ԶԻՆՎՈՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Չեկածների միջով եկավ,
Սին, սնամեջ ակունքներից,
Մահն իր անմահ կողքով անցավ`
Օրվա հանուր, վառ կողմերից:
Եկավ մերձին և օտարին
Հարազատացած արյունով,
Զենքերի տակ ու վերքերի`
Ալ ու ալվան պսակներով:
Փակ աչքերի խինդով եկավ,
Ծոցվոր կանանց անվերջությամբ,
Որ մանկագեղ լացով ցնծան`
Մայր ու մանուկ` աստեղացած:
ՊՍԱԿԱՎՈՐԸ
Դափնեքայլերով հայրենահառաչ`
Սար է բարձրանում թափորը անլաց:
Ոտքի տակ շաղում երկնային հողը,
Կրակ է հագել խիղճ պատանողը:
Շուրջը` արյան տոթ,
ձյուն` բուրումնալից,
Ծաղկել է կարծես հրե անձրևից:
Դափնեքայլերով` ոչ ետ, ոչ առաջ`
Սար է բարձրանում
թափորը զինյալ:
Լեռնացած մարմնի ոգին
ծածկ չունի`
Զինվորի սիրտն է պսակն հայրենի:
ԵՐԳՄԱՐԴՈՒՄԱՍԻՆ
Ինչքա՜ն, ասես, սար կլինի,
Այսքան խորունկ դաղ կլինի՞
Դեռ հայտնապես չէր ու չկար`
Այնքա՜ն անլեռ գահ կլինի՞։
Դաշտերը` լերկ ու հավաքված,
Ձորերն` անկորուստ ցամաքած,
Փոսերն` ազա՜տ ու լիուլի`
Այսքան չլինել կլինի՞:
Ազատ, անկախ այս օրհասին`
Ալյուր մաղող չկա հացի,
Մարդ չի ճարվում ջիլ ու ջրկիր`
Այսքան անմարդ մարդ կլինի՞:
Երանի մարդ մարդ չլինի,
Այնքա՜ն չլինել չլինի,
Գահերն անլեռ չունայնանան,
Մեկենումեկ ծափ չլինի:
ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ
Թե պարտված ձեռքը
Բռունցք չդառնա,
Վշտի արցունքը
Չի ոգիանա:
Վշտածովն ինչքան
Խորանա քո մեջ,
Դու հառնիր ու ել
Ծովից վեր ու վեր:
Հողը սուղ է խիստ
Եռաբլուրում,
Տղերքն ապրում են
Հողի բաց սրտում:
Հողը հող չունի,
Հողն է խնայում.
Մահը տեղ չունի
Եռաբլուրում:
ՓՐԿՈՒԹՅՈՒՆՉԵՂԱՎ
Օդից կախվեցի,
Քամուց ցած չիջա.
Վհատ օրերից
Փրկություն չեղավ:
Թարկեցի ապրել
Խաչքարի դեմքով,
Հոգսը ծայրեծայր
Ինձ անցավ… ոտքով:
Շուրջս` արցունքի
Ծովեր ու ցամաք,
Խաչքարի դեմքին
Ժպիտդ մնաց:
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
Վերնագիրն այս երգի
Նույն տողն է` չգրված,
Ինձ ցավակցող քամին
Եվ արցունքն է անլաց:
Ցուրտը ծոցից ելնում,
Ծոցն է մտնում ցրտի,
Անթափանցից անցնում,
Գիրկն է նետվում սառցի:
Ասին` այնքան երկար
Թե սպասես բախտին,
Քարը գլխիդ կգա,
Դու լացից չես աճի:
Քամու պոչից բռնած՝
Անդարձ կհեռանաս`
Մատներիդ մեջ սեղմած
Փշուրը հայրենյաց:
ՊԱՏՎԻՐԱՆ
Ինձ հենց այնպես` ամուր գրկիր,
Ճանապարհիր ինձ հապշտապ.
Տղերքն անցան ու ցանուցիր
Ուր գնացին` դեռ անդ չկան:
Անցան ու անշարժ մնացին`
Հանց մրրկավեր դաշտը ծլած,
Ուր տատասկ ու վարդ շաղեցին
Փերիները հողմահալած:
Մեխված անխախտ մեր տան շեմին՝
Միապարգև` հանց ճառագայթ,
Գուցե հասնեմ իմ երամին,
Գուցե երկնքում էլ մնամ:
Ինձ շոշափիր չեղյալ ժամին,
Սփոփանքներ հեղիր վրաս.
Ինքն իր վրա թող հողն առնի
Պատվիրաններն հավերժության:
ԱՆԱԿՆԿԱԼՀԱՆԴԻՊՈՒՄ
Նորից ճմլվեց վերքս խորաբաց,
Ես քո դեմ ելա` հանց քո ոչ-ոքին,
Ա՜խ, կյանքս ծովի ընդերքում շողաց,
Անապատացավ հավելյալ հոգիս:
Նորից ուրացար…
աստղս կուլ գնաց,
Ձայնս չլսված` մթնում քարայրվեց,
Երգս ագռավի զարդը միշտ մնաց,
Դու անսրբացար,
ուրացար հավերժ:
ՔԱՌԱՏՈՂԵՐ
***
Իմ աչքից ելնում՝
Աչքդ համբուրում,
Անմահ սիրով է
Լույսն հարատևում:
***
Սուրբ Սարիս տակից
Իմ Սարը տարան,
Հավերժացավը
Իմ հոգում մնաց:
***
Համբերությունն էլ
Համբերանք ունի.
Թե չափը անցնես,
Իր հետ կթաղի:
***
Ասեղներով ծակծկեցին,
Աստղաթելով կարկատեցի,
Վերջին շապիկս հանեցին,
Ցավից կարծր ես շողացի:
***
Կրծքիս վարդախոցը ծաղկած՝
Տանում էին անվերադարձ՝
Ականջիս տակ քչփչալով.
– Դեռ վերջը չի, կդիմանա՜…
***
Ցավի հետևից
Պատը չի գնա,
Միայնակ քարը
Պատին չի մնա:
***
Աստված իմ, Աստված,
Մայրիկս չկա՜…
Ուրեմն Աստված
Չկա՜ ու չկա՜…
***
Գրի ծովերում շատ մոլորվեցի,
Անհույս ճգնեցի, որ երգն ինձ փրկի.
Ինձ հողմ ու մեգով գրից ջնջեցին,
Ես հողմ ու ծովի խորքից ժայթքեցի:
***
Մենությունը՝ ամենակույր,
Հետևում էր ինձ ամենուր,
Մի մատանի դրի մատին,
Հիմա աչքիս մեջ է ապրում:
***
Ես՝ անհունորեն մերկ ու մեկուսի,
Խորին հեծությամբ կյանքս մաշեցի,
Նա ինչո՞վ էր այդ լրացնում այնքան,
Որ դատարկ ծովը լիքը պահանջի:
***
Ես չէի տեսնում, ես չէի լսում,
Խնդագին ճիչով քաջք էին ցնծում,
Լացը չէր կտրում օրոցքս դատարկ,
Քար-օվկիանոսում ճիչն ո՞վ է լսում:
***
Ով դու խոսքի անծայր գերան,
Կապանք չունես, կապ ի բերան,
Բամբասանքի մեղր ես քաշած,
Հազար-հազար դավի մերան:
***
Ես՝ պարտավոր, ես՝ պարտական,
Նա միշտ անբավ, չար ու անկամ.
Գիտե՞ք, թե ի՞նչ էի արել՝
Գերեզմանը չէի փորել…
***
Ատամներս միշտ հաշվեցին,
Հոգիս բերանս հասցրին.
Հիվանդ, անբուժելին թողած՝
Առողջ իմ կյանքը… քաշեցին: