ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ԵԿԵՂԵՑԻ
Վիրավոր ռուս լրագրող Յուրի Կոտենոկին
Թուրքերն ուղիղ հարվածում են
Եկեղեցու հին գմբեթին:
Աղավնիներ երկինք թռան,
Աղոթողը մնաց գետնին:
Լրագրող մարդ է ռուս,
Վիրավոր է, արյան առու,
Իր խոսքերից առավել սուր
Տարածվեց լուրն ահասարսուռ:
Եկեղեցին կրկին տնքաց,
Ո՛չ իր համար, այլ զարկվածի,
Աղավնիներն էլի իջան՝
Բերելով ուժն Աստծո աջի:
ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐՆԵՐԻՆ
Իմ խոսքը ուղղում եմ աշխարհին,
Քանզի նա դեռևս կա։
Գերմանիա, Գյոթեն որ լիներ, կասեր քեզ՝
Մի՛ փակիր աչքերդ անցյալի և ներկայի վրա,
Հիմա Արցախում սպանվում է բոլորի ապագան։
Ո՞ւր է քո իմաստունների փաղանգի թրի պես կտրող ձայնը,
Փոխել ես դիվանագիտական չեզոք լռությա՞ն հետ։
Անգլիա, Բայրոնը թե նստած լիներ
Վենետիկի Սուրբ Ղազար կղզում,
Վարժ հայերենով կշշնջար ականջիդ՝
Մի շիշ նավթը հայոց արյան հետ մի՛ համեմատիր.
Սա Շեքսպիրի հայրենիքն է։
Ու կգնար սպառազեն՝
հույներին պաշտպանելու թուրքերից։
Իսրայել, թե Մանդելշտամը Սևանա կղզուց նայեր
Արցախի բարձունքներին,
Կգոչեր, ինչպես «Շուշի» գրվածքում՝
Արցախում հիմա կրկին
ցեղասպանության հրթիռներ են ընկնում
Աստծո տաճարի վրա։
Իսրայել, հիշում ենք հոլոքոստը,
իսկ դու զենք ես վաճառում նրան,
Ով
Մի օր քո դեմ է շրջվելու Պաղեստինի պատերի տակ,
Եվ մի՛ լվա ձեռքերդ Պիղատոսի հեգնանքով,
Դու ես առաջինը տեսել Հիսուսի խաչվելը
Եվ ազատումն ավազակի։
Ամերիկա, ա՜խ, գար Ուիթմենը Արարատին նայելու,
Կրկին կտեսներ ներհուն հային
Անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների ներքո
Եվ քո ստեղծած F16-երի
Ռումբերի տարափի տակ
Ու կճչար հաստատապես՝
Ամերիկա, ազգերը, մարդիկ
«Խոտի տերևների» պես
Հնձվում են քո ուսնկից
Թուրքիայի շողոմ ժպիտի նմանակ
յաթաղանից կեռ։
Ռուսաստան, ո՞ւր է թե, լիներ Դոստոևսկին,
Նորից կգրեր «Ոճիր և պատիժ»,
Կհնչեցներ «Արևելյան հարց» գրքի զանգերը
Եվ ահաբեկ կտարբերեր
եկեղեցու հրեշտակի խորաքանդակը
Տաճար պղծող դևերից։
Երկրագունդ, դու մոլորված պտտվում ես գլուխդ բռնած,
Չես հասկանում՝ ովքե՞ր են մարդիկ,
Ովքե՞ր՝ գազաններ,
Նախնադա՞ր է, թե՞ 21-րդ դար։
Ինչ-որ մեկը ասել է՝
Կանգնեցրեք երկրագունդը, ես ուզում եմ իջնել։
Իսկ մենք ասում ենք՝
Երկրներ, իշխանություններ,
Մի՞թե Չինաստանը նոր պարիսպ է կառուցելու
Մարդակերի ու մարդկայինի միջև,
Երկրի ու երկնքի միջև,
Երկոտանու և Աստծո միջև։