«Դու բացեցիր ոգու մեր գանձարանն անհուն…». Վալերի Բրյուսով – 140 / Ռոբերտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

BryusovԱկանավոր ռուս բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, գրական քննադատ, ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը՝ Վալերի Բրյուսովը (1873-1924) մեծ հետք թողեց Հայաստանի և հայ գրական-մշակութային կյանքի վրա, առաջին հերթին իր «Поэзия Армении» անթոլոգիայի շնորհիվ, (Մոսկվա, 1916 թ.): Մշակութային այս նախաձեռնությամբ հայ մտավորականությունը ցանկանում էր Ռուսաստանին և ողջ քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ, որ հայ ժողովուրդը այնուամենայնիվ ողջ է` չնայած խոշտանգումների, բռնությունների և հայոց արյան հեղեղների՝ Բոսփորից մինչև մայր Արաքս, ու կարողանում է ընդդիմանալ, ներկայացնելով իր հոգևոր բարձրագույն նվաճումները մշակույթի, արվեստի, գրականության, մասնավորապես պոեզիայի, բնագավառում… Դա ազնիվ նպատակ էր, որը և իրականացվեց հայ և ռուս բանաստեղծների ու գրական-հասարակական գործիչների միասնական ջանքերով: Դեռ 1914 թ. ռուսաստանյան մի խումբ հայ մտավորականների մոտ ծնվում է վեհ գաղափար. անհապաղ հրատարակել ռուսերեն լեզվով հայ գրականության մի հավաքածու: Գործը մեծ եռանդով առաջ են տանում Մոսկվայի հայկական կոմիտեի նախագահ, հասարակական գործիչ, լրագրող և հրատարակիչ Ստեփան Մամիկոնյանը, անվանի բանաստեղծներ Ալեքսանդր Ծատուրյանը և Վահան Տերյանը, գրողներ և գրական-հասարակական գործիչներ Պողոս Մակինցյանը, Կարեն Միքայելյանը և մի քանի այլ նվիրյալներ:
Արդեն այդ ժամանակ մոսկովյան ու պետերբուրգյան հայ մտավորականները նկատի են ունեցել Բրյուսովին, Բունինին և այլ պոետների ու թարգմանիչների: Ի դեպ, դիմել հենց Բրյուսովին` որպես հայ պոեզիայի ապագա ժողովածուի թարգմանչի և խմբագրի, խորհուրդ է տվել Մաքսիմ Գորկին:
20-րդ դարասկզբին Բրյուսովը Ռուսաստանում արդեն քաջ հայտնի և սիրված բանաստեղծ ու թարգմանիչ էր, նրա համբավը այնքան մեծ էր, որ հեղինակավոր «Սիրին» հրատարակչությունը նախաձեռնում է բանաստեղծի երկերի լիակատար ժողովածուն` 25 հատորով, որոնցից լույս են տեսնում միայն յոթը՝ բարդ, փոթորկալից ժամանակների պատճառով…
Բրյուսովի ոգևորությունն ու եռանդը համախմբում են Բալմոնտին, Բլոկին, Բալտրուշայտիսին, Վ. Իվանովին, Խոդասևիչին, Շերվինսկուն և այլոց: Հիմնական թարգմանչական «բեռը» Բրյուսովը վերցնում է իր վրա. ժողովածուի մեջ ընդգրկված մոտ 300 բանաստեղծություններից համարյա կեսը նա է թարգմանել, գրել է նաև մեծածավալ ներածական ակնարկ, ուր վերլուծված է հայ ժողովրդի գրականության բազմադարյա պատմությունը, խմբագրել ողջ գիրքը…
Իհարկե, այս ահռելի աշխատանքից ռուս գրողը «գլուխ չէր հանի», եթե կողքին չլինեին հմուտ, բանիմաց ու նպատակին նվիրված հայ մտավորականները` Տերյանը, Ծատուրյանը, Միքայելյանը, Մակինցյանը… 1916 թ. օգոստոսին լույս տեսած «Պոեզիա Արմենիի» ռուսալեզու անթոլոգիան Վ. Բրյուսովի խմբագրությամբ բացառիկ երևույթ էր: Այդ աննախադեպ մշակութային երևույթին արձագանքեց հայկական և ռուսական մամուլը, անվանի ու մեծանուն հայ գրողներ, գրաքննադատներ` Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Ալ. Շիրվանզադեն: Այդ տարիներին Եվրոպայում գտնվող Իսահակյանը 1917 թ. մարտի 18-ին Կ. Միքայելյանին Ժնևից գրված իր նամակում հայտնում է, որ ֆրանսահայ հասարակության հետաքրքրությունը այդ գրքի նկատմամբ խիստ մեծ է և խնդրում է ուղարկել իրեն մի քանի օրինակ` տեղում տարածման համար: Իրոք որ, համաշխարհային թարգմանչական դպրոցի պատմության մեջ դժվար է գտնել Վ. Բրյուսովի «Պոեզիա Արմենիի» հետ համեմատելի մի գործ: Չէ՞ որ գրչի վարպետը եղել է և՛ գործի կազմակերպիչ, և՛ թարգմանիչ, և՛ խմբագիր, և՛ ներածական ակնարկի, և խորը, մանրամասն ծանոթագրությունների ու մեկնաբանությունների հեղինակ: Ավելին, չբավարարվելով «կաբինետային» աշխատանքով, 1915-1916 թթ. սահմանագծին մեկնում է Անդրկովկաս` Բաքու, Թիֆլիս ու Երևան` հանդես գալով հայ պոեզիայի մասին դասախոսություններով և արժանանալով ամենաջերմ ընդունելության, Թումանյանի, Շիրվանզադեի, մյուս մտավորական գործիչների գովեստի, փայլուն գնահատականների ու երախտագիտության խոսքերի… Հայաստանը և Արարատը այնպիսի խոր տպավորություն են թողնում Բրյուսովի վրա, որ նա գրում է բանաստեղծությունների մի փայլուն շարք. «Հայաստան», «Հայերին», «Արարատին», «Արարատը Երևանից», «Տիգրան Մեծը» և այլն: Իրենց հերթին, հայ բանաստեղծները նույնպես անտարբեր չեն մնում իրենց անվանի և տաղանդավոր ռուս ընկերոջ նկատմամբ:
Դու չարչարանաց ահավոր ժամին
Եկար այցելու իմ երկիրն անհույս
Եվ ավետեցիր փրկություն ու լույս,
Երբ հալածում էր մեր նավը քամին:

Վ. Տերյան

Դու սուզվեցիր, վարպետ,
անեզրական այդ ծովը,
Եվ շլացար անծիր մեր
գանձերի փայլից –
Ելար, ինչպես նավազ, որ
գյուտերից գինով է…
Եվ աշխարհի առջև, որ
դեռ ահով էր լի,
Դու բացեցիր ոգու մեր
գանձարանն անհուն –
Եվ մեզ համար դարձար –
անմարելի անուն:

Ե. Չարենց

…Բրյուսովը չի մոռանում իր հայ բարեկամներին նույնիսկ այն տարիներին, երբ անթոլոգիայի աշխատանքներն ավարտվել էին: Նա մտադրվում է շարունակել ստեղծագործական և գործնական աշխատանքը, այս անգամ հայ արձակի ժողովածուի շուրջ, ինչի մասին գրում է 1917 թ. իր վաղեմի բարեկամ Կ. Միքայելյանին ուղղված նամակում: Սակայն ոչ միայն նյութական հարցերը, այլև հասարակական-քաղաքական անհանգիստ, նախահեղափոխական իրավիճակը Ռուսաստանում թույլ չեն տալիս իրականացնել նոր մտահղացումը…
Ռուս գրողը մշտապես վայելում է հայ հասարակության մեծ սերն ու հարգանքը: Բրյուսովի ստեղծագործական ուղին և դերը հայ-ռուսական առնչություններում ուսումնասիրել են Ա. Սուրխաթյանը, Ա. Կարինյանը, Տ. Հախումյանը: Հայտնի են Ա. Իսահակյանի, Շիրվանզադեի, Դ. Դեմիրճյանի, Ստ. Զորյանի, Լեոյի, Մակինցյանի և այլոց հուշերն ու հոդվածները նրա մասին:
1962-ից պարբերաբար անցկացվում են, հիմնականում Երևանում, «Բրյուսովյան ընթերցումներ»: Երեք անգամ վերահրատարակվել է «Պոեզիա Արմենիի» անթոլոգիան (1966, 1973, 1987): Անկախ Հայաստանը նվիրել է Բրյուսովի հիշատակին գեղեցիկ նամականիշ: 2012 թ. Երևանում կայացավ «Բրյուսովյան ընթերցումների» 50-ամյակին նվիրված գիտաժողով, որն ամփոփեց բրյուսովագիտության երկարաժամկետ և արգասաբեր արդյունքները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։