Մի 30 տարով մեծացանք… Իմ սերունդն ամեն ինչից քիչ-քիչ տեսավ… Կռվի օրերին Արցախից կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն է կապվել. «Էլֆի՛ք, քաջալերող խոսք ձայնագրիր, շուտ ուղարկիր: Արցախի հանրային ռադիոյով եթեր է գնալու. մարդիկ նկուղներում, թաքստոցներում, խրամատներում պետք է լսեն. ընդամենը 59 վայրկյան»:
Չի ստացվում, կեսից ձայնս դողում է, կոկորդս՝ սեղմվում: Նորից… ու այդպես` մի 30 րոպե: «Չէ՛, դու բանի պետք չես: Բա 25 տարի բեմում ես, ի՞նչ եղավ պրոֆեսիոնալիզմդ,- պախարակում եմ ինքս ինձ,- ամո՛թ քեզ»: Վերջում ինձ հավաքում եմ: Կարծես թե ստացվեց: Թեթևացած ուղարկում եմ: Կինոռեժիսորը շատ գոհ էր, բայց ես էի դեռ կարկամած: Նոր զգացողություն էր: Դա էլ անցավ: Թիկունքի համախմբված աշխատանքից հիացած էինք. դա էն բառը չէ. հպարտությունից սենտիմենտալ էինք դարձել: Ռեժիսոր Հարութը բազմիցս խնդրել էր՝ պիես գրի զինվորի մասին, քո՛ ոճն եմ ուզում՝ սատիրիկ-հուզական, սուր: Հայ դասական դերասանուհի Սիրանույշը՝ բեմի խելառ նվիրյալը, անգամ որդու դին դրած ժամանակ հայելու մոտով անցնելիս ուսումնասիրում էր՝ ինչպիսի տեսք ունի մայրն այդ հոգեվիճակում… Թիկունքից ամեն վայրկյանն օգտագործում էիր՝ օգնելու ինչով կարող ես… Չնչին բան… Իսկ մյուս կողմից էլ, պիեսը գրվում էր մեջս, քանի որ, զրուցելով իրական կերպարների հետ, գրելու նյութեր էի հավաքում: Չգիտեին, որ թաքուն գրի եմ առնում, թե չէ չէին ասի: Վստահում էին իրենց ամենանվիրական-ինտիմ հոգեվիճակ-մտորումները: Սյուժեն սյուրռեալիստական ստացվեց. ռեժիսորի աչքերը լցվեցին, խնդրեց՝ ընդհատեմ. «Չեմ կարող դա անել, չեմ դիմանա… Ժամանակ պետք է անցնի, վերքը թարմ է… Ընկերներ եմ կորցրել»: Ես էլ չգրեցի: Դա էլ անցավ: Դոկուդրամայի իրական հերոսը պիտի ասեր. «Գիշերը որ խոսացինք երեկ, դրանից հետո 4 հոգով մտել ենք 30 հոգանոց պոստը, հերթով բոլորին ոչնչացրել ենք, մենակ ես 8 հոգու եմ սպանել, մեր տղերքը եկել են պոստը վեկալել: Դանակը դրել եմ, կոկորդը կտրել, որ ձենը չհելնի… Հորս արև ես խանգարվել եմ: Ի վիճակի չեմ… Ես չեմ կարա ամեն օր մարդ սպանեմ: 3 անգամ գերի ընկնելուց եմ պրծել…»: Աղջիկների հումորային գրառումներով քաղցրավենիքն անգամ ուժ էր տալիս տղերքին: 6-ամյա երեխան հատ-հատ ընկույզ էր վաճառում, որ գումարն ուղարկի առաջնագիծ: ԲԱՅՑ. բա անկարգուկանոն վիճա՞կը որոշ տեղերում, ուր շունը տիրոջը չէր ճանաչում, ռազմադաշտի սելֆինե՞րը՝ աչք կոխելու համար, որոշ «կամավորական» բիձեքի «ալկաշությո՞ւնը», երիտասարդներին խանգարե՞լը, հրամանատարներին չենթարկվե՞լը, որոշ բարձրաստիճանների մեծամոլությունն ու դավաճանություննե՞րը… Աշխարհի ամենամեծ հումանիստն էլ լինենք՝ միակ բանը, որ չի ներվի, հայրենիքի դավաճանությունն է… Հրապարակա՛վ պետք է դատել նրանց… Ամեն ինչ մի պահ կարծես դարձավ անիմաստ… Մնաց թպրտացող անհանգստությունը, ապրելու իմաստը կրկին հայտնաբերելը դարձավ պարադոքսալ-ծիծաղելի: Նժդեհն իր գրով զրուցում է մեզ հետ, էլի՛ չենք լսում: Ավելի՛ շատ լռելու տրամադրություն կա… Դա էլ կանցնի… Գլխիվայր շրջվեցին չափանիշներն ու պատկերացումները հայրենիքի և կյանքի մասին… Հիմա ավելի առարկայական հասկացա աբսուրդի ժանրի ստեղծումը համաշխարհային պատերազմից հետո… Դեռ մի դար էլ խելքի չենք գա… Ուժեղներն էլ են երբեմն պարտվում, բայց՝ արժանապատվորեն… Սա՛ էլ կանցնի… 6-րդ սերնդի զենք է պետք… Ամրանալ է պետք… Մնացյալը՝ լռություն…