անտեր, ծերունուն…
Ոչի՜նչ, ոչինչ մի՛ սպասիր ոչ մեկից,
Ամեն մեկը իր մատի փուշն է հանում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։