ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ
Լույսը դարձավ բանաստեղծություն,
Եվ բանաստեղծությունն ավելի գեղեցիկ էր,
Քան լույսը:
Թռչունը դարձավ բանաստեղծություն,
Եվ բանաստեղծությունն ավելի գեղեցիկ էր,
Քան թռչունը:
Սերը դարձավ բանաստեղծություն,
Եվ բանաստեղծությունն ավելի գեղեցիկ էր,
Քան սերը:
Մահը դարձավ բանաստեղծություն,
Եվ լույսը, թռչունը, սերը
Այնքան գեղեցիկ էին,
Ինչքան բանաստեղծությունը…
ԹԱԳԱԴՐՈՒՄ
Ինձ որդեգրեց գարունը մի օր
Եվ թագադրեց Անձրևի կաթիլ,
Լցրեց բույրերով, սերմերով լցրեց,
Կախ տվեց ամպի կողերի մեջ սև
Եվ շինականի հույսի մեջ լցրեց:
Ես թափվում էի շիթերով թել-թել,
Բարձրանում նորից խորքը ամպերի.
Այս ի՞նչ ցնորք էր կատարվում ինձ հետ,
Ես հավերժական մի ճամփորդ էի:
Ինձ որդեգրեց հողը ամայի,
Քարերը դարձան ինձ քույր ու եղբայր,
Ծաղիկներն այնպես խենթացել էին
Եվ հողագործն էր անգամ խենթացած:
Մի օր էլ, ե՞րբ էր, չգիտեմ հաստատ,
Հորդառատ էի, վարարուն այնքան,
Ինքս իմ կաթիլում խամ լողորդի պես
Խեղդվեցի, հետո լուռ անէացա:
Ինձ որդեգրեցին ծաղիկը, քարը,
Մարդը, թռչունը, անգամ վայրի ձին,
Թագադրեցին Արցունքի կաթիլ
Եվ գլորեցին իրենց աչքերից:
ԱՂԵՐՍ ԾՈՎԻՆ
Ծո՜վ, դու կվերադառնաս
Հուլիսյան մի առավոտ՝
Կնոջ պատկերով:
Քո թափանցիկ ջրերը կլցվեն
Հին քաղաքի դարպասներից ներս,
Եվ մարդկանց փոշոտ դեմքերին
Կծլարձակի մկրտության խորհուրդը:
Ծո՜վ, ա՛ռ ինձ քո ջրերի մեջ,
Դարձրո՛ւ ձուկ,
Դարձրո՛ւ լռության խորհրդին ունկնդիր,
Զի միայն քո մեջ է հնչում
Երկնավորի ձայնը երանելի՝
Ջուր էիր և ջո՛ւր դարձիր վերստին:
ՈՐՊԵՍ ԳԱՐՈՒՆ
Բոլորը խոսում են կործանումից,
Իսկ բարդու գագաթի հետ
Համբուրվում են ամպերը:
Ծառի ամենաքնքուշ ճյուղին
Ճնճղուկը բույն է հյուսել:
Նրա ջերմությունից
Ամպն ու ծառը
Զարդարվում են երազանքներով:
Գարունը խենթանում է
Եվ ծառի, ամպի
Ու ճնճղուկի
Հյուսած բնի մասին
Պատմում ամենքին:
Ու տարվա մնացած եղանակները
Ճնճղուկի նախշուն ձվերի տեսքով
Հայտնվում են բարդու
Ամենաքնքուշ ճյուղին,
Որ հետո այնտեղից թռչեն՝
Որպես գարուն…
ՌՈՄԻԿԻՆ
Ռո՜մ, առանց քեզ
Քաղաքն այս հին, այս նոր
Ո՜չ Հռոմ է, ո՜չ Կապան
Ու ոչ էլ՝ Լոր:
Ռո՜մ, առանց քեզ
Այսպես խորհրդավոր
Ո՞վ կարող է խմել
Գինի, օղի կամ ռոմ:
Ռո՜մ, ոտքի, ա՜յ Ռոմ,
Փամփուշտի դեմ,
Այն փամփուշտի,
Որ Հռոմից առաջ,
Որ Հռոմից հետո
Արձակված էր սրտիդ,
Գուցե հոգուդ՝
Հռոմից-Ռոմ:
ԼԵՌՆԵՐԻ ՎՐԱ ԾԱՂԻԿ ԷՐ ԻՋՆՈՒՄ
Լեռների վրա ծաղիկ էր իջնում
Առավոտ ծեգին,
Իսկ թռչունները զարմանում էին
Երկինքների մեջ:
Քամիները տաք նվագներ էին
Ջրերի վրա,
Ուր ձկներն ասես
Թռչուններին կեր
Երբեք չեն դառնում:
Ժամանակն ասես
Քարացել էր ծեր
Ճամփորդի դեմքին,
Որի սեպագիր ծալքերի խորքը
Ոչ մի իմաստուն
Դեռ չէր վերծանել:
Նա լուռ քայլում էր
Ծաղկած լեռներով,
Եվ ժամանակի ձևերը երեք
Խոնարհվում էին նրա ոտքերի
Եվ ծաղիկների անտես արանքում:
ՁԿԱՆ ՊԱՏԿԵՐՈՎ
Ես քո պատկերն եմ հանում ջրերից՝
Ձկների տեսքով:
Ծառը մրգից զատ
Պտղավորվում է թռչնի պատկերով:
Նրանք երգից զատ
Արտասվել գիտեն անձրև ժամանակ.
Ձկան աչքերով, ձկան մարմնով,
Չէ՞ որ ջրից դուրս
Ձուկն արտասվում է նաև մարմնով:
Իսկ քո պատկերով
Աշունն է կաթում ծառի աչքերից,
Ու խեղդվող ձուկը
Լողում է ծառի արմատների մեջ:
Ծաղկում է ծառը ձմեռվա կեսին
Եվ պտղավորվում ձկան պատկերով:
ԱՇՆԱՆԸ ՀԱՐՑՐԻ
– Ի՞նչ է աշունը,- հարցրի քամուն,
Ասաց՝ սպասի՛ր, հետ կգամ, կասեմ:
– Ի՞նչ է աշունը,- հարցրի ամպին,
Ասաց՝ քամու հետ հետ կգանք, կասենք:
Աշնանը հարցրի՝ ի՞նչ է աշունը,
Ասաց՝ քամի է, ամպ է,
Բայց չասես,
Որ իրենց սիրուց,
Ա՜խ, իրենց սիրուց
Տերևաթափվել,
Մաշվել եմ այսպես:
ԽՈՏԻ ԱՐՅՈՒՆԸ ԿԱՆԱՉ ՉԷ ԲՆԱՎ
Խոտի արյունը կանաչ չէ բնավ,
Խոտի սերմերը չեն ընկնում հողին.
Տարածության մեջ ամայի, խոնավ
Գծում եմ, Եվա՛, հետդարձիդ ուղին:
Աստվա՜ծ, որտեղի՞ց ես այստեղ ընկա,
Որտե՞ղ դրեցի գլուխս խելառ,
Ժամանակների երկինքը վկա,
Մի պուտ արյուն եմ՝ գունատ ու տկար:
Ես շաղախված եմ կավածեփ պատին,
Խոտի սերմերը ծեփի մեջ ընկան,
Ո՞վ իմ կավահոտ կողը կհատի,
Պառավ Եվային կտա ինձ ընծա:
Բայց թե արյունս կանաչ չէ բնավ,
Խոտի սերմերը չեն ընկնում հողին.
Ամայության մեջ ինձ թողե՛ք մենակ,
Մի հավերժություն նայեմ իմ կողին:
ԵՐԳ՝ ԳՐՎԱԾ ՏԵՐԵՎԻ ՎՐԱ
Աշնան ծառի վրա թառած
Բախտ կա դեղնագույն,
Գնամ, գտնեմ լույսը վառած
Հին մահվան հանգույն:
Գնամ, գտնեմ ու բաժանեմ
Բախտը ամենքին,
Ծառի ճյուղից ժպիտ հանեմ
Շաղ տամ ամենտի:
Քո բաժին մահն արդեն վաղուց
Ընկել է վրաս,
Ու այդ տերև-սպեղանուց
Տվել եմ նրան:
Հիմա աշնան ծառի վրա
Ծիծաղս է ծաղկել,
Ու տերևին՝ բոց ու կրակ
Քեզ է քանդակել:
ԵՍ ՆԱՅՈՒՄ ԵՄ ԳԱՐՆԱՆ ԱՉՔԵՐԻՆ
Ես նայում եմ գարնան աչքերին
Եվ մեռնում 10 անգամ,
Երբ 10 սարյակի փոխարեն
10 դագաղի կափարիչ է լողում
Երևանյան կապույտ երկնքում:
Երբ լույսը 10 անգամ մոլորվել է
Ծիծեռնակաբերդի ճանապարհին:
Գարունը գլխատեցին.
Սկզբում թուրքը, հետո՝ հայը:
Ավելի ուշ կարձանագրվի՝
Սկզբում՝ հայը,
Որովհետև գարունը սկսվում է
Մարտի 1-ից,
Երբ դատարկ կափարիչները լողում են
Ծիծեռնակաբերդի կապույտ երկնքում,
Երբ միլիոն
ու կեսը ողբում է 10-ին,
Նահատակված միլիոն ու կեսը,
Ոչ թե ճարահատ մնացողն
Ու ստիպված գնացողը:
Երբ կափարիչները տապաններ են
Ու միլիոն ու կեսին
Ջրհեղեղի ժամանակ տեղափոխում են
Լեռան վիհերը՝
Փոխարինելու հոգնած արալեզներին…
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մշեցի Հարություն պապիս
Ահա քո բաժին 15-ը,
Որ քեզ բերեց ջրից այս կողմ:
Ահա քո բաժին հացը,
Որի հողի մեջ արյուն է.
Ու ցորենի մեջ է արյուն,
Ու խմորի մեջ է արյուն:
Ահա քո բաժին ջուրը-արցունք.
Ահա քո բաժին աչքը.
Հառած 15-ի քո բաժին ջրին,
Ջրից հառնած Լեռանը,
Մի քանի տասնամյակ,
Մինչև 87-ը, երբ
Անցար ջրից այն կողմ,
Բարձրացար Լեռը, ավելի բարձր,
Ու տիրոջը հարցրիր՝
– Տե՛ր, դու ճանաչո՞ւմ ես Ցեղասպանությունը:
Ասաց,- սուս, մինչև մութն ընկնի, և ենիչերին քնի,
Այդժամ կպատասխանեմ:
ՔՈ ՊԱՏԿԵՐՈՎ
Ես հեռանում եմ այն ճանապարհով,
Որով դու պիտի վերադառնաս:
Ահա դաշտը,
Ահա լեռը,
Ահա երկինքը:
Երկինքը, ուր Աստված,
առօրյա գործերը թողած,
Արտասվում է:
Ի՜նչ զարմանալի է Աստծո արտասուքը,
Երբ կաթում է քո պատկերով,
Ի՜նչ զարմանալի է Աստծո ձայնը,
Երբ խոսում է քո լեզվով,
Ի՜նչ երանելի է երկինքը,
Ուր քայլերիդ արձագանքները
Ամեն ինչ դարձրել են լսողություն,
Ի՜նչ քնքուշ է Տիրոջ ձայնը
Քո անունն արտաբերելիս:
Եվ ի՜նչ պսպղուն են
Տիրոջ արցունքները,
Որոնք գլորվում են քո պատկերով
Ամպի վրա,
Ծառի վրա,
Դաշտի վրա:
Եվ ի՜նչ լուսավոր է այն ճանապարհը,
Որով դու շարունակ վերադառնում ես,
Իսկ ես՝ անընդհատ հեռանում :
ԻՄ ԵՐԿՐՈՒՄ ԵՍ ՊԱՆԴՈՒԽՏ ԷԻ
Իմ երկրում ես պանդուխտ էի.
Ինձ հալածում էին թափառական շները,
Նիհար կատուները,
Անգամ երկնքով անցնող թռչունները:
Չունեի ձեռնափայտ,
Ուր մնաց՝ անձրևանոց:
Անձրևի ճամփան բաց էր
Իմ բաց գլխին,
Որը զուրկ էր նույնիսկ
Այն բուսականությունից,
Որ կենդանուց բացի
Աճում էր նաև
Մարդու վրա:
Ինձ վրաերթի էին ենթարկում
Ինչ-որ անծանոթ իրեր,
Նույնիսկ՝ անտեսանելի միջատներ:
Իմ պատմությունը
Զզվանքի թեմա է դարձել
Արիստոկրատի համար.
Ծաղկավաճառն ինձ հայհոյում էր
Իր չաճեցրած ծաղիկների բույրն
Անվճար շնչելու համար:
Նա չգիտեր, որ ռունգերս
Խցանվել էին գարշահոտից,
Ու ես չվճարելու
Պատճառներ ունեի:
Չէի գնում, չէի վճարում.
Կարգավիճակս վավերացնող
Ոչ մի կազմակերպություն
Արտոնագիր չուներ:
Ոտնամաններ չունեի,
Գոնե հետք թողնելու
Փոշոտ մայթերին,
Նշանակում է՝ չէի էլ քայլում:
Մեկ-մեկ էլ նույնիսկ մտածում էի.
Ե՞ս եմ պանդուխտ,
Թե՞ այս սառը ապակիները,
Որոնց ետևում ոչ մի երեկո
Լամպեր չէին վառվում,
Որոնց տանիքների ծխնելույզները
Անձրևներն ու ձյուներն
Իջեցնում էին անգույն պատերի
Անկենդան մարմինների մեջ:
Ես քայլում էի, պատերը՝ կանգնած.
Պատերը չէին շփվում օդին,
Ոտնամաններս՝ գետնին,
Ապակիներն անլույս էին:
Ե՞ս եմ պանդուխտ,
Թե՞ այս քաղաքը.
Ո՞վ գիտե…