ՓՈՔՐԻԿ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ՝ ՀԱՃԵԼԻ ԱՌԻԹՈՎ / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Ինձ գրքեր հաճախ են նվիրում. և՛ գրչընկերներս, և՛ դեռ անծանոթ հեղինակներ, որը նոր ծանոթությունների, երբեմն անակնկալ բացահայտումների առիթ է դառնում: Դա միշտ էլ հաճելի է: Բայց այն ժողովածուն, որ օրերս ստացա իմ գրչեղբայր, Գրողների միության Գյումրու բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանից, առանձնահատուկ ուրախությամբ, հաճելի հուզմունքով համակեց ինձ: Իսկ թե ինչու, երևի գրքի վերնագրից արդեն կգուշակեք՝ «Նոր ձայներ. 43 տարի անց»: Այո՛, հետաքրքիր նախաձեռնություն են հանդես բերել ուշագրավ այս ալմանախն ստեղծողները. արդեն մերօրյա բանաստեղծությունների տասնյակով ու համառոտ կենսագրականով տեղ են գտել հեռավոր 1975-ին հրատարակված «Նոր ձայներ» գրքում տպագրված հեղինակները, որ այն ժամանակ գրական աշխարհում նոր-նոր երևացող երիտասարդ ու սկսնակ բանաստեղծներ էին: Այնպես որ, արժանին պիտի մատուցել այն կազմող Անդրանիկ Կարապետյանին ու տպագրության հովանավոր, կաունասաբնակ բանաստեղծուհի Սոնյա Խաչատրյան-Ստրալեցկիեին, ով, ի դեպ, և՛ նոր, և՛ հին «Նոր ձայներ»-ի հեղինակներից է նաև…
Նախ՝ մի քանի անգամ թերթեցի նորընծա ժողովածուն, բնականաբար, սկզբում կարդալով իմ բանաստեղծությունները, մի քիչ նորովի, այլ հայացքով, ինչպես սովորաբար լինում է, երբ որևէ նոր հրապարակում եմ ունենում, ապա՝ անցա մյուս հեղինակներին, հաճելիորեն ինձ համար արձանագրելով, որ այժմ նրանք հիմնականում արգասավոր ճանապարհ անցած գրողներ են, այսօրվա մեր գրականության մեջ հայտնի անուններ. Հովիկ Վարդումյան, Սամվել Կոսյան, Սամվել Բեգլարյան, Հովհաննես Ղազարյան, Էդվարդ Միլիտոնյան, Արտաշես Արամ (Ղազարյան)…
Մտովի դեպի հին օրերը գնացի, հիշեցի, թե ինչպես, ում շնորհիվ ես ևս, ինձ համար էլ անսպասելի, այդ ալմանախում հայտնվեցի, ու ինչպիսի՜ ուրախություն, ի՜նչ հրճվանք էր դա այն ժամանակ ինձ համար, վստահ եմ՝ նաև տպագրված մյուս բոլոր երիտասարդ հեղինակների համար: Ահա ինչու ցանկություն առաջացավ այդ մասին պատմել անպայման:
Դա այն շրջանն էր, երբ գյուղատնտեսական ինստիտուտի շրջանավարտ երիտասարդ ինժեներս ի վերջո հիմնովին տարվել էի լրագրությամբ ու գրականությամբ: Քանի որ հասցրել էի մեկ-երկու անգամ բանաստեղծական շարքեր տպագրել ժամանակի ամենասիրված ու հեղինակավոր պարբերականներում՝ «Ավանգարդ» թերթում ու «Գարուն» ամսագրում, ուստի՝ սկսել էի ժամանակ առ ժամանակ խնամքով մեքենագրել, ըստ բաժինների մի թղթապանակի մեջ դասավորել, վերադասավորել հին ու նոր բանաստեղծություններս, իհարկե, արդեն երազելով գիրք ունենալու մասին:
Եվ այսպես, եկավ մի օր, երբ, ըստ իս, ժողովածուս վերջապես պատրաստ էր, բայց, արի ու տես, որ մի տեսակ վախենում, վարանում էի հրատարակչություն գնալ: Ու երևի դեռ երկար այդպես շարունակվեր, եթե ինձ օգնության չհասներ իմ սիրելի «Գարունը»: Ասեմ՝ ինչպես. մի օր ամսագրի հերթական համարում կարդացի հրատարակչության ավագ խմբագիր Համլետ Կարճիկյանի հարցազրույցը, որտեղ հրատարակչական որոշ խնդիրների, խմբագրական իր սկզբունքների մասին խոսելով, նա նշում էր նաև, որ իր համար հատկապես հաճելի է աշխատել երիտասարդ հեղինակների հետ, անգամ ինչ-որ բան է սովորում նրանցից: Ու սա եղավ այն կարևոր ազդակը, որն ի վերջո վճռականոթյուն, համարձակություն պիտի ներշնչեր ինձ. հաջորդ օրն իսկ, վաղ առավոտյան, թղթապանակը թևիս տակ, հրատարակչությունում, գեղարվեստական գրականության բաժնում հայտնվեցի:
Մամուլից, գրքերով ինձ լավ ծանոթ բանաստեղծ, թարգմանիչ Համլետ Կարճիկյանը սիրալիր ու բարյացակամ ընդունեց ինձ: Ասացի, որ եկել եմ հատկապես «Գարունի» իր հարցազրույցը կարդալուց հետո, ուզում եմ գիրքս ներկայացնել տպագրության: «Եթե, իհարկե, արժանիքներ ունի»,- ավելացրի վերջում, կարմրելով: Բարեհոգի ժպտաց, անշտապ բացեց թղթապանակը, մեկ-երկու բանաստեղծություն կարդաց ու փակելով, ասաց, որ մեկ շաբաթից կարող եմ գալ պատասխան ստանալու:
Թե ինչ հուզումների, անհամբեր սպասման մեջ անցկացրի այդ մեկ շաբաթը, լավ կարող են պատկերացնել միայն նրանք, ովքեր երբևէ նման «քննություն հանձնել են»:
…Ավագ խմբագիրն առաջին օրվանից ավելի սիրալիր ընդունեց սկսնակ բանաստեղծիս, ժպտադեմ հրավիրեց նստել, ու դա արդեն ինձ որոշակի վստահություն ներշնչեց:
– Բանաստեղծություններիդ ծանոթացա, տպավորությունս միանգամայն դրական է: Մի խոսքով, ժողովածուդ անպայման կներկայացնեմ պլանավորման, բայց գիտես, չէ՞, որ այն նախ ներքին գրախոսության պիտի հանձնվի: Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի,- ասաց նա:
Հաճելի հուզմունքից շիկնել-կարկամել էի, միայն կցկտուր կարողացա շնորհակալություն հայտնել ու պատրաստվում էի հրաժեշտ տալ, բայց ով կմտածեր, որ ինձ ևս մի լավ, երևի առաջինից ավելի ուրախալի լուր է սպասվում.
– Գիտե՞ս, Լևոն, պարզապես բախտդ բերեց, որ գիրքդ մի շաբաթ շուտ հրատարակչություն բերեցիր. մենք մի ալմանախ էինք պատրաստել տպագրության՝ միայն երիտասարդ բանաստեղծների մասնակցությամբ, կոչվում է «Նոր ձայներ»: Կարելի է ասել, վերջին պահին՝ հենց տպարան իջեցնելուց առաջ, հասցրի քո բանաստեղծություններից մի քանիսն ավելացել գրքում: Երևի մի ամսից այն լույս կտեսնի, այնպես որ, հիմա էլ քեզ կարելի է շնորհավորել:
Մոտ մեկ ամսից ալմանախը իրոք, տպագրվեց և, որքան հիշում եմ, գրական շրջանակներում լավ արձագանք գտավ: Ժողովածուի վերաբերյալ «Գրքերի աշխարհ» և «Ավանգարդ» թերթերում տպագրված գրախոսականներում մի շարք հեղինակների գործերի հետ իմ բանաստեղծություններն էլ դրական գնահատականի արժանացան, ու ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ «Նոր ձայները» կարևոր դեր խաղաց իմ գրական ճակատագրում, ինքնահաստատման, ստեղծագործական կողմնորոշման ճանապարհին, ակնհայտորեն նպաստելով «Քեզ սերն է ծնել» առաջին գրքիս տպագրությանը՝ հենց «Նոր ձայներ» կոչվող մատենաշարով…
Տարիներ անց, երբ Համլետ Կարճիկյանի հետ արդեն ավագ ու կրտսեր գրչընկերներ, լավ բարեկամներ էինք, մի օր, հարմար առիթով, այս ամենը պատմեցի նրան, հիշեցրի իր այդ լավության մասին՝ անշուշտ, ավելի լիարժեք շնորհակալություն հայտնելով: Գոհունակ ժպտաց, ջերմորեն թփթփացրեց ուսիս. «Կարևորն այն է, որ չեմ սխալվել, Լևոն ջան», ու անմիջապես խոսակցության թեման փոխեց: Բայց քանի որ, ահա, հաճելի առիթ է ներկայացել, կարծում եմ՝ միանգամայն տեղին է նաև այսպես գրավոր իմ ողջույնը հղել ու նորից երախտագիտությունս հայտնել նրան: Ցավոք, վերջին շրջանում վատառողջ է, առաջվա ակտիվությամբ չի մասնակցում գրական կյանքին, ուստի՝ ամբողջ սրտով նախ՝ առողջություն եմ ցանկանում իմ ավագ գրչեղբորը ու հետո, իհարկե, ստեղծագործական ավյուն մաղթում:
Ի՜նչ լավ է, որ ոչ այնքան բարի այս աշխարհում մեր ճանապարին բարի, սրտացավ, միշտ լավության պատրաստ մարդիկ են հանդիպում: Ու, վստահ եմ, դեռ կհանդիպե՛ն:

Հ.Գ. Ի դեպ, վատ չի լինի, եթե մեր քննադատներից որևէ մեկը լրջորեն անդրադառնա հին ու նոր «Նոր ձայներ»-ին: Դա, կարծում եմ, պատեհ առիթ ու հնարավորություն է՝ մեր պոեզիայի զարգացման որոշ միտումներին ու օրինաչափություններին անդրադառնալու:

One thought on “ՓՈՔՐԻԿ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ՝ ՀԱՃԵԼԻ ԱՌԻԹՈՎ / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։