Մուշեղ Գալշոյանի  մարգարեությունը

1960-ականների կեսերն էին (65 կամ 66 թվականը)։ Մուշեղ Գալշոյանը եկել էր Սյունիք` որպես «Ավանգարդ» թերթի աշխատակից։ Շրջեց Սյունիքով, եղավ գյուղատնտեսական նշանակության մի շարք օբյեկտներում ու կազմակերպություններում և մի ակնարկ գրեց։ Նախ այցելել էր Սիսիան, հետո եկավ Գորիս, ուր շատ կարճ մնաց՝ այն հաշվարկով, որ Կապանից ու Մեղրիից հետո կվերադառա Գորիս ու կանդրադառնա շրջանի գյուղատնտեսությանը։

Երբ Երևան ուղևորվելու համար Մեղրիից եկավ Գորիս, նստեցինք հայավարի, խոսեցինք երկար։ Հետո դատիս ներկայացրեց ակնարկը։ Կարդացի նրա սևեռուն հայացքի ներքո։ Երբ վերջացրի ընթերցումս, բարի ժպիտով ողողուն դեմքին կարդացի «դե՞, ի՞նչ կասես» հարցը, որ կարող էր տալ մեզանից յուրաքանչյուրը մյուսին՝ որպես հին գրչընկեր։ Ասացի.

– Մուշեղ ջան, սա քո լավագույն գործը չէ, քո գրչի համար սա միջակության պես մի բան է, ի՜նչ թաքցնեմ, բացառությամբ՝ մի պարբերության։

– Եվ ո՞րն է այդ պարբերությունը,- ներողամիտ ժպտաց Մուշեղը։

Ու ես կարդացի. «Ընդամենը մի քանի տարի է, որ այստեղ է (արդեն չեմ հիշում, թե դա Սիսիանի շրջանի որ գյուղն էր- Ս. Թ.) հիմնավորվել Լաչինի շրջանից եկած ադրբեջանցի հովիվ այսինչը, ով կոլտնտեսության հովիվն է։ Նրա հինգ երեխաները ծնվել են այստեղ։ Նա ասում է, որ շատ գոհ է, ավելին, շուտով այստեղ բնակվելու կգա նաև հորեղբոր որդին, ով նույնպես հովիվ է»։

– Ա՛յ, հենց այդ պարբերության համար էլ գրել եմ այս ակնարկը, Սերոբ ջան, վայ թե ապագայի մի օր դա լուրջ խնդիր դառնա,- պարզաբանեց Մուշեղ Գալշոյանը։

Սերոբ ԹՈԽՈՒՆՑ

ԽՍՀՄ ժուռնալիստների
միության անդամ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։