Տարին ծանր էր, երևի ամենածանրը իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում: Ամենահեշտը, որ կարող էինք անել, տրվել հոգեմաշ զգացմունքներին, ձեռքերը վայր դնել, հուսալքվել կամ դժգոհել, լքել հայրենիքը: Մեկ ուղի էլ կար՝ լուռ տառապելով, սակայն գլխովին տրվել աշխատանքին, քանի որ վերքերը միայն այդպես կամոքվեն: Դարձյալ (ինչպես և բոլոր ժամանակներում) անհատի գիտակցությունն ու պատասխանատվությունը առաջին տեղում են՝ լավագույնս անել այն, ինչին տիրապետում ես, ավելի մեծ եռանդով նվիրվել ոլորտիդ: Հիմա քաոսին չնպաստելը քիչ է, պետք է քաոսը գեթ մի փոքր կարգավորելու նպատակ դնի մեզանից յուրաքանչյուրն իր առջև: Ինքս այդպես փորձեցի ապրել այս տարի ևս՝ ի հեճուկս համավարակի և քաղաքական անկայուն վիճակի:
Գրականությունն այն փրկօղակը դարձավ, որը ելք տվեց ապրումներիս, օգնեց չհանձնվել: «Հայրենիքս, միակս, ուրիշս» ընդարձակ բանաստեղծությունս այդ ցավի, պոռթկման արդյունքը եղավ, որ ծնվելուց կարճ ժամանակ անց տպագրվեց «Գրական թերթում», կանադական «Գեղարդ»-ում, Հանրային ռադիոյի եթերում հնչեց Սիլվա Յուզբաշյանի անզուգական կատարմամբ, «Գրական»-ում գրախոսականի արժանացավ: Գիտական ձեռքբերումներիցս է ԵԹԿՊԻ-ի գիտական խորհրդի երաշխավորությամբ օրերս լույս տեսած «Սցենարադրամատուրգիական արվեստ. գրական վարպետություն» մեթոդական ուղեցույցս՝ Վալերի Գասպարյանի համահեղինակությամբ: Ձեռնարկում առաջին անգամ ընդգրկել ենք ժամանակակից դրամատուրգների ցանկ, քանի որ վստահ եմ, որ բուհերում պետք է դասավանդվեն մեր կողքին ապրող հեղինակների գործերը: Իսկ որպես տարվա ամփոփում՝ դեկտեմբերի 18-ին Խամաճիկների թատրոնում կայացած «Գտնված երազ»-ը ներկայացման պրեմիերան էր, որի պիեսը գրելու շատ հաճելի և միաժամանակ պատասխանատու առաջարկ էի ստացել բեմադրիչ, դերասանուհի Լիլի Էլբակյանի կողմից:
Շնորհավորելով «Գրական թերթի» ընթերցողներին Ամանորի կապակցությամբ՝ ուզում եմ մաղթել ուժ, եռանդ ու կորով՝ մեր երկիրը եկող տարի ոտքի հանելու վճռով ու պատրաստակամությամբ, և որ չկորցնեն երազելու ու հավատալու ունակությունը, քանի որ ինչպես մեր հեքիաթի հերոսներն են ասում՝ ամեն բացվող օր իր հետ նոր հրաշք է բերում` ստիպելով մեզ շարունակել շնչել, երազել ու քայլել այս արևի տակ…