Ժամանակն ամեն ցավ ամոքում է, անցյալի ջնջոց է՝ մաքրում է հոգին, միտքը՝ արդեն ապրածից, որ նոր օրերի համար տեղ բացի: Բայց ինչո՞ւ պատերազմից մեկ տարի անց էլ մեր հույզերը չեն անգունանում, հակառակը՝ գնալով ավելի ցայտուն են դառնում և նոր երանգներ ձեռք բերում: Ինչո՞ւ է մի ողջ ժողովուրդ դեռ տենդում, և ամենասարսափելին այն է, որ այդ «հիվանդության» ախտանշանները ձևափոխվելուց, լրջանալուց բացի, նաև քրոնիկական ընթացք են ձեռք բերում, որը բացառում է, ամեն դեպքում՝ առաջիկայում, դրանից ձերբազատվելը: Դե, որովհետև իրականում ոչինչ չի ավարտվել, պատերազմը մի նոր փուլ մտած՝ շարունակվում է նենգորեն, սողացող ու իր այդ ընթացքով անգամ ավելին կործանող, քան պայթող արկերը…
Արկերը զգոնության են կոչում, տեսանելի են, և հակադարձող ուժը փորձում է հավաքվել, հնարավորինն անել. պատերազմի դաշտում ամեն բան պարզ է՝ որտեղ է թշնամին, ինչ է կամեցածը, երես երեսի բախում է, ուժերի պարզ վարուվերում… Չնայած, մեր դեպքում, այդտեղ էլ անտեսն ու նենգն ավելի շատ էին, քան տեսանելին…. և արդեն այնտեղ սողում էր հետագա ընթացքի խարդախ, դավադիր ստվերը (անգամ ավելին՝ այդ ստվերը շատ ավելի վաղ էր իր պատերազմը թեժացրել մեր իրականության մեջ): Նորություն չեմ հայտնում՝ պատերազմին մասնակցած զինվորներից սկսած մինչև իշխանավորներ, ընդդիմադիրներ, տարբեր պատմություններով նույնն են պնդում՝ դավաճանությունների, հոգի ու հող ծախելու սև գործի թնջուկից: Իհարկե, իշխանավոր-ընդդիմադիր հակադրություն-միավորումը դա այլ կերպ է արտահայտում՝ միմյանց դեմ ուղղելով սլաքները: Եվ այդպես, դեռ մինչ այժմ՝ անհասկանալիի շուքի տակ են ձգտում պահել եղածը, մինչև բոլորը կհոգնեն կամ նոր հոգսերի մեջ հայտնված, պարզապես ձեռքերը թափ կտան ու առաջ կանցնեն: Մինչդեռ թաքուն ոչինչ չկա, ամեն մի դեպք շատ պարզ է՝ մեղավորների և անմեղների բաց թատերաբեմով… Ընդ որում, խոսքը վերաբերում է պատերազմին, որտեղ մեկ ժամը, պահը մեծ, ահռելի կշիռ ունի, և հարցերը պետք է լուծվեն ակնթարթորեն՝ «պատերազմի օրենքներով»:
44 օրը բավականին երկար էր սխալներ (դավաճանություն) տեսնելու, գտնելու, կանխելու համար, և այնտեղ հանդուրժել չէր կարելի անգամ մեկ սխալը, այն անհրաժեշտ էր բացահայտ, ի ցույց բոլորի ամենախիստ պատժով արմատախիլ անել հենց մարտերի ընթացքում՝ դրանով կանխելով բոլոր կրկնությունները: «Դա ավելին էր, քան հանցագործությունը՝ դա սխալ էր». շատ դիպուկ է Նապոլեոնի խոսքը: Իսկ մենք սխալների, և ուրեմն՝ հանցագործություններից ավելիի անվերջության առաջ կանգնած թատրոն ենք խաղում: Ոչ ոք չպատժվեց, միայն արդարացման հիանալի կերպը գտած, անվերջ մեղադրանքներ են հնչում՝ այն էլ երկու հակադիր կողմերից, և ժողովրդի միամիտ ականջներից կախված՝ նրա առաջ հրեշտակի դերի համար մրցություն է, որտեղ ցավից դեռ ուշքի չեկած մարդիկ փորձում են ինչ-որ կերպ կողմնորոշվել՝ ճիշտը սխալից, սևը սպիտակից տարբերակել. և մի մասը՝ բնազդների և կույր ու չմարող ոգևորության ուղղորդմամբ, մի կողմ է թեքվում, մի մասը՝ մտքի թելադրանքին ապավինած՝ լրիվ ուրացած բնազդայինը՝ մյուս կողմ, մի մասն էլ… անզոր հետևում է այդ աբսուրդային ներկայացմանը:
Տխուր է… Բայց սա է եղածը…
Ես հենց այնպես չեմ անվերջ կրկնում ներկայացում բառը, որովհետև, այո՛, հենց ներկայացման պես նախապես գրված սցենարով, դերերի տեղը տեղին բաշխումով, ուղեղարդուկման ինստիտուտների հոգեբանական աջակցությամբ՝ կանխատեսելի ռեակցիաներն իրենց համար ցանկալի ուղղությամբ տանելու ապահովագրմամբ է միայն ինչ-որ մարդկանց (թշնամի, յուրային՝ կեղծ, թե` ոչ) երազանքն այսօր մեզ կյանք դարձել և դառնում: Այն, ինչը տարիներ առաջ ցնդաբանություն, անհավանականության բարձրակետ կարող էր թվալ, այժմ այնքան շոշափելի է դարձել, որ դրան դիմանալու համար շատերը թշնամուց առաջ ընկած են փորձում այդ սուտ ու կեղծիքին տեր դառնալ, հարմարվել, համոզել իրենց և այլոց, որ… որ հերիք է երազներով ապրել, որ… ամեն բան ճիշտ է՝ մենք ենք ուրիշի հող սեփականածը, մենք ենք… քոչվորը…
Իսկ թուրք-գազանը՝ դեռ անապատների փոշիների մեջ պատառոտված վրաններն այսուայնտեղ քարշ տալով, երազում էր խելքից-մտքից դուրսը և երազելով հասավ ու բնավորվեց կիրթ, կարգին ժողովուրդների բնօրրաններում:
Ամեն բան սկսվում է երազից, իսկ մենք մեր ունեցածին էլ տեր կանգնել չենք ուզում այլևս:
Լավ, հասկացանք՝ սխալ, կարճամիտ, տարիներով երկիրը թալանածներից ազատվելու արդարացի մղումով, սխալ ընտրությամբ, սխալ տեղ հասցրեցինք մեր Հայաստան-Արցախ երկիրը, բայց… Բայց ցանկացած վիճակից էլ պետք է ելք փնտրել. մի պահ կանգ առնել և փորձել շտկել սխալ ընթացքը: Դա հնարավոր էր անմիջապես պատերազմից հետո, երբ ժողովուրդը պատրաստ էր դուրս գալ իր շարունակության, ներկայի և ապագայի համար: Բայց նախապես գծված սցենարն ավելի հզոր դուրս եկավ՝ «…պաշտպանվելու համար քեզ հակառակորդ դարձրու՝ եթե ոչ քեզանից վատին, այլ այնուամենայնիվ մինչև ուղնուծուծը կեղտոտ ու մերժելիին»: Եվ հրապարակ նետվեց սև ու սպիտակի շաբլոնը (դժվար է հասկանալ, թե ո՞վ էր իրեն սպիտակ համարում և ի՞նչ իրավունքով): Եվ ոչ ոք չվրդովվեց, որ, ախր, մեր շատ ողբերգություններ մեր գլխին պայթել են հենց սև ու սպիտակ չտարբերակելու, սևին՝ սև և սպիտակին սպիտակ չասելու պատճառով, ժամանակին սևի չարագույժ ներկայությունը, ավերումը չկանգնեցնելու և հանցանքին համապատասխան պատիժ չտալու պատճառով… Չնայած, այս դեպքում խոսքը բնավ էլ երկու ծայրահեղությունների չէր վերաբերվում, ինչպես փորձում էին ներկայացնել, այլ նույն գույնի… Եվ այդ դիտավորյալ խճճված ցանցի մեջ ամեն բան արվեց, որ ընտրությունը կենտրոնանա իբրև թե իրարից տարբեր երկու, բայց իրականում նույն՝ սև և սև գույն-ուժերի միջև:
Ոչ ոք հաշվի չնստեց ժողովրդի հոգեբանության հետ:
Մինչդեռ ժողովրդին առաջնորդ լինելու առաջին կարևոր պայմանը սերն է այդ ժողովրդի նկատմամբ, նրա ապրածը, մտքինը իր գործերին ուղղորդում դարձնելը, որը չկար երկու կողմում էլ: Նրանք՝ որը փողերով, որը դիրքով, արդեն այլ մակարդակներում և այլ հարցեր լուծելու էին դուրս եկել: Իսկ ընդդիմադիրների համակիրներն այդպես էլ չհասկացան, որ հակառակորդի «ջրաղացին են ջուր լցնում», որովհետև ժողովրդին զրկում են առողջ, նոր ուժ ձևավորելու հնարավորությունից, որ անհնար է ժողովրդի 30 տարիների ատելությունը հաշվի չառնել, որ հասարակ մարդիկ պարտավոր չեն խորությամբ իրավիճակը հասկանալ. նրանք իրենց հոգում այդ ահռելի ատելության բեռն ունեն, յուրաքանչյուրը՝ հազարավոր անգամ խոցված ու այրված մաշկը, որն ավելի են զգում, քան իրենցից ավելի հեռու, իրենցից դուրս եղածը: Իսկ նոր՝ երեքտարյա ընթացքը շատերի համար դեռ կարճ է ամեն բան ողջ խորությամբ ըմբռնելու համար, էլ չասած, որ ճարտար և խաբեության բոլոր գործիքները սերտածների ճառերը բթացնում և հմայում են գեթ մեկ ծեղ գտնելու և դրանից կառչելու պատրաստներին:
Ընդամենը երեք տարի առաջ ամենացածր պիտակներով և նողկանքով, իրականում բոլոր նախկին իշխանավորների դեմ դուրս եկած մարդկանց փորձել տանել նորից դեպի նրանց գիրկը՝ ամենամեծ հիմարությունն էր, շատ կարգին մարդկանց մոլորությունն ու ճակատագրական սխալը: Դա էլ է վկայում արդեն՝ իրենց ինչ-ինչ հաշվարկներին միայն ապավինած մտքի տեր անհատների՝ ժողովրդից կտրված լինելու մասին: Որովհետև չտեսան, չցանկացան տեսնել այդ խնդրի մեջ ամենամեծ և ամենավճռորոշ հատվածին, գործոնին: Մինչդեռ ժողովրդի հետ միակամ, մենք վաղուց արդեն կարող էինք դուրս եկած լինել այս կործանարար վիհից…
Հիմա էլ ուշ չէ. երբեք ուշ չէ հանուն կյանքի պայքարելը: Միայն թե այս անգամ պետք չէ հրապուրվել մեր իսկ ունեցածն իրենց գրպաններում ապահովաբար տեղավորած, իրենց «էլիտար» հորջորջած և արդեն մեղքից սևացած, անգամ խաչից ետ-ետ քաշվող ճարպիկներով, իբրև թե «արդեն ղեկավարելու փորձառություն ունենալու» անմիտ մտայնությունից ելնելով: Նրանք բոլորն էլ մի օր ոչ մի փորձ չունեին, բայց շատ արագ հունի մեջ մտան՝ դեռ այդ հունն էլ շատ արագ թեքեցին դեպի իրենց բարօրության պարտեզները:
Դրա համար, փորձառությունից ավելի, սահմանին կանգնած զինվորի պես ազգը սիրող, ազգին նվիրյալ, խելամիտ, վտանգները հեռվից հեռու, անտեսներից անգամ տեսնող մեկը, «մեկերն» են պետք (հատկապես գլոբալիզմի այս թափն ուժեղացրած օրերին), իսկ իրենց գործի գիտակներ որքան ասես մեր ազգն ունի, և նրանք միայն առանձին ոլորտների կատարողական գործերում են պետք… ընդամենը:
Ուշ չէ, յուրաքանչյուրը թող իր տեղում նորից ողջը ծանրութեթև անի, նաև մտածի, թե ինչո՞ւ այս անգամ Աստծո հովանին մեզ հետ չէր: Բարձրյալը երբեք չի թողնում մարդուն, եթե մարդն ինքը չի հեռանում նրանից: Իսկ մեր մտավորականության, քաղաքական գործիչների արդեն ստվար հատվածը՝ հեթանոսական խաղալիքային կրոնի ջատագով դարձած, քրիստոնեության դեմ է դուրս եկել, ազգի այն հիմնասյան, որը, բացի իրական հավատի կրողը լինելուց, պետություն չունեցած ժամանակ էլ, երկրից հեռու՝ համայնքներով շատ հայերի ապրելու այս օրերին էլ ազգը միավորող ու պահող սոսինձն է եղել և կա: Իսկ «ձուկը գլխից է հոտում», և ուր թեքվեց ազգի մտավոր հատվածը, այնտեղ էլ վաղ թե ուշ ողջ ժողովուրդն է գնալու, եթե, իհարկե, փորձություններն ավելի վաղ վրա չտան՝ հենց այդ ընթացքը կանգնեցնելու համար… Ասվեց. «Խորագետ եղեք…»:
Ուշ չէ: Երբեք ուշ չէ: Հուսանք և…