Սահմանագծում, սահմանազատում, դեմարկացիա, դելիմիտացիա… «գիտահետազոտական-միտահետազոտական»… Ժողովո՛ւրդ, խոսքը մեր մի բուռ հայրենիքի մասին է, մեր սուրբ մասունքները կրող տարածության. ինչպե՞ս կարող ենք անջատել մեր զգացմունքներն ու բանականությունը և «խելոք-խելոք» մտքեր ձևակերպել այս թեմայի շուրջ: Մարդիկ նույնիսկ իրենց տան վաղուց անպիտան դարձած իրերից են դժվարությամբ բաժանվում, մի քանի անգամ դնում-վերցնում են այս կամ այն հնամաշ զգեստը, եզրը ճաքած ափսեն, գործածությունից դուրս եկած տեխնիկան՝ մեկ ուրիշին տալուց կամ աղբանոց նետելուց առաջ, ուր մնաց՝ հեշտ ու հանգիստ հրաժարվեն հայրենի եզերքի որևէ հատվածից: Ի՞նչ սահմանագծում-սահմանազատում, հօգուտ ո՞ւմ և ինչի՞: Առավել քան վստահ եմ, որ մենք բավարար չափով հող հայրենիի պահապան զինվորներ ու զենք ունենք, իսկ եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ պիտի այդ հող հայրենին կորցնենք: Ի՞նչ դիվանագիտական կեղտոտ խաղեր են խմորվում մեր ճակատագրի շուրջ, ի՞նչ անկամ ու անգետ վճիռներ են շրջանառվում մեր ապագայի առնչությամբ: Մենք փերթ-փերթ կորցնում ենք ոչ միայն մեր հողը, այլև արժանապատվությունը, հույսը, վաղվա հեռանկարը: Մեր ուսերը ո՞նց պիտի դիմանան այս բեռան ծանրությանը: 21-րդ դարում կարելի՞ է այսքան անճարակ լինել: Ես սա չեմ հասկանում ու հրաժարվում եմ հասկանալուց: Իմ հայրենիքը՝ իր Արցախ-մասունքով, մեր բոլորի սիրո ու նվիրումի կարիքն ունի, և ես կտրականապես հրաժարվում եմ այս սրբազան հողի որևէ մի կտորը ստորադասել մյուսին: Մեզ դիվանագիտական ճկուն միտք է պետք, պետական-պաշտոնական ամուր դիրքորոշում, մեզ մեր հերոս նահատակների լույս հիշատակին արժանի կեցվածք է պետք ու այսօր իրենց կյանքը հայրենիքի փրկության զոհասեղանին դնելու պատրաստ քաջերի աչքերին նայելու հաստատակամություն: Հողը քարտեզներով չեն չափում, այլ դրա վրա թափած ջանքով, իսկ մեր հողի մշակները երբեք չեն զլացել ջանք ու սեր ներդնել հայրենի հողի վրա, ուրեմն և անթույլատրելի է ենթարկել այն ինչ-ինչ մշուշոտ-անորոշ սահմանազատում-սահմանագծումների ու դատապարտել մեզ անհայտ-անբացատրելի հեռանկարի:
Կարդալ նաեւ․․․
Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ / ԱՉՔԸ ՀԱՑԻ ՎՐԱ ՉԹՈՂՆՈՂ ՏԱՐԻ ԼԻՆԻ
Էս ի՛նչ դժվար է դարձել ամանորյա շնորհավորանքի խոսք գրելը։ Էսքա՞ն…
Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ
Գերմանացի հնէաբանները կատարած պեղումների արդյունքում հաստատել են, որ Արևելյան…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
«Գրական թերթի» անդավաճան ընթերցող. Եվս մեկ տարի միասին ապրեցինք, ավելի…