Արցախյան երրորդ պատերազմը (որին մասնակցել է նաև իմ որդին) սկսելու օրվանից անցել է մեկ տարի: Սյունիք երկրամասս և Հայաստան աշխարհս ապրում են արտաքին թշնամիների ճնշումների տակ և ներքին թշնամիների զզվեցնող հաչոցների ու երկրաքանդ գործունեությունների պայմաններում: Հերթական անգամ թուրքի ամենազորեղ զենքը պատերազմում դարձավ հայի դավաճան տեսակը: Իմ ու շատերի գլխավերևում կախված են մնում հարցեր, որոնց պատասխանները զարմանալիորեն ուշանում են: Ինչո՞ւ:
– Ինչո՞ւ Արցախի տարածքի կենտրոնական և հյուսիսային մասերում թշնամին չկարողացավ ճեղքել մեր պաշտպանությունը նույն ԱԹՍ-ների առկայության պայմաններում ու դա արեց հարավում և հեշտությամբ հասավ Շուշի:
– Ինչո՞ւ «Հողերը ծախած ա, նահանջեք» խոսքով «պանիկա» տարածողները ձերբակալված և պատժված չեն հասանելիք չափաբաժիններով:
– Ինչո՞ւ մեծահարուստների զավակները պատերազմի դաշտում չկային:
– Ինչո՞ւ մեր գերագույն շտաբը պատերազմի միայն երրորդ օրը հասկացավ, որ չենք կարող դիմադրել թշնամուն:
– Ինչո՞ւ «էշ-նահատակ» դառնալ չցանկացողը և կռվի դաշտից փախչողները պիտի մնան անպատիժ:
– Ինչո՞ւ մեր հայրենիքի հետ վատ վարվողների հետ չենք կարողանում համարժեքորեն վատ վարվել…
Ամեն օր իմ տան կողքով ՀՀ ԶՈՒ ավտոմեքենաներ են անցնում, ուղևորվում դեպի Սև լիճ` ամրացնում են մեր սահմանապահ դիրքերը: Տանում ու բերում են սահմանապահ զինվորների ու սպաների, տանում են սնունդ, զինամթերք, շինանյութեր, տանում են հույս, բերում են հավատ: Այսօր իմ որդու և թոռան տարիքի այդ տղաների հետ եմ հոգով, իսկ վաղը, երբ անհրաժեշտություն առաջանա, կլինեմ նրանց հետ և ֆիզիկապես: Իմ ներքին ես-ը հուշում է, որ ամեն բան լավ է լինելու, և մենք մշտապես ապրելու ենք այս օրհնված ու սուրբ հողի վրա:
***
Կիզում է հոգիս կրակն ամոթի,
Դավաճանները չեն հայտնաբերվում.
Մինչև ե՞րբ պիտի ազնիվ հայն ապրի
Անօրենության ժամանակներում.
Թնդանոթները էլ չեն դղրդում,
Ձայնը չի լսվում ծանր ռումբերի,
Զինվոր տղերքը շարքեր են կազմել
Ծաղկազարդ տեսքով հողե թմբերի.
Ա՛խ, իմ հայրենի՛ք, գողերդ անկուշտ
Եվ տականքներդ՝ եռերեսանի,
Մենք զենք չունեցանք
անհրաժեշտ պահին
Ու դիվանագետ մի շնորհալի.
Վրդովված ջրերն ափին են տալիս,
Փրփուր են թքում քարերի վրա,
Ծնկած դիմում եմ ես հայի աստծուն,
«ՊԱՅՔԱՐ» են գոչում աչքերը նրա…
գ. Ակներ