***
Նրանց ողջունիր, որ գալու են դեռ,
Մեկ է՝ կողքինդ քեզ
չի հասկանում,
Նա քեզ մի ուրիշ
ճամփա է տանում,
Նրանց ողջունիր, որ գալու են դեռ:
Թե կուզես երգդ մնա միշտ անմեռ,
Հիշիր փնտրածդ քեզ ուր է հանում,
Նրանց ողջունիր, որ գալու են դեռ,
Մեկ է՝ կողքինդ քեզ չի հասկանում:
***
Դու տուն մի՛ շինիր օտարի հողում,
Չես հասկանա վաղն ինչ է բերելու,
Օտարի շունչն է հոգիդ գերելու,
Դու տուն մի շինիր օտարի հողում:
Քանի դեռ ուշ չէ`ջեռ կյանքն է շողում,
Մարդիկ պատրաստ են մեղքդ ներելու,
Դու տուն մի՛ շինիր օտարի հողում,
Չես հասկանա վաղն ինչ է բերելու:
***
Տատս ելնում էր առավոտ ծեգին,
Մեծ չարչարանքով թոնիրն էր վառում,
Ծուխը իր ձեռքն էր երկինք կարկառում,
Տատս ելնում էր առավոտ ծեգին:
Թռան գնացին օրերը անգին,
Հուշերն այդ անուշ ցավ են պատճառում,
Տատս ելնում էր առավոտ ծեգին,
Մեծ չարչարանքով թոնիրն էր վառում:
***
Ախ, երազ էր` ինչ որ տեսանք ու անցանք,
Ու հավատա՝ լուսե օրեր են գալու,
Հրաշք կյանքը անակնկալ է տալու,
Ախ, երազ էր` ինչ որ տեսանք ու անցանք:
Դեռ օրեր կան, կա երազած վար ու ցանք,
Ծփացող արտ ամռան ոսկում ու կալում,
Ախ, երազ էր` ինչ որ տեսանք ու անցանք,
Ու հավատա՝ լուսե օրեր են գալու:
***
Օրը բացվեր, մայրս նորից ինձ գրկեր,
Առաջվա պես անհոգ մանուկ մնայի,
Աղավնիներ, ձեզ կուտ տալով խաղայի,
Օրը բացվեր, մայրս նորից ինձ գրկեր:
Ինձ տեսնելիս խաղընկերս ընկրկեր,
Ծաղկանց բույրը մեզ գերելով քաղցրանար,
Թանապուրից ձիգ գոլորշի բարձրանար,
Օրը բացվեր, մայրս նորից ինձ գրկեր:
***
Երազներիս անուշ թևով թռչեի,
Ոսկեմշուշ մեգը ցրվեր, լուսանար,
Գազելի հետ ես վազեի քարեքար,
Երազներիս անուշ թևով թռչեի:
Ժայռից թռչող առվի ջրից կառչեի,
Ծիածանը դառնար ոսկե մի կամար,
Երազներիս անուշ թևով թռչեի,
Ոսկեմշուշ մեգը ցրվեր, լուսանար:
***
Ծաղկահոտ է, վարդահոտ է ու կարոտ,
Այդ ե՞րբ անցան օրերն անուշ, հեքիաթե,
Մամռոտ գուռից ալ մասուրը կկաթե,
Ծաղկահոտ է, վարդահոտ է ու կարոտ:
Լաջվարդ երկինք, գույներ ալվան ու նարոտ,
Քո աչքերն եմ հիշում մշուշ-ակաթե,
Ծաղկահոտ է, վարդահոտ է ու կարոտ,
Այդ ե՞րբ անցան օրերն անուշ, հեքիաթե: