Անցնող տարին սոսկալի ծանր էր ու երբեմն մղձավանջային երևակումների շքերթ էր հիշեցնում… Պատահական ծանոթներիցս մեկին՝ հերոսաբար ընկերների հետ մարտական հանձնարարությունը կատարող Իշխան Սարգսյանին, առևանգեցին սեփական պետության տարածքում և Բաքվի դատարանում, որպես ահաբեկչի, դատապարտեցին 19 տարվա ազատազրկման, Ազգային ժողովի ամբիոնից պետական այրը, փողոցային խոսվածքով դիմելով զոհված Հերոսի մորը, «բացատրության» կանչեց նրա ամուսնուն: Այդ ամենին առընթեր կամ այդ ամենի լուսանցքներում գրվում, հրատարակվում էին գրքեր: Ասես ստեղծագործությունը հանկարծ բախեր գոյություն չունեցող ելքերի դռները, հիշեցներ, որ բուտաֆորիայի վերածված իրականության մեջ գրականությունը ոչ թե փախուստ է իրականությունից, այլ՝ վերադարձ իրականությանը, մարդո՛ւ իրականությանը, մտքի իրականությանը: Հայ գրական դաշտում ինձ համար ամենակարևոր իրադարձություններից էր «Իլիականի» նոր հրատարակությունը՝ Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի սքանչելի թարգմանությամբ: Համաշխարհային գրական դաշտում ամենահուսադրող փաստն Աննի Էռնոյին՝ մերօրյա ամենախոր արձակագիրներից մեկին շնորհված Նոբելյան մրցանակն էր, որ ինձ համար բարձր գրականության հաղթանակն էր աշխարհաքաղաքական հրամայականների դեմ: Կարևոր էին իմ վերջին թարգմանության՝ Էքզյուպերիի «Միջնաբերդի» հրատարակությունը, Կունդերայի «Անմահության» թարգմանությունը, որտեղ 1988-ին հեղինակն ախտորոշում-կանխորոշում է այն, ինչ աշխարհն ապրում է այսօր: Եվ վերջապես, ՀԳՄ նախագահի նախաձեռնած 4 անթոլոգիաների շնորհանդեսները, որոնց հերթագայությունը նման էր հրավառության: Ինձ համար այս ձեռնարկների ուղերձը շատ պարզ էր. շեքսպիրյան սահմանմամբ՝ «խելագարի բարբաջանքի» վերածված իրականության մեջ ստեղծագործությունը երբեմն նորոգում է վնասված կենսաթաղանթը, ապաքինում:
Նույն գործընթացը նկատելի էր նաև մեր երկրի սահմաններից անդին: Աշխարհի տարբեր ծայրերում արվեստագետները կարծես ասեին, որ իրենք որոշել են հավատալ բարձր ստեղծագործության ընդվզմանն ընդդեմ աշխարհաքաղաքական աճուրդների և կեղծ մարտիկների՝ թանգարաններում աշխարհի ամենաազնիվ արվեստագետների գործերն անարգող «ակտիվիստների»: Եվ որ իրեն տրված արարն իրագործելու համար ստեղծագործությունը պետք է հավատարիմ մնա իրեն, մնա իր բարձունքին՝ հասարակական-քաղաքական գործիքի, պաստառի վերածվելու փոխարեն: Ի դեպ՝ յուրօրինակ այս սթափեցումը զգալի էր ոչ միայն գրական դաշտում, այլև երաժշտական աշխարհում: Կառանձնացնեմ օտարերկրացի, այդ թվում՝ ռուս երաժիշտների՝ Պլետնյովի, Ֆեդոսեևի, Կլյուչկոյի, Սպիվակովի այցերը, որոնց ներքին բովանդակությունը շատ խորն էր ինձ համար… Հետևելով Վլադիմիր Սպիվակովի համերգից առաջ Օպերային թատրոնի մուտքի առջև խմբված թափորին՝ ես պարզապես տեսա, թե ինչպես այսօր էլ սիրելի երաժշտի ներկայությունը, հակադարձելով քաղաքական օրակարգերին, մագնիսական ձգողականությամբ այդտեղ էր բերել մարդկանց, ինչպես 1988-ին: Ոչինչ չէր փոխվել…
2023 թվականի կանխորոշումը
Կանխորոշումներ անել չեմ կարող, բայց կարող եմ երազել, որ զարկերակը չի լռի: Որ մարդու ստեղծագործ սկզբի ընդվզումը պարտադրվող մղձավանջի և պաստառայնության հաղթարշավի դեմ ենթագիտակցական մղումից կվերաճի մտքի՝ մինչև վերջ գիտակցված դիմադրության: Որ մեզնից յուրաքանչյուրի հավատարմությունը սեփական հիշողությանը կհաղթի չհիշողության խոսնակներին: