Ռոբերտ ԵՍԱՅԱՆ / ՀԱՅՐԵՆԱԿՈՉ

 
1.ՆԵՐՇՆՉԱՆՔԻ ԴՈՒՌ
տողերս որպես դատարկ
պատվանդան
ինչ էլ որ ասեն կիսատ ու թերի-
այն ներշնչանքը էլ ետ չեն բերի
որ կյանք պարգևեց
ստեղծագործաբար
երբ բևեռների միջև իմ հոգու
հրեշտակները սլանում էին
գլորելով պերճ ստվերիս գորգին
երկնակամարի արցունքն ահարկու

ո՞ւմ ուսերին է հավքը իջնելու
ո՞վ է դառնալու ոգու առապար
կարմիր տեռորի և բանտի միջև
վերսկսվո՜ւմ է դիվային մի պար
և բազմանում են բեմերը նեռի
հեղեղի դիմաց այս մերկ խավարի
երկաթն է սրվում որպես
գործող միտք
և դիմակները- ո՛ւժ առաջատար

ու կծկվո՞ւմ է պատմության հսկան
օ՜ սերունդները պետք է չիմանան
ի՛նչ է դիմագիծ երակ կամ մկան
խղճի ամբարտակն ո՞ւմ է հարկավոր
երբ բազմանում են բեմերը նեռի
հեղեղի դիմաց այս մեղկ խավարի
պատիվ հայրենիք հայացք հոգևոր
կջնջվե՞ն իսպառ խորքից աշխարհի

մի՞թե հիշատակն արիական Ազգի
որ անապատն է ճեղքել Եղեռնի
պիտի այս հոսող ավազին բազմի
կամ մոլագարի փրփուրից հառնի
մի՞թե անունը շերտ է բաբախող
որ ամեն ստահակ կարող է քերել
իր պիղծ արյունով գրել ինչ-որ տող
և այդ ամենը ասպարեզ բերել

ու սկուտեղի վրա մատուցել
հոգևորն իբրև միջո՜ց փրկության
և ուզում է դեռ մի նոր դո՞ւռ բացել-
որպես լաթ ընկած
շեմին պատմության
ինքնաբավ եսի սահմանը անցել
գոյատևո՜ւմ է որպես իշխող ձայն-
ամեն դժգույն կետ դառնում է
նոր դիրք
իսկ Երկիրը այս պտտահո՜ղմ Տենդի

սպիտակ էջ չէ պատմությունն հայոց
ո՛չ էլ մեր ոգին- հիշողության դուռ
իսկ ճանապարհը մոմի պես հալվող
խոստովանանք չէ այլ զինվորի թո՛ւր
որ համբերության կայծքարով սրել
և փոխանցում ենք սերնդեսերունդ-
Հայի բացճակատ ընթացքը տիրում
ու զորանո՜ւմ է որոգայթներում

ոսոխի տենչը-քեզ պաշարելով
մշակութային դեմքդ քերելն է
լեռներիդ միջև պատնեշ շարելով
տիրական ու նենգ արտաշնչելն է
դժվարն իհարկե հաղթահարելն է
ներքին Որոգայթն ու ընթացքը շեղ
երբ անդաստանիդ բունը դարավոր
հանդգնում են քո ձեռքերով տաշել

2. ՇՐՋԱՊՏՈՒՅՏ
ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ԾԻՐԻ

քո ճանապարհի դեմքը կուլ գնում
հառնում է աստղիդ ոգորումներից
երբ շրջանցում ես տենչի փակուղին
քո ճանապարհի դեմքը կուլ գնում
հառնում է աստղիդ ոգորումներից

անխոնջ մշակի անուն ես հանում
ծագող լուսայգով անհայտ հերկերի
հասնում ես ոգու բազում ելքերին
անխոնջ մշակի անուն ես հանում
ծագող լուսայգով անհայտ հերկերի

անաշխարհ բառի լուսացող դեմքն է
ամեն անգամ քեզ փրկում վիհերից
երբ նրա լույսից ծնվում է նոր տող-
անաշխարհ բառի լուսացող դեմքն է
ամեն անգամ քեզ փրկում վիհերից

բացահայտում եք դուք սերը հաղթող
և դիմավորում օրը աստղերից
երբ նրա լույսից ծնվում է նոր տող-
բացահայտում եք դուք սերը հաղթող
և դիմավորում օրը աստղերից

ոտնահետքերից քո հիշողության
կբուսնի մի օր հավերժությունը
որպես մանուշակ կբուրի հունը
ոտնահետքերից քո հիշողության
կբուսնի մի օր հավերժությունը

դիմավորելու կգնա սակայն
նրան (այս անգամ) քո ճանապարհը
կհառնի տողից աստղերի աղը
դիմավորելու կգնա սակայն
նրան (այս անգամ) քո ճանապարհը

անհայտության սյունին ճոճվող
դրոշ չէ քո ճանապարհը
զորակցո՞ւմ են պատրանքները
անհայտության սյունին ճոճվող
դրոշ չէ քո ճանապարհը

Անսահմանի ճյուղից բուսնող
խնդությո՜ւն է բողբոջների
ճանապարհդ-լույս թևերի
Անսահմանի ճյուղից բուսնող
խնդությո՜ւն է բողբոջների

մեկուսարան մի ինքնության
տանում ես դու դռներից դուռ
ընդունարան տարածության-
աղետաբե՜ր լույսերի քուն
տանում ես դու դռներից դուռ

աներևույթ դռներ բացող
մի թմբուկ է քո հայացքը
քո հայացքը մի թմբուկ է
ձեռքերի տակ ժամանակի
նվագները սին բեռնակիր
տանում են մեզ լոկ փակուղի
քո հայացքը մի թմբուկ է
ոչ թե ակունք ճառագումի

երբ շողերդ-երկսայրի սուր
ճանկերում քո խրոխտ Արծվի
վեր են հանում տենչերի սյուն-
հավերժական Պայքարի ծիր

3.ՊԱՏԳԱՄ
Ազգ իմ քո բախտը կռիր քո՛ ձեռքով
բանալու անցք չէ ճանապարհը քո
ո՛չ էլ լուսանցք է ահեղ պատմության
այլ թուր է ռազմի ու զորահանդես
քոնը այնքան է ինչքան որ հատես
Ազգ իմ քո բախտը կռիր քո ձեռքով

Քեզ բաժան-բաժան արեց թշնամին
բայց չկոտրվեց ոգիդ արիական
հարվածից առաջ- տրոհեց սակավ
դիրքդ հոգևոր որ վխտի քամին
ավերակներում օջախում անգամ
քեզ բաժան-բաժան արեց թշնամին

Ազգ իմ քո բախտը կռիր քո՛ ձեռքով
հարատևելու չկա այլ դարպաս
բերդդ հանձնելով- դարեր կզղջա՜ս
երերուն վարքով- միայն զո՜հ կտաս
հարվածի՛ր զենքով գրոհի՛ր երգով
ազգ իմ քո բախտը կռիր քո՛ ձեռքով

4.ԱՎԵՏԻՍ
կորչում ես դու և կուլ գնում
վանդակներում տեսողության
պտտահողմում անհայտության
կորչում ես դու և կուլ գնում
ինքդ քո մեջ անհետանում
որոնում ես փրկարար ձայն
կորչում ես դու և կուլ գնում
վանդակներում տեսողության

քո տողերը պատվանդան չեն
ո՛չ էլ երակ կուռքի համար
մղում են մի պայքար համառ
քո տողերը պատվանդան չեն
ժամանակը վայրահա՛չ է
դո՜ւ ես բերում հոգու ամառ
քո տողերը պատվանդան չեն
ո՛չ էլ երակ կուռքի համար

կուռքերի այս գերեզմանում
իրարանցում մի արտառոց
կարծես թե մոմ չկա վառող
կուռքերի այս գերեզմանում
ամեն մեկն իր թելն է մանում
օժիտնե՜րն են դեռ ըսպառում
իրարանցում մի արտառոց
կուռքերի այս գերեզմանում

ազատ հոգի և ազատ խոսք-
դա էլ է մի լաբիրինթոս
ո՞ւր է մուտքը ելքը ո՞ւր է
առաջնորդող ոգին կո՜ւյր է
Աստվածային ուժդ երկիր
լեզո՜ւն է իմ մեսրոպատառ
բանակներիդ հզոր երթին
զորավիգ է ամեն մի տառ

եթե բառդ բանտախուց է
ազատություն քեզ ո՞վ կտա-
ինքնամարտ չէ աննպատակ
ո՛չ էլ պայքար մի անհասցե-
պիտի լուծես մեղքակուտակ
խնդիրները ներս ու դրսի
աշխարհային փորձը վկա-
մնացածը պատրանք է սին

Եկեղեցու ղողանջը սուրբ
Ավետի՜սն է մեր հայատառ
վկայողը- խաչքար ու բառ
Եկեղեցու ղողանջը սուրբ
կանհետանան մոգերը սուտ
կօրհնես հա՜ցը մեր հայրաբար
Եկեղեցու ղողանջը սուրբ
Ավետի՜սն է մեր հայատառ

արարում ես ոգեղեն գիր
ջուր ես ըմպում ակից մի այլ
աղ ու հաց ես առնում հիմա
քարե ափից ժամանակի
պոե՛տ ես դու և առաքյալ
արարում ես ոգեղեն գիր
կյանքդ ապրում աղոթելով
վճարում ես և՛ արյան գին

հրեշտակի թևից բխող
ներաշխարհ ես ընծայում մեզ-
բախտի խնձոր մի արնածոր
օ՜ պատմական մեր սկուտեղ
որով քանի՜ կյանք մատուցել
քանի՜ քաղաք ու սրբատեղ-
այնքան նեռը վայրենացել
դարձել է բի՛րտ ու անընտել

թեկուզ լա՜վ էր յուրացրել
Նեռի դասը եղերական-
խուժում էին ագռավ ու ցին
անդաստանը մեր անպաշտպան
մարտնչելու տենչը սակայն
չէ՜ր տոգորում փոքր նեռին-
թե չլիներ ներխուժումը
ահաբեկիչ ոհմակների

ժամանակն է բռունցքվելու
և դա՛ս տալու անհագ նեռին
Ավարայրից տոգորվելու
և լսելու ձայնը Վերին-
արիական Ազգ իմ զարկի՛ր
Արցախ-Սյունիք բռունցքներով
մղվի՛ր Ոգուդ պարիսպներից
Ավետյա՜ցը ետ բերելով

իմ հայացքի լուսանցքներում
ճանապարհն է եռում հույսի
բառի զորեղ դուռ բացելու
կանչն է գերում ներս ու դրսից
երազանքիս տաք սալերին
նվագնե՜ր են թմբկահարում
անձրևները աստեղային-
կարոտներս մոտ ու հեռու

և ես լույսի բո՜ւյրն եմ առնում
քղանցքներից ճանապարհի
վերելքների շունչն է հառնում
թռիչքներից արծիվների
նոր երկինք եմ բացում ոգու
շնչառության ելևէջում-
գարնանատենչ սրտիս խորքում
Գեղեցիկի վա՜ղն է շնչում

հիշողության անդաստանից
իմ ինքնության դեմքը հանում
վարանումներն ինձնից վանում
դառնում եմ տենչն Հայաստանի
Նաիրական մի երկիր է
հառնում արյան կաթիլներից
ուր մեր ազատ ոգին տիրում
ըմբոշխնում է Կաթնծիրից

25.06.2021թ.-14.07.2021թ., Գյումրի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։