ԳՆԱՑՈՂԸ ՀՈԺԱՐ Է, ՏԱՆՈՂԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի հրաժարականը որքան անսպասելի, նույնքան էլ տրամաբանական պիտի համարել՝ հաշվի առնելով Էրդողանի սուլթանական նկրտումներն ու անսահմանափակ իշխանության հասնելու ձգտումը: Դավութօղլուի հայտարարությունը, իբր, իր հրաժարականը «ընտրություն չէր, այլ անհրաժեշտություն», որ նախագահի հետ իրենց հարաբերությունները շարունակում են եղբայրական և մտերմիկ լինել, ավելի պարտվածի խոստովանություն է, քան քաղաքական իրավիճակի գնահատական: Թուրք վերլուծաբան Ահմեթ Հաքանը «Հուրրիեթ»-ի իր սյունակում անդրադառնալով վարչապետի հեռանալուն, փորձում է ճշտել, թե «ի՞նչ չկարողացավ անել Դավութօղլուն», գուցե «մի քիչ ավելի հավակնոտ, մի քիչ ավելի գիտակ, մի քիչ ավելի ինքնավստահ էր», ինչը չէր տեղավորվում Էրդողանի` նախագահական ռեժիմի հաստատումով միանձնյա իշխանության տիրելու ծրագրի մեջ: Միաժամանակ, շատերի կարծիքով, էությամբ ավելի հավասարակշիռ, ավելի աշխարհիկ և ավելի դիվանագետ Դավութօղլուի ռազմավարությունը, ով փորձում էր փոքր-ինչ ինքնուրուն լինել, չէր կարող չհակասել Էրդողանի անկանխատեսելի ու արկածախնդիր քաղաքականությանը: «Հուրրիեթ» պարբերականը նշում է, որ Դավութօղլուն վարչապետի պաշտոնում աշխատեց 20 ամիս, որի ընթացքում նրա և Էրդողանի միջև 20 առճակատում է գրանցվել: Առայժմ դժվար է կանխագուշակել Էրդողան-Դավութօղլու հարաբերությունների հետագան, սակայն աշխարհն արդեն իսկ թուրքական երեսպաշտության հիանալի օրինակի ականատեսն է: Երկու բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, քողարկելով ներքին հակասությունները, փորձում են իրենց բաժանումը որպես հայրենիքի ճակատագրով մտահոգվածի գործողություն մատուցել՝ ամեն ինչ անելով այդ վարկածը իրականությանը հարմարեցնելու համար: Այս հանգամանքով պիտի պայմանավորել, որ Դավութօղլուի հրաժարականի հայտարարությունն արվեց Սահմանադրության փոփոխությամբ նախագահի դերն ընդլայնելու և ամեն մի տարակարծություն ճնշելու Էրդողանի ջանքերի ֆոնի վրա: Պատահական չէ Թուրքիայում շրջանառվող «գնացողը հոժար է, տանողը՝ նույնպես» արտահայտությունը, որը հեռանկարում բազմաթիվ անցանկալի դրսևորումների աղբյուր կարող է լինել: Արդեն իսկ Էրդողանի ազգայնական, իսլամիզմի ու ավտորիտարիզմի միջոցով ձևավորված գաղափարախոսությունն իր ավերածություններն է սկսել թուրքական առօրյա կյանքի բոլոր ասպեկտներում: Երեք տարի առաջ Գեզի պուրակի ցույցերից ի վեր այդ երկրի մարդկանց տարբեր մեթոդներով ու համակարգված վախեցրել և վախեցնում են: Բացառված չէ, որ Դավութօղլուի հրաժարականի հիմքում նույնպես վախի գործոնը լինի: Էրդողանի ինքնահիացումն այն աստիճան է անջրպետել «միապետին» իրականությունից, որ աննշան քննադատությունն իսկ նրան հոգեկան անհավասարակշռության է մղում: Թուրք հայտնի արձակագիր Էլիֆ Շաֆաքի վկայությամբ՝ «Միջինը չորս օրը մեկ Թուրքիայում մեկը դատվում է Էրդողանին վիրավորելու համար` նախագահ դառնալուց ի վեր մոտ 2000 հոգի: Նրանց թվում են արվեստագետներ, լրագրողներ, ծաղրանկարիչներ, գիտնականներ, անգամ ուսանողներ»: Ներքին տեռորի են ենթարկվում լրատվամիջոցներն ու դատական համակարգը: Շատերի կարծիքով՝ այսօրվա Թուրքիայում խոսել արևմտյան ժողովրդավարության, աշխարհիկության մասին, պարզապես դատարկ հռետորաբանություն է: Անգամ Եվրամիությանն անդամակցումը, որին թուրքերն այդքան ձգտում էին, վերածվել է քաղաքական խաղի, երբ Էրդողանն իրեն թույլ է տալիս բարձր դիրքից կոչ անել Եվրամիությանը՝ գնալու իր ճանապարհով, իսկ Թուրքիան իր ճանապարհով կգնա: Ամերիկյան ,,Times,, պարբերականը նշում է. «Միջազգային ասպարեզում Էրդողանը կորցրել է այն ուժերի և պետությունների աջակցությունը, որոնց նախկինում Թուրքիան կարող էր իր դաշնակիցների շարքերում դասել: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա նրա որդեգրած մեթոդներն արդեն իր իսկ կուսակցության ներսում են դիմադրություն առաջացնում»: Atlantic ամսագրի վկայությամբ` ոչ վաղ անցյալում ԱՄՆ նախագահ Օբաման Էրդողանին համարում էր «չափավոր մուսուլման առաջնորդ», սակայն այժմ Էրդողանին դիտարկում է որպես «անհաջողակ և ավտորիտար ղեկավարի»: Այս ամենով հանդերձ՝ Էրդողանը վստահ է, որ Թուրքիայի հաջողության գրավականն իր ձեռքում իշխանության կենտրոնացումն է, և ոչ մի ակնարկ հազար ու մի տապալումների մասին: Ենթադրվում է՝ Դավութօղլուի հեռանալով Թուրքիայում ճգնաժամը, մեղմանալու փոխարեն, կխորանա: Մասնավորապես, Էրդողանի ռազմավարության մեջ է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողություններ շարունակելը, իսկ Դավութօղլուն պարտադիր չէր համարում այդ քաղաքականությունը: Դավութօղլուի հրաժարականով հարցականի տակ է դրվում նաև Բրյուսելի ու Անկարայի միջև այդքան չարչրկված միգրացիոն համաձայնագրի իրագործումը, իսկ ըստ թուրքագետ Ա. Իսպիրյանի. «Վերջ է դրվում հայ-թուրքական տխրահռչակ հարաբերություններին, քանի որ դրանց ճարտարապետը հենց Դավութօղլուն էր»: Միանշանակ է, որ ներկա իրադրությունը շրջադարձային է Թուրքիայի քաղաքական նորագույն պատմության մեջ, երբ ավետվում է միապետական իշխանության մուտքը երկիր: Կասկածից վեր է, որ մայիսի 22-ին տեղի ունեցող իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարում Էրդողանն ամեն ինչ անելու է՝ նյութականացնելու իր մեծապաշտական ձգտումները: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նույնպես բացառված չեն, որի ընթացքում «սուլթանը» ծրագրելու է մանդատներ խլել ընդդիմադիրներից, որպեսզի առանց դժվարության կարողանա երկրի Սահմանադրությունն իր վրայով ձևել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.