ՎԵՐՋԻՆ ՔԱՐՈԶ
Սկզբում օղի, վերջում գարեջուր –
Պատվիրաններից սա է մնացել:
Չոչ է անում իմ Երկիրը պուճուր,
Չոչ է անում իմ Հայրենիքը ծեր:
Անձրև է գալիս՝ մեծացե՛ք, սնկե՛ր,
Սոված մանչեր են վազում տներից,
Երանի նրանց, ովքեր չեն ծնկել
Հեղափոխական փոթորիկներից:
Ջերմից խենթացող պայծառատեսներ՝
Խեղճ կիկոսներ են ծնվում խև մորից,
Քիչ էլ համբերեք, կարող եք տեսնել՝
Հանուն հոր որդին գալու է նորից:
Է, հե՜յ, էս ինչ թարս քամի է անցել,
Մեր պատկերի դեմ մեզ չենք ճանաչում,
Պատվիրաններից սա է մնացել՝
Սկզբում օղի, վերջում գարեջուր:
* * *
Խաղաղության նման որբևայրի,
Մռունչներս պարպած փուչ երազով,
Ես էլ դարձա այծը քո քարայրի
Թափառական ու հեզ, հեզ ու հզոր:
Ուժս՝ սակավ, սակավ, ջանքս՝ իզուր,
Տանուլ տված կյանք է խաղամոլի,
Ժառանգություն մնաց ժանգոտ մի սուր՝
Վաղուց փոշի դառած թագավորի:
Եղել ու չեմ եղել՝ հեքիաթի պես,
Պատմությանն այս պատիր հպատակ եմ,
Ցեղիս մշտահոլով արյունը կեզ
Փոթորկեմ ու նորից ձեզ կտակեմ:
ՈՂՈՐՄԻ ՏՎԵՔ
Երազանքներիդ հանգրվանն եմ, պա՛պ,
Նայիր՝ ընթացքը ոնց է ծանրանում:
Սիրուց փախս տված սրտերը պարապ
Լրացնում էի անուն առ անուն:
Քո նման չենք, պապ՝ քար դնենք քարին,
Հիմի ամեն բան շինում ենք խոսքով,
Ինչ թողել էիր՝ ծախինք օտարին՝
Մեկ դարի կայքը մեկ օրվա ոսկով:
Անտառդ չկա, բայց մի վշտանա,
Իր հետ մեր ցուրտն է այրվել, մոխրացել,
Անզարդ մնացած տատիս թանթանա
Խաս կոպեկներդ ես եմ գողացել:
Ողորմի տվեք մեզ, մեր նախորդիք,
Ասեք ողորմի՝ քիչ թեթևանանք.
Խավար ճամփեքին խարխափող մարդիկ,
Հանգուցյալների հաշվին է, որ կանք:
* * *
Մարեցին լույսերը իս կծղած աչքերում,
Հեքիաթս կորել է գինու մեջ ու փոշու,
Աշխարհի պատերից իմ հետքերն է
քերում
Դիվահար այս քամին՝
ոռնալով ինչպես շուն:
Խավարի երախում՝ անկրակ, անկանթեղ,
Ո՞ր շեմին մնացի, էլ ո՞ւմ եմ կանչելու –
Սերը մեզ փնտրեց ու չգտավ ոչ մի տեղ
Ու գնաց երկնքում ինքն իրեն խաչելու:
* * *
Գիտեմ, աշունս մի օր կգա՝
Հսկա ջութակը դրած ուսին,
Եվ հնչյունների չուն կպատմի
Հեռավոր, պայծառ սիրո մասին:
Հետո ջութակը ցած կդնի
Եվ քամուն կտա ամբողջ ոսկին –
Միայն թե նորի՛ց գարունը գա՝
Ամեն ինչ խառնի սիրո հոսքին: