Եվս մի քանի օր, և Նոր տարին կմտնի բոլորիս տները… Արդեն ո՛րհազարերորդ անգամ: Ինչպես միշտ, կգա հույս ու սեր սփռելու, հավատ ու ջերմություն սերմանելու մեր սրտերում ու հոգիներում: Կգա մեկ անգամ ևս հիշեցնելու մարդուն նրա երկրավոր գոյության անցողիկությունն ու, միաժամանակ, խորհուրդ խորինը: Քանզի ի սկզբանե հայոց Ամանորը՝ Նավասարդը, մեռնող ու հառնող արև-աստվածության՝ Արայի տոնն է եղել, որը նշվում էր գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին: Եվ այդ օրը բարի էր ու զվարթուն, զարթոնքով ու կենսավետությամբ հղի, և կոչվում էր Արեգ: Հեթանոս հայերը մեղեդիների ու ծիսական երգերի ուղեկցությամբ զոհաբերություններ էին կատարում մեհյաններում, մեծով ու փոքրով, հարուստով ու աղքատով տոնական զգեստներ էին հագնում և տրվում երգ ու պարի, խաղերի ու խրախճանքների ալիքին, որից, ցավոք, ոսկեթել պատառիկներ են հասել մեզ հին բանահյուսության նշխարների տեսքով.
Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի // Եվ զառավոտն Նավասարդի,
Զվազելն եղանց և զվարգելն եղջերվաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանեաք,
Որպես օրեն էր թագավորաց…
Չորրորդ դարի սկզբին առաջինը պետականորեն Քրիստոնեությունն ընդունած հայ ժողովուրդը լցվեց նաև ճշմարիտ այդ լույսով, ընդունեց նրա զորությունը, հավատաց առանց երկմտելու և հետևեց առանց տատանվելու: Եվ քանի որ դա ինքը՝ Լույսն էր երկնային, ջերմացրեց նրա զավակների հոգիները ու դարձավ ոչ միայն կյանքի գերագույն ուղենիշ, նպատակ և էություն, այլև ծնունդ տվեց մի զարմանահրաշ Գեղեցկության, որ կոչվում է Քրիստոնեական մշակույթ և որն ահա արդեն երկու հազարամյակ սնում է բոլոր հավատացելոց սիրտը, միտքն ու հոգին՝ Բարության, Ազնվության, Արդարության ու Ճշմարտության իդեալներով: Սկսած հինգերորդ դարից՝ Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի շարականներից, հայ գրականությունն ու արվեստը մեզ են ավանդել քրիստոնեության խորհրդանշական էություններին նվիրված չափածո և արձակ երկեր, մանրանկարներ, ճարտարապետական կոթողներ, որոնք այլևս անբաժանելի են հայ մարդու հոգևոր կերպարից, հայկյան հեթանոսական շրջանի ազգային ինքնատիպ գծերին հավելվելով, դարձել են նրա ինքնության անտրոհելի գումարելիները: Այդ պատճառով էլ այսօր միանգամայն զորավոր է Քրիստոսի Ծննդյան խորհուրդը, և ամեն հայ չի կարող անտարբեր մնալ նրա հանդեպ, քանզի այն առկա է իր մարդկային և ազգային գոյության, կենսագրության վերջին երկու հազարամյակների ամեն մի երևույթի մեջ:
Նոր տարին նորի սկիզբ է ու անցյալի, կյանքի թանձր երակի շարունակություն: Մարդը, շնորհավորելով Ամանորը, մշտապես հավատում է, որ իր ձայնը լսում են նաև նախնյաց ոգիները: Եվ իր ուրախության, զվարճանքի մեջ ավելի է զգաստանում, լրջանում ու լցվում նախնիների հավերժական խորհուրդներով: Մանուկը ավիշով է լցվում, երիտասարդը՝ ամրանում, ծերը՝ իմաստնանում: Ու բոլորը միասին պնդացնում, հզորացնում են երկիրը, աշխարհը, տիեզերքը:
Նոր տարին սահմանագիծ է հնի ու նորի, երեկվա ու վաղվա, անցյալի ու ապագայի միջև: Եվ ավանդույթ է, որ մարդը ուրախ ու զվարթ անցնի այդ սահմանագիծը, մոռանա կամ գոնե փորձի՛ մի քանի ժամ, մի քանի օր մոռացության տալ իր կյանքի դառնությունները, օրախնդիր ցավերն ու հոգսերը: Սակայն կհաջողվի՞, արդյոք… Քանզի Ամանորը նաև գթություն է ու կարեկցանք, մարդկային ամենաազնիվ զգացմունքի՝ խղճմտանքի արթնացում: Եվ այսօր, երբ մեր երկփեղկված կյանքի օրեցօր ավելացող պերճանքի ու ճոխության ցույցերի կողքին դարձյալ իրենց հաստատուն տեղն են գրավում ցնցոտիավոր մուրացկաններն ու անտուն-թափառական մանուկները, երբ կուշտերի ու քաղցածների, հարուստների ու աղքատների հարևանությունը, թվում է, այլևս անշրջելի իրողություն է, մեզ, մի տեսակ, ավելի հարազատ, ավելի մոտ ու հասկանալի են դառնում մեր դասական գրականությունը, մեր մեծերի հոգևոր խորհուրդները: Այդ իմաստով այսօր առավել քան արդիական է հնչում, օրինակ, Ավետիք Իսահակյանի «Նոր տարվա դիմավորումը Փարիզում» պատմվածքի ներքին իմաստը: Լույսերով ողողված ռեստորանի դռնից, չգիտես ինչ հնարքով, ներս սողոսկած ցնցոտիավոր «խեղճ երեխաներից» մեկին սպասավորի բռունցքի հարվածից հետո, ռեստորանի շքեղ հատակին թափված մանկան անարատ արյունը տարբեր մեկնաբանություններ է ստանում ներկաների կողմից.
« – Վատ սկսվեց տարին,- ասաց ընկերներիցս մեկը:
– Դատարկ խոսք է ասածդ,- խստությամբ վրա բերեց ուրիշը,- ուրախ լինենք, քեֆ անենք, ամեն տարի ողջ, առողջ…:
Բայց մեր բոլորի տրամադրությունը փչացել էր, թեև ձգտում էինք ուրախ ձևանալ:
Սակայն այդ գիշեր ինչ որ ես ուտում էի և խմում, ինձ այնպես էր թվում, թե այդ խեղճ երեխայի արյունն է թափվել իմ բոլոր կերած-խմածի մեջ»,- եզրափակում է Վարպետը:
Իրոք, բարդ ու առեղծվածային է Նոր տարվա խորհուրդը: Ու որքան էլ անցանկալի լինի, բայց ամեն տեսակի զգացմունքների, հույզերի, խոհերի ու հոգեկան արձագանքների բովում, մանավանդ այսօր՝ մեր նորօրյա աղետների ու ողբերգությունների դեռևս մխացող վերքերի մեջ, իր անկյունն ունի նաև վիշտը, տառապանքը, դառնությունը, որ այնքան ուժգին է, որքան զորեղ է այն ապրող Անհատի հոգին: Ուրեմն, անկասկած է, որ Նոր տարին նաև պահ է խորհելու, հաշվեկշիռ անելու, մեկնելու մարդկային աստվածատուր էության և աշխարհի բազմաբնույթ չարիքների առեղծվածը, հոգու և մարմնի հավերժական պայքարի իմաստը… Ահա թե ինչու, այսօր՝ տարեմուտի այս պահին, անշուշտ, մեզ հետ է նաև անմահ Ե. Չարենցը՝ իր հերոսական ու ողբերգական, բայց միշտ մեծ ու իմաստուն, կենարար հանճարի նաև ա՛յս խոհով.
…Ես նոր Տարի եմ մտնում,- բայց նոր ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ / Նոր տարվա ԵՎ Սուրբ Ծննդյան խորհուրդը
