ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏ / Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Գեղarm» գրական հանդեսը (հրատարակիչ՝ «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոն, Ստեփանակերտ) լույս է տեսնում 2002 թվականից և ի սկզբանե ուղղորդված է դեպի թարգմանական գրականությունը, իսկ 2010-ից, որպես հանդեսի մատենաշար, լույս են տեսնում գրքեր, որոնց թիվն արդեն հասել է 27-ի: Մենք զրուցեցինք բանաստեղծ, բ. գ. թ., «Գեղarm» հանդեսի խմբագիր Հրանտ Ալեքսանյանի հետ թարգմանական գրականության ոլորտում անցած 1-2 տարիներին տեղ գտած զարգացումների մասին:
Հրանտ Ալեքսանյանը նշեց, որ 2015-ից բավական ակտիվացել է կենտրոնի հրատարակչական գործունեությունը: Նախ լույս տեսավ «Արդի ռուսական վերլիբռ» անթոլոգիան (թարգմանիչ՝ Հ. Ալեքսանյան), որտեղ ընդգրկված 22 հեղինակների գործերը հաստատում են, որ վերլիբռը ռուսական պոեզիայում իր կայուն տեղն է գտել և այժմ լայն հետաքրքրություն է ներկայացնում:
Ռուս գրականությունից հրատարակվել է Եվգենի Վոդոլազկինի «Լավրը»: Նա ներկայիս ռուս առաջատար գրողներից է, 2014-ին արժանացել է համառուսական «Մեծ գիրք» ամենամյա մրցանակին: Թարգմանիչ Շանթ Մկրտչյանը վեպի փայլուն ռուսերենը վերածել է փայլուն հայերենի:
Անցած տարեվերջին լույս տեսավ «Ռուս այլախոհական պոեզիա» անթոլոգիան (թարգմանիչ՝ Խորեն Գասպարյան): Կարելի է միայն հիանալ, թե խորհրդային բռնատիրության տարիներին ինչպիսի ազատամիտ ու լայնախոհ անհատներ են ապրել ԽՍՀՄ-ում, ովքեր բանտային ու աքսորի ծանր պայմաններում անգամ գրել են մարդկայինն ու ազատությունը գովերգող և բռնակալությունը դատապարտող բարձրարվեստ գործեր: Գրքում ընդգրկված 12 հեղինակները, ըստ էության, խորհրդային քաղբանտարկյալներ էին, ազատության իսկական մարտիկներ:
Հրատարակվել է Լյուդմիլա Պետրուշևսկայայի պատմվածքների ժողովածուն (թարգմանիչ՝ Գայանե Բախտամյան), ռուսական պոեզիայից՝ «Դիկոռոսներ» խորագրով ժողովածուն (թարգմանիչ՝ Նվարդ Ավագյան): Սույն անթոլոգիան ներկայացնում է բավականին հետաքրքիր գրական մի համայնք, որ գոյություն ուներ վերջին 40-50 տարիներին: Այստեղ իրենց գրական «արդարացումն» են գտել մի մեծ խումբ հեղինակներ, որոնք տարբեր պատճառներով (քաղաքական, հասարակական, գաղափարական), մուտք չեն գործել գրական ասպարեզ, բայց գնահատելի, հետաքրքիր ստեղծագործողներ են:
Հրանտ Ալեքսանյանը հայտնեց, որ օրերս լույս տեսավ ռուս գրականության խոշոր ու պայծառ դեմքերից մեկի՝ Անդրեյ Բելիի հանրահայտ «Պետերբուրգ» վեպը (թարգմանիչ՝ Վարդան Ֆերեշեթյան), որը դասական գործ է, իսկ հեղինակը կապված էր հայ ժողովրդի հետ, ունի մի հրաշալի ուղեգրություն՝ նվիրված Հայաստանին, որն առայժմ թարգմանված չէ և կներառվի հետագա թարգմանչական ծրագրերում: «Պետերբուրգի» թարգմանությունն ու հրատարակությունը ակնհայտ ձեռքբերում է՝ նշեց մեր զրուցակիցը:
Թարգմանվել ու հրատարակվել է Պավել Բասինսկու վավերագրա-գեղարվեստական վեպը՝ նվիրված Լև Տոլստոյի կյանքի վերջին տարվան, նրա փախուստի ժամանակագրությանն ու մեկնությանը,-թե որոնք են մեծ գրողի անձնական ու աշխարհայացքային ողբերգության ու ճգնաժամի պատճառները: Գիրքը ծավալուն է, ընդգրկուն՝ հարուստ հետաքրքիր մեկնաբանություններով ու նորահայտ փաստերով: Թարգմանությունը հաջողությամբ է իրագործել Ներսես Աթաբեկյանը:
Ռուս գրականությունից նախորդ տարում հրատարակված ուշագրավ գրքերից Է Վասիլի Գրոսմանի «Կյանք և ճակատագիր» երկհատոր վեպը (թարգմանիչ՝ Ն. Աթաբեկյան): Նույն թարգմանչի ուժերով է հրատարակվել նաև Ալեքսանդր Սոլժենիցինի «Մատրյոնայի կալվածքը» խորագրով պատմվածքների գիրքը: Կարծում եմ, նշեց մեր զրուցակիցը, որ մեր ընթերցողների ուշադրությունը կգրավի նաև Անդրեյ Պլատոնովի գիրքը, որտեղ ընդգրկված են գրողի հանրահայտ «Չեվենգուր» վեպը (թարգմանիչ՝ Վարդան Ֆերեշեթյան) և «Գուբը» վիպակը՝ Հրաչյա Բեյլերյանի թարգմանությամբ: Հիշյալ գրքում տեղ են գտել նաև Պլատոնովի պատմվածքներից:
Ռուսական պոետական անթոլոգիաների շարքում նշենք «Կամուրջների խռովությունը. մետաֆորիստներ» գիրքը (թարգմանիչ՝ Հ. Ալեքսանյան):
Մեծ է կենտրոնի հետաքրքրությունը հատկապես չինական գրականության նկատմամբ. կատարվող թարգմանությունները ռուսերեն և անգլերեն տարբերակներից են: Հրատարակվեց Չինաստանի մշակույթի քրեստոմատիան (թարգմանությունը՝ Նվարդ Ավագյանի), որտեղ ներկայացված են չինական մշակույթի առանցքային երևույթները, սկսած մթա. 6-7-րդ դարերից մինչև մեր օրերը. ինչ են հիերոգլիֆները, կոնֆուցիականությունը, չինական ճարտարապետությունը, օպերան, զարդարվեստը և այլն, որոնք այսօր համաշխարհային ճանաչում ունեն, բայց դրանց բուն էությունն առայժմ շատերին անճանաչելի ու անհասկանալի է:
Չինական գրականությունից հրատարակվել է նաև Ջիդի Մաջիայի «Հրեղեն խոսքեր» խորագրով ժողովածուն, որը կազմված է երկու բաժնից՝ բանաստեղծություններ և էսսեներ: Բանաստեղծությունները թարգմանել է Քրիստինե Բալայանը, էսսեները՝ Աստղիկ Աթաբեկյանը (երկուսն էլ՝ անգլերենից): Գիրքն ունի գեղարվեստական ուրույն որակներ, գրավիչ է և՛ գեղագիտորեն, և՛ ճանաչողական առումով: Չինական գրականությունից մյուս ժողովածուն, որ հրատարակվել է 2015-ի երկրորդ կեսին, կոչվում է «Սրտի արձագանքներ», հեղինակ՝ Մա Քայ, որը 1960-ականներից սկսած՝ ականատեսն է Չինաստանում կատարվող բոլոր կարևորագույն իրադարձությունների, որոնք էլ կազմում են նրա բանաստեղծությունների հիմնական նյութը: Բանաստեղծական հետաքրքիր հրատարակություն է նաև Քայ Տյան Սինի «Խաղաղ կյանքի երգը» ժողովածուն (թարգմանիչ՝ Լիլիթ Ղազարյան): Այս գրքով ընթերցողը կարող է նկատել, թե նոր սերնդի պոետները, մասնավորապես Ք. Տյան Սինը, ինչպես են սինթեզում չինական դասական պոեզիայի ավանդույթները պոետական արդի մտածողության ու արտահայտչամիջոցների հետ:
Անցած ամիսներին չինական պոեզիայից հրատարակված գրքերի ցանկում են Յու Ջիանի (թարգմանիչ՝ Լ. Ղազարյան) և Չժան Ցզի-յանի (թարգմանիչ՝ Հ. Ալեքսանյան) ստեղծագործությունները: Յու Ջիանը չինական ժամանակակից պոեզիայի առաջատար դեմքերից է, նորարար, ով դասական պոեզիային ի հակակշիռ բերել է նոր մտածողություն ու բառապաշար, և հայտնի է որպես կյանքի «կոշտ» երևույթները բանաստեղծության վերածող պոետ: Հ. Ալեքսանյանի բնորոշմամբ՝ իր հայ ընթերցողին անպայման կգտնի նաև Չժան Ցզի-յանը, ով չինական դասական պոեզիայի հետևորդներից է, բայց և հետամուտ է նոր արտահայտչամիջոցներով պատկերելու մարդուն, ժամանակն ու աշխարհը: Հետաքրքրությամբ կընթերցվի Վան Զենչկիի «Երիտասարդ վանականի սիրո պատմությունը» խորագրով պատմվածքների գիրքը (թարգմանիչ՝ Լ. Ղազարյան): Պատմվածքներում գեղարվեստա-փաստական հարուստ նյութի հիման վրա նկարագրվում են ժամանակակից Չինաստանի կյանքն ու «կառուցվածքը»: Հ. Ալեքսանյանը տեղեկացրեց, որ կշարունակվի չինական մտքին ու մշակույթին նվիրված աշխատության հրատարակությունը 5 հատորով:
Հիշեցնենք, որ գրքերը թարգմանվում և հրատարակվում են «Ոգի¬Նաիրի» գեղարվեստի կենտրոնի կողմից, «Գեղarm» հանդեսի մատենաշարով. ծրագիրը լուսավորչական է, բիզնես շահ չի հետապնդում, գրքերը մեծավ մասամբ տրամադրվում են ընթերցողական շահագրգիռ շրջանակներին, գրադարաններին, գրական հաստատություններին, անձանց, ովքեր ուզում են կարդալ, առնչվել բարձր գրականության, հոգևոր արժեքների հետ: Գրքերը տարածվում են Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:
Ստեփանակերտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։