ԱԲԻԳ

ԱԲԻԳՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր
ԱԲԻԳԻ (Աբրահամ Սահակյան)
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

2013 թվականին լրացավ բանաստեղծ Աբիգի (Աբրահամ Սահակյան) ծննդյան 70 ամյակը:
Թեև Աբիգի գրական նախասիրություններն ու ձիրքը ի հայտ են եկել դեռևս դպրոցական տարիներին, սակայն երբեք չի կարևորել իր արածը, երբեք լուրջ նշանակություն չի տվել, երբեք չի մտածել հայտնի ու նշանավոր լինելու մասին: Բայց և չգրել էլ չի կարողացել և գրել է, երբ զգացել է ինքնալիցքաթափման, ինքնաարտահայտման խիստ պահանջ: Նրա գործերը հաճախ գրվել են պատահական թղթերի պատառիկների վրա և չեն պահպանվել: Այդ է պատճառը, որ բանաստեղծությունների «Կյանքս` այրվող կերոն» խորագրով անդրանիկ ժողովածուն լույս տեսավ 2006 թ., երբ Ա. Սահակյանը արդեն 60-ն անց էր: Այն ընդգրկում էր տարբեր տարիներին գրված գործերի մի փունջ, որն ընթերցողին անմիջապես գրավեց թե՛ իր ասելիքի թարմությամբ ու արդիականությամբ և թե՛ ինքնատիպությամբ: Այնուհետև, մեկը մյուսի ետևից լույս տեսան «Հուռթի աշուն» (2008), «Լեռան կատարին մշուշ է ու ձյուն», (2009), «Դեռ երեկո չէ» (2012) բանաստեղծությունների ժողովածուները, իսկ 2010-ին «Գերմանի» վեպը: Ա. Սահակյանի ստեղծագործության հիմնական թեման սերն է ու կարոտը: Մեծ սիրով ու քնքշանքով են գրված սիրած էակին, մորը, հայրենիքին նվիրված բանաստեղծությունները, որոնք ջերմ են, պատկերաշատ, հագեցած են խորը հուզականությամբ, սիրով և լավատեսությամբ: Բանաստեղծի խոսքը բազմերանգ է, լի գեղարվեստական ուշագրավ պատկերներով, անկեղծությամբ և մեծ պատասխանատվությամբ ամեն մի տողի նկատմամբ:
Աբիգը ստեղծել է իր բանաստեղծական աշխարհը, որը կրում է հեղինակի յուրօրինակ մտածելակերպի և ինքնատիպ ձեռագրի կնիքը: Այդ աշխարհը լի է լուսավոր թախիծով ու այրող կարոտով: Դա կարոտ է ոչ միայն հայրենի եզերքի հանդեպ, ուր ծնվել ու մեծացել է բանաստեղծը, այլև կարոտ է որդիների, թոռների, արյան կանչով իրեն փոխանցված կորսված Մուշի, վաղուց կյանքից հեռացած հարազատների, պաշտելի ու անփոխարինելի մոր, ինչպես նաև սիրած էակի հանդեպ:
Անկեղծորեն շնորհավորում եմ բանաստեղծ, արձակագիր Աբիգ Սահակյանին ծննդյան 70-ամյակի առթիվ, մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նոր նվաճումներ: Վստահ եմ, որ նրա հոգու գանձարանում շատ գանձեր կան պահված, որոնք հեղինակը դեռ նոր պիտի տա ընթերցողին:

Սյուզաննա ՓԻԼՈՍՅԱՆ

***
Պատուհանս ես բացել եմ այս գիշեր,
Իմ հուշերը արթնացել են այս գիշեր,
Խարույկվում է սիրտս հոգնած, տենչացող,
Սպասում եմ քեզ` անհամբեր,
այս գիշեր:

Իմ կարոտը խենթացած է այս գիշեր,
Սպասումի դուռս բաց է այս գիշեր,
Ո՞վ իմանա` ո՞ւր ես հիմա դեգերում,
Պաղ քամին է ինձ հյուր գալիս
այս գիշեր:

***
Ձյուն է թորթրում` ես քեզ եմ հիշում,
Անձրև է մաղում` ես քեզ եմ հիշում,
Կապույտ երկինք է, ամառ է պայծառ,
Այրող կարոտով ես քեզ եմ հիշում:
Սարյակն է գալիս, ես քեզ եմ հիշում,
Նորից հետ չվում, ես քեզ եմ հիշում,
Այգին զարդարվել, հարսնապար բռնել,
Մրգերն են հասնում, ես քեզ եմ հիշում:
Աշուն է, ոսկի, դեղին տերևներ,
Լալկան թփերում ես քեզ եմ հիշում,
Թողած հոգս ու ցավ`
այս խենթ աշխարհում,
Աշխարհս դու ես` ես քեզ եմ հիշում:

***
Դու ինձ ժպտացիր,
Ու այդ ժպիտից ծնվեց իմ հոգում
Մի ողջ տիեզերք:
Մենք համբուրվեցինք,
Ու իմաստնացավ ու լցվեց հոգիս
Խինդով անեզերք:
Ես քեզ ճանաչել փորձեցի լրիվ,
Դու գերող էիր,
Ու վճիտ էին աչքերը քո ծով:
Դու ինձ չիմացար,
(Հայացքդ ուրիշ դեմք էր որոնում)
Չտեսար հոգուս կրակը վառվող:
Ու մռայլվեցիր:
Մթնեց աշխարհը: Ես լուռ լսեցի
Ինձնից հեռացող խուլ ոտնաձայնդ…
Դու քրքջացիր ապա մի անգամ,
Երբ հանդիպեցինք ուրիշ ծառուղում.
Քրքիջդ, սակայն, նման էր լացի…
Ես այդ զգացի:

***
Գիտե՞ս, առանց քեզ ինչքան տխուր է,
Ապրածս կյանքը կարծես թե զուր է,
Թեև արևն է երկնքից ժպտում,
Շուրջս խավար է, համր է ու լուռ է:

Գիտե՞ս, սա ցավ է, ոտանավոր չէ,
Վերք է չփակվող, խարույկ` մխացող,
Անցյալը ջնջել` այնքան էլ հեշտ չէ,
Կրակ է, բոց է, սարսափելի դող:

Օրերս, գիտե՞ս, թռչում են արագ,
Շուրջս դեղին է, դատարկ է ու սին,
Աշունն է դուռս չոքել` անառակ,
Շվարած երկինք, արտասվող լուսին:

***
Տառապանքս թողած հեռվում`
Եկել եմ ես հայրենի տուն,
Ուր մխում են հուշերս անցած,
Ուրախ-տխուր, խենթ մանկություն:
Ուր ծաղկում է ծիրանենին`
Հորս տնկած, մեր սեր-այգում,
Ճռճռում է դուռն էլ հոգնած,
Ապուպապիս երգն է երգում:
Իսկ երկինքը` կապույտ-լազուր,
Պարզ-մանկամիտ ոտանավոր,
Ու շրշում էր աղոթքի պես
Կյանքը դաժան ու լուսավոր:
Իսկ իմ տունը սառն է, օտար,
Կյանքը կարծես չի էլ եղել,
Եվ փորձում եմ տառապանքով
Մանկությունս պեղել – հանել:
Օրորոցը` հորս շինած,
Ծերացել է մեր տան նման,
Այգին` հիմնած հորս ձեռքով,
Ձայնակցում է կարծես նրան:

Լռություն է: Բորբոս ու փուշ,
Ամայություն իմ տան բակում:
Միայն մայրս է երկինքներից,
Խեղճ պանդուխտիս աղոթք հղում:

***
Լուրթ երկինք է սերն առաջին,
Մաքուր, զուլալ ակնաղբյուր,
Արեգակի քնքուշ շող է,
Տանջանք է ու կրակ-հուր:
Ծաղկանոցում նեկտար քամող
Մեղվի պես է քրտնաջան,
Անքնության դառը հաբ է
Ու խնդության շատրվան:
Թշնամանք է, տառապանք է
Ու թովչանք է ու գարուն,
Ախ, բոլորս էլ, ճորտ ու գերի,
Հավերժ ջահել այս սիրուն:

***
Ասա, դու, ինձ`
Ինչու, հանկարծ,
Քո անունը շշնջալիս
Տարօրինակ դող եմ ապրում,
(Բերկրանքի դող):
Ինչ ոգի է,
Բույն է դրել քո աչքերում:
Ասա` այն ո՞ր արահետով
Մտավ այնտեղ,
Ի՞նչ է ուզում:
Ի՞նչ ուժ է դա,
Որ անում է ինձ հետ հիմա,
Առանց արգելք` ինչ ուզենա:
Ու վառել է խարույկը իր,
Ու վրանն է խփել իր շեկ
Իմ հեգ սրտի
Մոլոր ափում,
Ու բիրտ ու բիլ հայացքների
Մեղկ օղակում
Եվ անխորտակ ամուր կապով
Ինձ աշխարհի
Ու քեզ հետ է
Ամուր կապում:

***
Դու իմ գրկից ո՞ւր ես փախչում,
Երջանկության այս խենթ պահիս,
Գգվանքներս ո՞ւմ ես տանում
Երջանկության այս վեհ պահիս:

Ո՞ւր է լողում բիլ հայացքդ
Երջանկության իմ լուրթ ծովից:
Ո՞ւմ ես տալու հուր-կրակը
Երջանկության հրաշք-պահիս:

Տխրությունս ո՞ւր ես նետել…
Ու թախիծս ո՞ւմ նվիրել,
Ո՞ւր ես պահել, ո՞ւմ ես տալու
Հավերժությունն հրաշք պահիս:

***
Քո աչքերում, իմ սիրելի,
Բույն է դրել անշարժ քարի
Բութ սառնություն`
Թեև դրսում գարուն է վառ:
Այդ որտեղի՞ց հանկարծ ծնվեց
Սառույցը այդ`
Նվաճելով այդքան
իշխող տարածություն
Քո բիբերում,
Դուրս մղելով սիրուս շողքը,
Որ պահված էր սիրո
հրդեհ լույս բիբերիդ
Վարագույրում:
Հիմա արդեն, իմ սիրելի,
Վախենում եմ,
Թե շփոթված ինձ
անծանոթ վարագույրից,
Կսայթաքեմ մի օր հանկարծ
Ու սղղալով սառցադաշտից քո աչքերի
Կընկնեմ ես ցած:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։