ՈՒՇ ՉԷ… ԵՐԲԵՔ…
Ների՜ր, որ հորինեցի Սերը-սուտ:
Չէր բոլորել դեռ տարիքը քո- տասնութ,
Եվ անհաղորդ էին քեզ թե՛ չարչարանք,
թե՛ մութ:
Չէի՜ կամենում – երբեք – քեզ խաբել,-
Անունս-արյո՛ւնս էին շուրթերիցդ արբել
Ու ինձ նետում էին հրատոչոր ափեր:
Քեզ կակաչների մահն էր հուզում,
Մեր միջով հրահալ ափեր էին վազում,
Դու երկրային ծաղկանց ողջ
պայթյո՜ւնն էիր ուզում:
Քո աչքերո՜ւմ տեսա կատարյալ
իմ պատկերը,
Շուրթիդ՝ ադամանդ էին – իմ «մտքերըե,
Գլխիս թագ էիր դնում – ո՞ւր է, ո՞ւր է:
Չէի՜ կամենում, ներիր, քեզ խաբել…
Լիալուսինն է, ես, ամպեր ու ամպեր,
Եվ արցունքն ինձ տանում է
երազված ափեր:
ԱՌ ԲՆՈՒԹՅՈՒՆ
Քեզ փառերգեցին հույները մանուկ-
Վիթխարի թափն ու գեղը քո,
Օ՜դդ, կրակներդ, ջրերդ հոսուն,
Որպես անդամները մարմնի,
Գրգի՜ռ տվեցին տեսողությանը երգող:
Թախծալուր ու անուշ մելոսում
Թուխ հնդիկները քեզ երգեցին
Եվ ծնրադիր են իբրև վեմ,
Որպես ծեր որդիդ իրենց մոր
Ոտքերի դիմաց- մինչև հասնեն
քեզ ու ձուլվեն:
Քեզ ճապոնները տուն բերեցին,
Ու եռաստիճան շարով
Ընթացան՝ դեպ պայծա՜ռ-պայծառը
Եվ հնչյուններ հղեցին երկնակամարով,
Որ լսում էին մարդը, լուսինն ու ծառը:
ԱՐՏԱՑՈԼԱՆՔ
Խշշացող գետից
Լոկ արձագանքն էր
Ինձ հուշ մնացել:
Թե ուր մեկնեցիք
Իմ արահետից,
Ոչ ոք չգիտեր
Ու չի իմացել:
Էդ ոնց ճոճվեցիք
Ճառագայթագեղ
Խորունկ խորերից,-
Քի՜չ մնաց լացեմ…
Ա՞մպ էիք երկնի-
Հավերժաճերմակ,
Ծառ ու վարդատո՞ւնկ,-
Հավերժականաչ…
Խորությո՞ւն սրտի-
Հավերժակապույտ…
Թե ուր մեկնեցիք…
ԵՐԱԶՈՒՄ
… Եվ գնո՛ւմ էի գալարներով տողի,
Ասես հողի մեջ – խոփ շիկակարմիր,
Մինչև կանգ առա – ակոսադարձին,
Հենց որ արևը վար բերեց կոպն իր:
Վաստակած, խոնջած տե՞ր էի, ոգի՞,
Բայց բնաշխարհն ինձ գետնին էր
գամում,-
Մանկաշո՜ւնչ բերան, աղավնո՜ւ հոգի…
Եվ Տերն աստղերի ողկո՜ւյզն էր քամում: