ՓՇԵՐԻՆ ԳԱՄՎԱԾ
Մեր թշնամին հին է՝
Ավազների ընդերքից ցնկնած,
Զուրկ է նա մտքի ավազանից,
Արյունոտ բերանն է միայն բաց…
Երբ Հայկը Բելին սպանեց,
Աշխարհը դրախտ մեզ թվաց,
Ու հավերժ ծնկաչոք մնացինք՝
Մհերի փակ դռան առաջ…
Մենք գառ՝ Աստծո փեշերին,
Լռեցինք փշերին գամված,
Զևսը կուլ տվեց զավակներին՝
Իշխելու մոլուցքից խելագարված…
Հավատանք թե ոչ, երդվում եմ՝
Աստված էլ աղերսում է՝ Աստված…
ԲՈՐԵՆԻՆԵՐԸ
Բորենիները խմբով են շրջում,
Արյուն է ծորում կիսալուսնից վար,
Եվ արնաշաղախ նրանց բիբերում
Սրբերը նորից դարձել են ավար…
Հիսուսի գավն են որոնում նրանք,
Քրքիջն է լսվում Պիղատոսի,
Երեկն ուրիշ էր, այսօրը՝ պատրանք,
Այսօր տոնում է մահը Հիսուսի…
Խառնարաններից երկնքի կապույտ,
Հրեշտակները լույսեր սփռեցին,
Այդ լուսաշաղախ կապույտի ֆոնին
Խրխնջում էր լոկ Պիղատոսի ձին…
ԻՄ ԵՐԿՆԱՎՈՐ ԵՐԿԻՐ
Հայաստա՛ն, իմ երկնավո՛ր երկիր,
Ես քո հյուլեն եմ, մի կաթիլ ջուրը,
Հասկիդ մեկ հատիկ սերմը ծլունակ,
Քո մի բուռ հողն եմ երկնքից կախված..․
Թեկուզ ժայռերիդ ծերպերին նստած
Փոշի էլ դառնամ…
Մեկ է՝ ժայռերդ պիտի մայրանան…
Իմ երկնավո՛ր երկիր, Հայաստա՛ն,
Կրակդ պահելու ուժ տուր մեզ,
Մեղք է քեզ ուրանալը, Հայրենի՛ք,
Քեզ պիտի պահել աչքի լույսի պես…
ԲԵՅՐՈՒԹ
Քանանի երկիր, արևից շիկնած ծովի ադամանդ,
Լեռներիդ զմրուխտ կանաչի շուքին՝ մայրիների բույր,
Արևելքի թագ, Միջերկրականի սպիտակ շուշան,
Քո վսեմաշուք հմայքի համար որդիներդ անմահ
Կյանքով հատուցել ու մնացել են հավերժ սիրահար…
Որքա՜ն նման են ինձ ու քեզ նայող ջրերդ բոսոր,
Նրանք շատ վաղուց դեռ թաքցնում են
Մեզ իրար կապող արյան գույները..․
Հռոմկլայի պարիսպներն հաճախ՝ մութ գիշերներին
Արձակ են թողնում սիրո դռները՝
Կիլիկյան Արքան ուր որ է կգա, ինչպես հեքիաթում…
Իսկ ես եկել եմ հին աստվածների Արատտա երկրից, ու
Բախտակից ենք ես ու դու, Բեյրո՛ւթ,
Նույն ոսոխն է միշտ մեր ոսկեդարը
Թանգարանային նմուշ դարձրել…
Եկել եմ սիրո բալզամ հասցնեմ Նեմրութի ոգուն`
Նա սպասում է մեր վերադարձին, օ՜, քո՛ւյր իմ անգին…
ԽԱՉՎԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐԸ
Ճշմարտությունը ազգություն չունի,
Թաքցնում է մարդն ամեն վայրկյան,
Որ իրենից ծնվածին չսպանի…
Քանի անքուն են խարդավանքները,
Կքողարկեն նրան էլի, էլի՜,
Կգլխատեն իսկույն, թե վաղաժամ
Քնած լեզուն իր արթնացնի…
Որքան զորեղ, այնքան անօգնական,
Առանց երկինք՝ երկրի վրա նա տեղ չունի,
Եվ ազգություն չունի, որ պաշտպանի…
Ծանր է նրա խաչն այս աշխարհում,
Քանի դեռ հողածին է մարդը,
Իսկ աստվածները խաչված են վերում…
ՈՐՍ ԹԵ ՈՐՍՈՐԴ
Գորշ գայլի ոռնոց է կրկին՝
Գարնան իր ծինն է սկսել,
Որսորդը՝ ձեռքը ձգանին,
Այս պահին վաղուց է սպասել…
Արգելք է դրված վերևից՝
Հատուցման ժամը չի հասել,
Ժանգոտված զենքի ձգանից
Որսորդի ձեռքն է պակասել…
Շատ ափսոս, ճամփան կարճ էր,
Գորշ գայլը վերևներն էր հասել…
ԱՄԵՆԱՅՆ ԲԱՌԸ
Բառը ծորում է կաթիլ-կաթիլ,
Ինչպես զույգ աչքերի անձայն արցունք…
Բառից սերն է ծնվում, որպես մանանա,
Մարդուն ճահիճ գցում, ապա հանում բարձունք,
Բառից սրթսրթում է լույսը հոգեհմա,
Որ ձայնը երգեհոն դառնա:
Բառը՝ մի կում ջուր ավազուտներում,
Անդունդներից շառաչող ջրվեժ է նա.
Ական է մահվան ձեռքերում՝
Անափ հրճվանք է նա…
Նա է գերագույն սերը…
Այս հիվանդ, անգլուխ աշխարհում
Մենք նրա և՛ ճորտն ենք, և՛ տերը…
(44 – օրյայից…)
ՄԱՅՐՆ ՈՒ ՈՐԴԻՆ
– Մեռնել եմ ուզում…- ասաց մի կին:
Չգիտեմ ինչու եմ մնացել…
Ծնկին քնած էր որդին՝
Աչքերում արևն էր քարացել…