«Օդեղեն տունը» բելառուսական ընթերցմամբ / Պավել ՕԼՍՈՎԻ

«Օդեղեն-տունը»Բելառուս բանաստեղծները մեկ անգամ չէ, որ դիմել են բառի հայ նկարչի թարգմանություններին: Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծությունները տպագրվել են բելառուսական «Լիտերատուրա ի մաստացտվա» թերթում, «Բյարոզկա», «Մալադոսց» հանդեսներում, տեղադրվել են «Սոզվուչիե. ԱՊՀ երկրների գրականություն և հրապարակախոսություն» համացանցային պորտալում:
Իսկ բոլորովին վերջերս «Զվյազդա» հրատարակչությունում լույս է տեսել Բելառուսի հայ բարեկամի «Օդեղեն տուն» բանաստեղծությունների գիրքը: 12 ստեղծագործություն բելառուսերեն է թարգմանել հայտնի մանկագիր Միկոլա Չերնյավսկին:
Օդի մեջ
Տուն եմ սարքել,
Դռան դեմ
Շուն եմ կապել
Եվ տան մեջ
Լույս եմ վառել,
Օդի մեջ
Գորգ եմ հյուսել
Եվ գորգին`
Հին մի սուսեր:
Եվ հետո
Կանգնել ուրախ,
Կանչում եմ
Մեկ աջ, մեկ ձախ`
Օդի մեջ
Տուն եմ սարքել,
Դռան դեմ
Շուն եմ կապել:
Էդվարդ Միլիտոնյանը թարգմանչի հետ միասին բելառուս մանուկ ընթերցողին հրավիրում է իր խաղի մեջ: Իր բանաստեղծական-գեղարվեստական հորինվածքները նա ձգտում է հասցնել ընթերցողին՝ ստիպելով տղաներին ու աղջիկներին լրջորեն մտածել և զբաղվել տարբեր հարցերի պատասխանների փնտրտուքով: Օդեղեն տունը երևակայություն է, բայց նաև այն պահպանող շունն է երևակայական կերպար: Եվ տան կողքին օդեղեն այգի է աճում, բայց դա խոչընդոտ չի դառնում հաջորդ գործողության համար.
Օդի մեջ
Տուն եմ սարքել,
Դռան դեմ
Շուն եմ կապել:
Վա՜յ, քամին
Լսեց, եկավ,
Օդեղեն
Տունն իմ տարավ:
Կարդալով Էդվարդ Միլիտոնյանի տողերը՝ հիշում ես Անատոլի Ալեքսինի խոսքերը Ագնիա Բարտոյի բանաստեղծությունների մասին, այն մասին, որ դրանք գրականություն են բոլոր սերունդների համար: Դրանք սովորելով մանկապարտեզում՝ հիշվում են մինչև խոր ծերություն:
Էդվարդ Միլիտոնյանի՝ հումորով, պարադոքսներով, խաղերով, հակադրությունների տարրերով հագեցած բանաստեղծություններում գոյություն ունի առավելագույն ճշգրտություն. լեզվի, բովանդակության, կերպարների մեջ: Եվ այս ամենը հարաբերակցվում է կառուցվածքի, ստեղծագործության ընդհանուր ֆաբուլայի հետ: Երևակայության ու հորինվածքների հիման վրա կառուցված ստեղծագործությունները, այնուամենայնիվ, զերծ են կեղծիքից, ստից և գրավիչ բնույթ են կրում: Բանաստեղծը գտնում է այնպիսի բառեր, այնպիսի շրջադարձեր է շարում ընդհանուր ընթացքի մեջ, որ ընթերցողը համակվում է հեղինակի հանդեպ վստահությամբ: Նույնիսկ ծանոթությունը այնպիսի բանաստեղծության հետ, ինչպես է «Բալլադ մեղուների և ջութակի մասին»-ը, որտեղ մեղուներն ընկնում են… ջութակի մեջ: «Հեռվից հեռու/ Երեք մեղու/ Եկան, ընկան/ Ջութակի մեջ:/ Ու չիմացան/ Որտեղ ընկան,/ Բզբզացին/ Նրանք անվերջ,/ Տզտզացին/ Նրանք անվերջ,/ Ու լսողին/ Թվում էր, թե/ Դա ջութակն է/ Նվագում խեղճ… »:
Եվ ջութակն ինքն իրեն սկսեց արտասվել, նոր հնչյուններ սկսեց արձակել: Իսկ ի՞նչ եղավ հետո: Այդ մասին արդեն պետք է հարցնել ջութակահարին…
Ազատություն տալով գերի մեղուներին՝ նա սկսեց ստեղծել յուրահատուկ բալլադ:
…«Զվյազդայի» կողմից հրատարակված՝ Էդվարդ Միլիտոնյանի «Օդեղեն տուն» գիրքը վարպետորեն պատկերազարդել է երիտասարդ բելառուս նկարչուհի Դանա Ռունովան: Նա գեղարվեստական խոսքի հայ վարպետի բանաստեղծությունները համալրել է իր զգացմունքներով, պատկերացումներով: Եվ արդյունքում «Օդեղեն տունը» «բելառուսական ընթերցմամբ» ձեռք է բերել բարության և գեղեցկության առավել շատ գույներ:
Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծությունների ժողովածուի հետ ծանոթությունը հիշեցրեց, որ Բելառուսի մանուկ ընթերցողների տարբեր սերունդներ տարբեր տասնամյակներում բացահայտել են Հայաստանի շատ մանկագիրների: Միայն «Վյասյոլկա» («Ծիածան») ամսագրում տպագրվել են Գևորգ Էմինի, Գրիգորի Մակունցի, Սուրեն Մուրադյանի, Նանսեն Միքայելյանի, Խաժակ Գյուլնազարյանի ստեղծագործությունները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։