Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Բարձրացել Հայրենիքի տանիքը,
Պահմտոցի էինք խաղում…
Մի օր էլ սայթաքեցինք, գլորվեցինք ցած-
Բարձր է տանիքը Հայրենիքի.
Մենք դեռ գլորվում ենք…
Այս պատերազմն սկսվեց այն ժամանակ, երբ հասարակությունը հանդուրժեց նախորդ պատերազմի հերոսների նկատմամբ պետական հաշվեհարդարը: Եվ պատերազմը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը հանդուրժում է այդ հաշվեհարդարի շարունակումը, քանի դեռ զենք չտեսածները հոխորտում են հաղթանակը կերտողների վրա, քանի դեռ մեր փշուր-փշուր արված սրբազան հայրենիքը սկուտեղի վրա հրամցվում է թշնամուն, և հասարակությունը աչք է փակում այս ամենի վրա: Բայց սա այն հասարակությունն է, որն ընդամենը մեկ սերունդ առաջ հիշեցնում էր բռունցք՝ ներքին ու արտաքին թշնամու գլխավերևում ճոճվող… Ես խոնարհվում եմ մեր հազարավոր խոնարհված դրոշների առջև: Նրանք խոնարհվեցին հանուն արժանապատվության: Նրանք տվեցին իրենց ամենաթանկը, որ մենք ընտրեինք ամենաէժա՞ն ճանապարհը… Ո՛չ: Այստեղ ոչ մի պաթետիզմ չկա: Նայենք մեր հայրենիքի քարտեզին: Խոստովանենք՝ արդյոք մեր մեջ կա՞ մեկը, որն առավոտյան աչքերը բացում է ու չի մտածում. «Տեսնես էլի ի՞նչ ենք տալու թշնամուն»: Եվ այս բոլորը էլի՞ ենք հանդուրժում:
Բայց… Հայրենիքն անհամեմատ ավելի մեծ է,
Քան իր պրոյեկցիան թղթի վրա:
Հազա՜ր վայ թշնամուն, երբ հայրենիքն իրենց սրտերում մասնիկ-մասնիկ պահողները միանան: Ահա այդժամ կմիանան նաև մեր բոլոր դրոշների ոգիները, և Հայոց աշխարհում կծածանվի ամենաբարձր եռագույնը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։