Լիպարիտ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՏՐԻՈԼԵՏՆԵՐ
***
Երկու տրիոլետ՝ Կոմիտասին

Ես Կոմիտասի երգերն եմ սիրում,
Որ հողեղեն են, Սեր են հողաբույր
Եվ հավերժ պիտի հնչեն ամենուր.
Ես Կոմիտասի երգերն եմ սիրում…
Դրանք իմ հոգուն հանգիստ են բերում
Սուրբ աղոթքի պես շրթերին իմ լուռ.
Ես Կոմիտասի երգերն եմ սիրում,
Որ հողեղեն են, Սեր են հողաբույր…

***
Նա մեծ էր ծնվել Արարչի կամքով,
Որբ էր, բայց դարձավ զավակը ազգի,
Նա Սուրբ խաչ ուներ իր մտքի բազկին.
Նա մեծ էր ծնվել Արարչի կամքով…
Աշխարհ եկավ, որ իր հզոր ձիրքով
Մաքրի ակունքը մեր հայոց երգի…
Նա մեծ էր ծնվել Արարչի կամքով,
Որբ էր, բայց դարձավ զավակը ազգի…

***
Աշունն իր ոսկե թևերն է փռել
Սար ու ձորերում, այգիներում ճոխ,
Ինչ գեղեցին ես, հայրենի՛ իմ հող.
Աշունն իր ոսկե թևերն է փռել…
Սիրտս երգում է, չի կարող լռել
Հայաստան երկրում իմ արևաշող…
Աշունն իր ոսկե թևերն է փռել
Սար ու ձորերում, այգիներում ճոխ…

***
Մարդ արարելու համար է ծնվել,
Փուչ ապրած կյանքը ո՞ւմ է հարկավոր,
Աշխատի՛ր, տքնի՛ր դու գիշեր ու զօր.
Մարդ արարելու համար է ծնվել…
Արարիչը քեզ աշխարհ է բերել,
Որ դառնաս բարի գործերի զինվոր.
Մարդ արարելու համար է ծնվել,
Փուչ ապրած կյանքը ո՞ւմ է հարկավոր…

***
Քո հողն ու ջուրն են Բալասանը քո,
Ուրիշ տեղ դեղ ու դարման մի՛ փնտրիր,
Այդ շատ վաղուց է աշխարհին հայտնի.
Քո հողն ու ջուրն են Բալասանը քո։
Փո՛ւշ էլ մի քաղիր օտարի ձեռքով,
Նորից քո սիրտը նա կարյունոտի.
Քո հողն ու ջուրն են Բալասանը քո,
Ուրիշ տեղ դեղ ու դարման մի՛ փնտրիր…

***
Երջանկությունը՝ արևի մի շող,
Վայելել է պետք ամեն ակնթարթ.
Մարդ պիտի ապրի ազնիվ ու հպարտ,
Երջանկությունը՝ արևի մի շող…
Եթե տուն ունես ու հայրենի հող,
Քոնն է աշխարհը՝ շքեղ մի պալատ.
Երջանկությունը՝ արևի մի շող,
Վայելել է պետք ամեն ակնթարթ…

***
Մարդի՛կ, հողի հետ դուք կռի՛վ տվեք,
Որ բարիքը՝ ծով, բերքն առատ լինի,
Որ ձեր սեղանին շողա ալ գինին,
Մարդի՛կ, հողի հետ դուք կռի՛վ տվեք…
Ձեզ աշխատանքի՛ն միայն նվիրեք,
Բարեկամության, Սիրուն ու Տոնին.
Մարդի՛կ, հողի հետ դուք կռի՛վ տվեք,
Որ բարիքը՝ ծով, բերքն առատ լինի…
***
Ոչ մի մարդ չկա աշխարհում անմեղ,
Բոլորս մեղքի մեր բաժինն ունենք,
Մեր ցավը պիտի մեր մեջ որոնենք.
Ոչ մի մարդ չկա աշխարհում անմեղ…
Ոտքի է ելել ամեն ազգ ու ցեղ,
Ոտքի է ելել Սադայելը նենգ.
Ոչ մի մարդ չկա աշխարհում անմեղ,
Բոլորս մեղքի մեր բաժինն ունենք…

***
Ես ինձ համար եմ երգերս գրում,
Եթե ուզում եք, դուք էլ կարդացեք,
Գուցե ձեզ համար նոր աշխա՞րհ բացեք.
Ես ինձ համար եմ երգերս գրում…
Իմ տառապանքի լուռ գիշերներում,
Դեղահաբեր են դրանք, հիշեցե՛ք…
Ես ինձ համար եմ երգերս գրում,
Եթե ուզում եք, դուք էլ կարդացեք…

ՔԱՌՅԱԿՆԵՐ
***
Կյանքը մի օր հասնելու է ավարտին,
Մարելու են կրակները քո սրտի,
Մնալու են լոկ թղթերին պահ տված
Երգերդ ջերմ՝ ծնված անհուն կարոտից…

***
Պարտքը վատ է, շա՜տ է վատ,
Եթե մարդ ես դու հպարտ,
Եվ հատկապես, իմացե՛ք,
Երբ Ազգիդ ես մնում պարտք…

***
Ջուրդ խմի՛ր ակունքից,
Երբեք չիջնես դու ծունկի,
Մի նոր աչքով ես նայում
Կյանքին՝ կյանքիդ բարձունքից։

***
Կյանքն օջախ է հոգսաշատ,
Պետք է ապրել անվհատ,
Հիշել, որ իր դարդն ունի
Այս աշխարհում ամեն մարդ։

***
Էլ քեզ իզուր մի՛ տանջիր,
Բախտ ասածը մեծ բան չի,
Սիրի՛ր աշխարհն ու մարդկանց՝
Խորունկ Սիրով Արարչի…

***
Գետ ես՝ քո հո՛ւնն ունեցիր,
Հավք ես՝ քո բո՛ւյնն ունեցիր,
Ապուպապիդ հին հողում
Քո խրճիթ-տո՛ւնն ունեցիր…

***
Ամեն պոետ իր նոր գիրն է ունենում,
Սիրո աղբյուրն իր հույզերի, ներշնչման,
Ավետյաց հողն ու Երկիրն է ունենում՝
Իր անկրկնելի, թանկ ու միակ մոր նման…

ԵՐԿՏՈՂԵՐ
***
Մարդուն չեն թողնի, որ խաղաղ մնա
Նրա մեջ ապրող դևն ու սատանան…

***
Սրբությունները Սիրո, Հավատի՝
Ակունք են առնում մայրական կաթից…

***
Դժվար է, իրավ, գործը պոետի՝
Եթե իսկապես թարգմանն է սրտի…

***
Խղճիդ հետ երբեք առևտուր չանես,
Քո բաժին բեռը դո՛ւ պիտի տանես…

***
Թումանյանին եմ հիշում ամեն պահ.
Ամեն ինչ սո՜ւտ է, լոկ գործն է անմահ…

***
Սերը սրբազան կրակ է անմար՝
Օջախը միշտ տաք պահելու համար…
ՈՒԹՆՅԱԿՆԵՐ
***
Աշխարհում ամեն մի մարդ
Պետք է իր տեղում լինի,
Այն զորքն է լինում անհաղթ,
Ում հոգին սիրով է լի…
Այն զինվորն է զորավոր,
Ով իր հողն է պաշտպանում,
Պատիվը իր հոր ու մոր՝
Հաղթանակ նա է տանում…

***
Ահավոր է, երբ թշնամիդ դաժան,
Աննկատ է և անտեսանելի,
Եվ դու նրա դեմ չունես զենք, զրահ,
Թեկուզ հզոր ես զորքով ավելի։
Թեկուզ կարող ես ճզմել ոտքիդ տակ,
Եթե դեմ առ դեմ նրան հանդիպես,
Սակայն որպես դև, անտես սատանա,
Թիկունքից հիմա հարվածում է քեզ…

***
Ես Քեզ եմ, Աստվա՛ծ, դիմում վերստին,
Էլի Դու կուղղես սխալը մարդկանց,
Չէ՞ որ արյունդ դարձրած գինի,
Մարմինդ նրանց համար արիր հաց…
Խաչվեցիր նրանց մեղքերի համար,
Հարություն առար նորից, ո՛վ Անմեղ,
Որ Արև դառած՝ հավերժ ու անմար,
Օգնության հասնես նրանց ամեն տեղ…

***
Նույն ցավի մեջ է աշխարհը այսօր,
Նույն հոգսով ապրող մի մեծ ընտանիք,
Որտեղի՞ց ծնվեց այս աղետը նոր,
Որ չի ճանաչում ո՛չ ազգ, ո՛չ տարիք։
Օղակի մեջ է Երկրագունդն առել,
Անկուշտ մարդակեր հրեշի նման.
Ուզում է ասես ամեն ինչ խժռել,
Որ նոր հանգիստ իր Դժոխքը գնա…

***
Մենք պիտի գնանք, սակայն ողջունեք
Գալիքը նրանց՝ ծաղկանց նորաբույս,
Որ հոգիներում Արևներ ունեն,
Հաղթանակների նոր հավատ ու հույս։
Մենք պիտի գնանք հենց ա՛յդ հավատով՝
Նրանց բաշխելով հուրը մեր սրտի,
Որ վաղը, թեկուզ տարիներ հետո,
Պիտի տեր դառնանք մեր Արարատին…

***
Վերջին երգն ես այս պահին տալիս թղթին
Խաղողի վերջին ողկույզների պես,
Վերջին խոհերը քո հոգնած սրտի,
Որ հավատարիմ ծառայել է քեզ…
Ուրիշ է վերջին Սերը արթնացող,
Ուրիշ են վերջին տողերը երգի,
Որ զուլալվում է ոնց արցունքի ցող,
Իր մեջ խորհուրդը քո ապրած կյանքի…

Հողապաշտ էիր
Հողապաշտ էիր դու մանուկ օրից,
Ծառ ու թփերի սրտակից ընկեր,
Ջուր հասցնողը ծարավ հնձվորին,
Որ շոգի ձեռից կրակն էր ընկել…
Ով աչքը ճամփին սպասում էր քեզ՝
Իր հին գերանդին հաճախ սրելով.
Դու խրձեր էիր կապում ոսկեգես՝
Քրտնած ճակատդ հովին պարզելով։
Հողապաշտ էիր դու մանուկ օրից,
Հողի սիրով էր օրդ լուսանում.
Գառնարած էիր, տավարած էիր,
Հայրդ քեզնով էր միշտ հպարտանում…
Հողապաշտ էիր, հողվորի որդի,
Գիտեիր՝ ոնց է արարվում հացը,
Գիտեիր ճամփան և Փամբակ գետի,
Եվ ճերմակահեր հին ջրաղացը,
Որ գիշեր ու զօր իր միապաղաղ
Երգն էր ֆշշում խուլ.- Ինձ չմոռանա՜ք,
Ով ցորեն ունի, բերե՛ք, որ աղամ,
Ալյուր դարձնեմ, որ հաց ունենաք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։