Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ
Հայոց ցեղասպանության թարմ հետքով.
Դերենիկ Դեմիրճյանի «Հովնան մեծատուն» դրաման
Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունը դեռևս խորհրդային տարիներին հանգամանորեն ուսումնասիրվել, հրատարակվել և բազմիցս վերահրատարակվել է: Ակադեմիական հրատարակությունը կազմում է 14 ստվար հատոր: Թվում է, թե ոչինչ պիտի վրիպած չլիներ մասնագետների ուշադրությունից: Բայց Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը ղեկավարելու մեր երկարամյա գործունեության ընթացքում ոչ քիչ առիթներ ենք ունեցել՝ համոզվելու հակառակում: Նախորդիվ դասականի արխիվից և մասնավոր անձանց մոտ պահպանված նյութերից ի մի ենք բերել և հրատարակել դեմիրճյանական չափազանց ուշագրավ մասունքներ՝ բանաստեղծություններ, նամակ, հեքիաթ, խոհագրություն: 2017-ին բարեբախտություն ունեցանք Գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդից գտնել մինչ օրս անտիպ «Հովնան մեծատուն» դրամայի տեքստը՝ բաղկացած բնագիր, ձեռագիր, մեքենագիր պատառիկներից[1]: Ընթերցողին առաջին անգամ ներկայացվող այս թատերգությունը, որ գրվել է 1918-19 թթ., մենք վերծանել, խմբագրել և համակարգել ենք հենց այդ տարբերակների հիման վրա:
Տարիներ շարունակ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան են եկել գրականագետներ, թատերագետներ, ասպիրանտներ, ուսանողներ, որոնք փնտրում էին գրողի «Հովնան մեծատուն» դրաման՝ հոդված, ատենախոսություն գրելու կամ պարզապես ընթերցելու նպատակով: Մեծ է եղել նրանց հիասթափությունը, երբ տեղեկացել են, որ անգամ գրողի մասունքները պահպանող հարկի ներքո չկա թատերգության որևէ հրատարակություն: Մեր բազմաթիվ փնտրտուքները հայաստանյան գրապահոցներում և հարցումները սփյուռքից եկած մարդկանց մնում էին անարդյունք. այդ ստեղծագործության տպագիր և ոչ մի օրինակ հնարավոր չեղավ գտնել: Ամենահավաստի տեղեկատվությունը զետեղված է ՀՀ գրադարանների էլեկտրոնային կատալոգում, որում միայն մի ծանուցում կա, թե 2017 թվականին եղել է առաջարկություն՝ հրատարակելու «Հովնան մեծատուն» դրաման, եթե գտնվի հովանավոր: Ասենք, որ այդ առաջարկությունն արվել է մեր կողմից՝ դրամայի պատառիկները վերծանելու այն փուլում, երբ հասկացել ենք, որ թեև ֆոնդային նյութը բաղկացած է առանձին կտորներից, բայց ընդհանուր առմամբ հնարավոր է ամբողջացնել և ընթերցողին մատուցել ավարտուն երկ:
Որոշ մասնագետներ մեզ փորձել են հակադրվել, երբ մենք հայտարարել ենք, թե «Հովնան մեծատունը» անտիպ ստեղծագործություն է: Քանի որ վերլուծություններն այդ թատերգության մասին բավական հանգամանալից են ու ստվարածավալ, և քանի որ մարդիկ, դրանք կարդալով, ձեռք են բերել որոշակի պատկերացում երկի վերաբերյալ, ունեցել են այն պատրանքը, թե կարդացել են հենց հեղինակային տեքստը: Երբ այդ անձանցից փորձում էինք պարզել, թե հատկապես որտե՞ղ, ո՞ր հատորում, ո՞ր թվականին են կարդացել այն, կարկամում էին ու ստիպված լինում զարմանքով խոստովանել, որ իրենք, այո՛, ունեն որոշակի պատկերացում դրամայի մասին, գիտեն անգամ սյուժեն, որը ցնցող է, սակայն չեն հիշում, թե որտեղ և երբ են այն կարդացել: Մեզ մնում էր նրանց հուշել, որ իրենք կարող են կարդացած լինել դրա վերլուծությունը Հրայր Մուրադյանի «Դերենիկ Դեմիրճյան»[2], Արծվի Հունանյանի «Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան»[3], Հրանտ Թամրազյանի «Դերենիկ Դեմիրճյան»[4], ՀՍՍՀ ԳԱ հրատարակած «Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունը»[5] աշխատություններում և կամ որոշակի տեղեկություն ձեռք բերած լինել 1930-ականներին Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին մոտ կանգնած անձանցից, քանի որ այն ժամանակին փորձել է բեմադրել Վարդան Աճեմյանը:
Ասվածը հաստատող մի քանի փաստ է հիշատակվում Դեմիրճյանի նամականիում:
1933 թվականին Արմեն Գուլակյանին Դեմիրճյանի գրած նամակում կարդում ենք. «Սիրելի Արմեն, ես պիեսի բոլոր փոփոխությունները արի: Գլխավորապես փոխվել է վերջին գործողությունը: Իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գործողություններում ինչ փոփոխություններ որ կան, կարելի է փորձի ժամանակ, ձեռաց գրել-տալ: Մնացածը թողել եմ այնպես (այսինքն՝ այն պայմանական նշաններով և ուղղումներով, որ ինքը Աճեմյանն է արել, և ինքն ու դերասանները ավելի լավ գիտեն): Դրանց ձեռ չեմ տվել: Համենայնդեպս՝ թող ինքը ուշադրությամբ տեքստը կարդա: Բայց, որ գլխավորն է, փորձերն սկսելուց առաջ մի անգամ ինձ հետ թող տեսնվի»[6]:
Եվս երկու նամակում Դեմիրճյանն անդրադառնում է «Հովնան մեծատուն» դրամային, և այս դեպքում խոսում դրա բնագիրը կորցնելու վախերի մասին:
Նամակներից մեկը, գրված 1923 թվականին, ուղարկվել է Վահան Թոթովենցին, մյուսը, գրված 1933 թվականին՝ Արմեն Գուլակյանին:
Ստորև ներկայացնում ենք այդ նամակներից արված համապատասխան քաղվածքները:
Վահան Թոթովենցին. «Ի դեպ ասեմ, հանկարծ միտս ընկավ, ի սեր Աստծո, «Նորքին» ուղարկած երկու պատմվածքս՝ «Adagio»[7] և «Ֆըսքըիե»[8], անպայման պահանջիր և ուղարկիր ինձ: Կորցնել-մորցնել չլինի: Անշուշտ, մեկը թաքցրել է և պարզապես օգտվել է ուզում: Իմիջիայլոց, պիտի պարզն ասեմ, որ իմ ձեռագիր նյութերի ընթերցումներից և բերանացի պատմելուց բավական օգտվել են զանազան անձեր: Ուզում եմ հրապարակավ հայտնել, ի լուր գրագետների, որ «Հովնանի» վերջին արարի «Աստծուն թաղելը» և հատուկ տեսարանը իմն է, կարդացված է չորս տարի առաջ… (Այսպիսի տեսարանի մենք չհադիպեցինք պահպանված ինքնագրում, հավանաբար Դեմիրճյանը հանել է այն թատերգությունից հենց այն պատճառով, որ ուրիշ մեկն արդեն դա յուրացրել և հանրայնացրել է՝ որպես սեփական մտահղացում։ – Կ. Ռ.) …«Հովնանի» համայնացնողի անունը կտամ, եթե հարկ լինի և ժամանակը գա, նույնպես և «Լոթիների»[9]: Զգո՜ւյշ կաց և ոչ ոքի մի՛ կարդա ձեռագիր ոչ մի բան և մի պատմի իդեան, մինչև որ հրատարակես: Նյութով աղքատ, ուրեմն և՝ հոգով աղքատ մեր սերունդը տարօրինակ ձևերով է խտացնում ժամանակիս իրավունքը: Այս ամենը մեր մեջ»[10]:
Արմեն Գուլակյանին. «Սիրելի Արմեն, շատ խնդրում եմ ապահովես, որ «Հովնանի» բնագիրը չկորչի: Եթե քեզ մոտ է, թո՛ղ մնա, իսկ եթե մեքենագրուհու կամ Արաքսմանի մոտ, մի կերպ իմաց արա նրանց, որ բերեն ինձ»[11]:
Կարծում ենք՝ հենց այս մտավախությունն էլ մղել է Դեմիրճյանին այնքան խորը թաքցնել իր երկը, որ այն հնարավոր եղավ գտնել ու հանրայնացնել իր ստեղծումից հարյուր տարի անց միայն:
Կարող էր դեր ունենալ մեկ այլ հանգամանք ևս, որ Դերենիկ Դեմիրճյանի տպագրված երկերի ցանկից դուրս մնա այնպիսի ծավալուն և մասնագիտական շրջանակում հայտնի երկ, ինչպիսին է «Հովնան մեծատուն» դրաման: Բանն այն է, որ այս երկում, առաջին անգամը լինելով, գրողը բացահայտ ու առանց պայմանականությունների անդրադառնում է 1915-ին հայ ժողովրդին պատուհասած մեծագույն աղետին՝ Հայոց ցեղասպանությանը: Այստեղ գրողը մեր ազգային ողբերգությանն այնպիսի շեշտադրումներ է հաղորդել, որ դրանք չէին կարող գոհացնել ո՛չ Ցեղասպանության իրական պատկերը քողարկող խորհրդային ղեկավարներին, ո՛չ հայ ազգայնականներին, ո՛չ էլ, բնականաբար, Ցեղասպանությունն առ այսօր ժխտող-բացառող թուրք արնախումներին:
Ավելին, Դերենիկ Դեմիրճյանի գրականության փայլուն գիտակ, խորհրդային գրականագետ Հրայր Մուրադյանը պարտադրված էր «Հովնան մեծատուն» դրամայի իր վերլուծականում հայտնել այսպիսի տեսակետ. «Դեմիրճյանն անկարող է եղել բարձրացված թեմայի մեջ գտնել վեհն ու հերոսականը: Պատկերվող դեպքերի ահավորությունը ընկճել է հեղինակին, զրկել լուսավորն ու մարդկայինը տեսնելու կարողությունից: Պատահական չէ, որ դրամայի հերոսները բոլորը՝ դրական թե բացասական, կործանվում են: Չկա մեկը, որի մեջ հեղինակը կամենար շեշտել վաղվա հեռանկարը: Բացակայում է փրկավետ հավատն այն բանի, որ կայծակնահար խորտակված կաղնու արմատից վաղը ընձյուղներ են դուրս գալու՝ պարզվելով լույսին և արևին, իրենցով կենդանացնելու և շենացնելու ժամանակավորապես ամայացած երկիրը»[12]։
Բարեբախտաբար, այսօր փոխվել են մտածողությունն ու իրավիճակը, և մեզ ոչինչ չի խանգարում բարձրաձայնել հայ ազգի ճակատագրին առնչվող անցքերի իսկությունը: Այս տեսնկյունից ելնելով՝ վստահեցնում ենք, որ Դեմիրճյանն իր տաղանդի ողջ ուժով, իր անաչառ գրչի բացառիկ վարպետությամբ երևակել է մեզ համար ցավագին մի թեմա՝ անաչառորեն պատկերելով հային պարտադրված ապամարդկային իրականության ողջ ահավորությունը:
Հավելենք, որ «Հովնան մեծատուն»-ի բնագիրը վերծանելուց, «Բագին» պարբերականում և Ardi.am կայքում հրապարակելուց հետո մենք տեղեկացանք, որ նույն առաքելությունն իրագործել է Ֆրանսիայում ապրող մեր մտավորական հայրենակից Արբի Հովհաննիսյանը: Նրա պատրաստած տարբերակը լույս է տեսել «Թատերկաշար» եռահատորի Ա հատորում: Մենք այս հրատարակությանն անդրադարձել ենք տուն-թանգարանում կազմակերպած միջոցառման շրջանակներում և ուրախ ենք, որ Արբի Հովհաննիսյանի հրատարակած հատորները պահպանվում են մեր թանգարանի ֆոնդում:
«Հովնան մեծատուն» դրամայից մեկ հատված ենք ներկայացնում ընթերցողին:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ
[1]․ Այդ նյութերը պահպանվում են Գրականության և արվեստի թանգարանում /ԳԱԹ/, ԴՖ, թիվ 500-507:
[2]․ Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961թ.:
[3]․ Արծվի Հունանյան, Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1988թ.:
[4]․ Հրանտ Թամրազյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1977թ.:
[5]․ Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1980թ.:
[6]․ Դերենիկ Դեմիրճյան, Երկերի ժողովածու 14 հատորով, հ. 14, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1987թ., էջ 363: Նամականիից հետագա մեջբերումները կլինեն այստեղից:
[7]․ Պատմվածքի սևագիր ինքնագիրը թվագրված է 1912, առաջին անգամ տպագրվել է 1940թ.:
[8]․ Անտիպ գործ է, պահպանվում է ԳԱԹ-ում, ԴՖ, թիվ 370, 371:
[9]․ Այս ստեղծագործության առնչությամբ գրողի երկերի ակադեմիական հրատարակության խմբագիր Պ. Հոկաբյանը գրում է, թե սա «Քաջ Նազար» պիեսն է: 14-րդ հատորում՝ 605 էջի ծանոթագրության մեջ, մասնավորապես կարդում ենք. «Դ. Դեմիրճյանի արխիվում «Լոթիներ» վերնագրով դրամատիկական գործի որևէ ձեռագիր կամ պատառիկ չի պահպանվել: Այդ պիեսը հիշում է նաև Թոթովենցը: 1921թ. Պոլսի թերթերում Կովկասահայ գրականության մասին տպած ակնարկում նա, իմիջիայլոց, նշում է. «Դ. Դեմիրճյան կը գրե Լոդիներու մասին փիես մը, որ կրնա նոր շրջան մը բանալ Կովկասի հայոց գրականության մեջ»:
[10]․ Նույն, էջ 331:
[11]․ Նույն, էջ 362-363:
[12]․ Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1961, էջ 126-127:
ՀՈՎՆԱՆ ՄԵԾԱՏՈՒՆ
(հատված)
¥Հասան բեյը դուրս է գնում: Մի պաշտոնյա, դիմացի դռնից մտնելով, խոնարհ բարևում է Հասան բեյին և ապա դիմում Հովնանին՝ նույնպես խոնարհ բարևելով¤:
Պաշտոնյա – Հովնա՛ն էֆենդի, Վալի փաշան այս րոպեիս ձեզ կընդունի պատշգամբում: Մենա՞կ եք:
Հովնան – Ո՛չ, քաղաքացիներ կան: (Ցույց տալով աջ կողմը) Այնտեղ սպասում են:
Պաշտոնյա – Ուրեմն Վալի փաշան այս րոպեիս դուրս կգա:
¥Պաշտոնյան գլուխ է տալիս և հեռանում նույն դռնից: Հասան բեյը դիմում է դեպի աջ դուռը և դուրս ելնում: Հենց նա դուրս է ելնում, դուռը բացվում է, և քաղաքացիները ներս են մտնում: Նրանց մեջ են Սահակը, Ջնդոն, Զարդարը և Եղոն: Սրանք առաջ են անցնում: Նրանց հետևում են մի խումբ այլ պատվավոր քաղաքացիներ: Սրանք բարձրանում են սանդուղքով Հովնանի մոտ՝ պատշգամբի աջ գլուխը: Իսկ բակը հետզհետե լցվում է մեծ ամբոխով: Ձախ դռնից ներս է գալիս Վալի փաշան: Հովնանը և քաղաքացիք խոնարհ ողջունում են նրան: Վալի փաշան քաղաքավարի և սիրալիր բարևում է, նստում բազմոցին¤:
Վալի – Ինչո՞ւ եք նեղություն կրել, որդի՛քս:
Հովնան – Ձեր ողջությունն ենք հարցնում, Վալի՛ փաշա:
Քաղաքացիներ – Ձեր ողջությունը:
Վալի – Մեծապես շնորհակալ եմ: Հուսամ՝ քաղաքը անվրդով պատրաստ է ճամփա ընկնելու:
Հովնան – Քաղաքից պատգամավոր ենք: Բնակչությունը հուզված է մեծապես:
Վալի – Զարմանալի է, ինչո՞ւ:
Հովնան – Իրադեի միտքը կուզեինք պարզել, Վալի փաշա: Ի՞նչ է տրամադիր Իրադեն բնակչության այն մասի համար, որ անպարտ է և օրինական:
Վալի – Իրադեի միտքը պարզ է, էֆենդինե՛ր: Մի կարգ վայրեր պատերազմի կրակին մոտ են և վտանգված: Պետք է մարդկային կյանքերն ապահովենք: Ուստի բնակչությունը կառավարության պաշտպանությամբ պարպելու է իր բնակավայրը և ապահով տեղափոխվելու ավելի ներսերը՝ մինչև պատերազմի վտանգներն անցնեն: Է՜հ, որդի՛քս, հեշտ բան չէ՞ր այս պարզ բանը հասկանալը:
Հովնան – Հեշտ բան է հասկանալը, բայց շատ դժվար բան է այդ բանը, տե՛ր իմ: Թողնել տուն, օջախ, հայրենի հող և մեկնել հեռու Արաբիա… Շատ դժվար է այս պարզ բանը, վսեմափա՛յլ տեր իմ…
Վալի – Այդքան մի հուզվեք, Հովնա՛ն էֆենդի, պարզապես մեկ փոքրիկ անհարմարություն է, կամ լավ ևս՝ անսովորություն:
Հովնան – Գուցե, վսեմափա՛յլ տեր, Իրադեն ինչ որ բան նախատեսո՞ւմ է ծերերի, մանուկների, հղիների համար: Ի՞նչ պիտի լինի նրանց վիճակը:
Վալի – Առանձին գրություն չեմ ստացել այդ մասին տակավին:
Հովնան – Ուրեմն ի՞նչ անենք, երթանք փչանա՞նք:
Վալի – Իրադեի հրամայական պահանջը ստիպում է ինձ հորդորել ձեզ, որ վաղը ևեթ ճամփա ընկնեք:
Հովնան – Ինչպե՞ս ճամփա ընկնենք, վսեմափա՛յլ տեր: Ինչպե՞ս քանդվենք-երթանք փորձանքների դռնովը ներս: Շնո՛րհ արեք, տե՛ր իմ, թույլ տվեք մայրաքաղաք երթանք և վերին ատյաններից օգնություն հայցենք:
Վալի – Վալիի պարտականությունը պիտի կատարեմ և ձեր անձերը վտանգից հեռացնեմ: Չեմ կարող թույլ տալ, որ քաղաքից հեռանաք. ճամփաները վտանգված են:
Հովնան – Եթե այդպես է, թույլ տվեք, տե՛ր, մի կարճ ժամանակ քաղաքս մնանք և հեռագրով դիմենք բարձր ատյաններին:
Վալի – Շատ փափագելի կլիներ, եթե դրա կարիքը տեսնեի: Ընդհակառակը՝ այսպես ամենից ապահով է:
Հովնան – (Աշխատելով հուզմունքը զսպել) Համարձակվում եմ հարցնել, Վալի՛ փաշա, ինչո՞ւ է կատարվում այս ամենը: Մենք թշնամի չենք, մենք ավազակ չենք, մենք դավաճան չենք. մենք այս երկրի մշակներն ենք: Ի՞նչ է մեր հանցանքը, ինչո՞ւ է կատարվում այս ամենը:
Վալի – Անկեղծ ասեմ՝ չգիտեմ:
Հովնան – Դո՜ւք չգիտեք:
Վալի – Ե՛ս չգիտեմ: Հովնան էֆենդի, չտանք այնպիսի հարցեր, որոնց չպետք է պատասխանեն:
Հովնան – Ինչպե՞ս հարցեր չտանք: Ինչպե՞ս չիմանանք, թե ինչու ենք ոչնչանում: Ահա մենք ճամփա կընկնենք: Եվ ես հարցնում եմ՝ եթե ճամփին մի ահավոր աղետի հանդիպե՞նք…
Վալի – Ճակատագիր է, Հովնա՛ն էֆենդի:
Հովնան – Ի՞նչ է ուզում մեզնից ճակատագիրը:
Վալի – Ո՞վ իմանա: Ճակատագրի լեզուն հանելուկ է: Ճակատագիրն էր՝ մեզ պատերազմ բերեց: Արի իմացիր՝ ինչո՞ւ:
Հովնան – Պատերազմը մեծ աղետ է: Բայց մի՞թե մենք ենք հանցավորը, որ ճակատագիրը մեզ է պատժում:
Վալի – Դուք հանցավոր չեք, թերևս դուք պատերազմի զոհերն եք: Աշխարհքի բան է: Այսպես բերեց աշխարհքի խաղը: Մեկը պիտի զոհվեր, և ահա դուք եք զոհվում:
Հովնան – Եվ դա արդարությո՞ւն է, վսեմափա՛յլ տեր:
Վալի – Արդարությո՛ւն է:
Հովնան – Ինչպե՞ս, տե՛ր իմ: Այն ժամանակ դարձյալ կրկնում եմ խնդիրքս. թույլ տվեք վերին ատյանները երթանք և անձամբ պարզենք արդարության խնդիրը:
Վալի – Հովնա՛ն էֆենդի, Հովնա՛ն էֆենդի, ի՞նչ ես կորցրել վերին ատյաններում: Ի՞նչ
է հույսդ՝ վերին ատյաններն ես ուզում գնալ: Դե թույլ տվի, ի՞նչ պիտի ասեն քեզ վերին ատյանները: Նրանք էլ քեզ այն պիտի ասեն, ինչ որ ես: Եվ ի՞նչ ենք ես, նրանք, ամենքը, ի՞նչ կա մեր ձեռքը. ոչի՛նչ: Հասկանանք աշխարհքը, էֆենդիներ: Աշխարհքս բյուրավոր թելերով մի գործվածք է՝ մեկը կապած մյուսին: Աստված ո՜ւր, վերին ատյաններն ո՜ւր, Վալին ո՜ւր… Ես վերին ատյանների կամքն եմ կատարում, նրանք՝ ուրիշի, ուրիշը՝ ուրիշի, ամենքը՝ Աստծո:
Հովնան – (Տխուր): Աստվա՞ծ է ուրեմն այս ամենի պատճառը:
Վալի – Աստված է վկա, որ Աստված է: Ամենաչնչին բանը, որ կատարվում է, Աստծո կամքն է, որ կատարվում է:
Հովնան – Այդ արդարությունը ես չեմ հասկանում:
Վալի – Հասկանա՛նք աշխարհքս: Կացեք, որդի՛ք, ձեզ մի առակ ասեմ: Անփույթ դատավորի մինը մի աղքատ կնոջ որդուն բանտ էր գցել և չէր հոգում՝ իսկապես մեղավո՞ր էր, թե՞ ոչ: Օրեն մեկը այրի կինը բարձրանում է սրա կտուրը և, առաջին չոքելով, աղաչանք է անում, որ իր որդուն բանտից ազատի: Դատավորը մերժում է: Աղքատ կինը արտասվում է և հետ դառնում: Հենց հեռանում է, կտուրը փլվում է և դատավորին տակովն անում: Ոչ ոք չի իմանում, թե ինչից փլվեց կտուրը: Բայց ասում են՝ արդարության գրքի մեջ գրված է, որ այրի կինը հեռանալիս արցունքի մի կաթիլ էր գցել դատավորի տան կտուրին: Եվ հողը այնքան ծանրացած էր եղել, որ ծանրությունը լցվելուն պակսելիս էր եղել արցունքի մի կաթիլի չափ քաշ: Ընկավ կաթիլը կտրան հողին, և կտուրը փուլ եկավ: Արդարությունը ծածուկ մնաց երկուսից էլ, բայց կատարվեց: Աշխարհս կշեռք է, մեր գործերը՝ կշեռքի քարեր: Որ քարը, ինչ քաշ որ ունի, իր վարձքն էլ այդ է: Աստծու գութը ամենատես աչքերն ունի: Մեկ մրջյունի ոտ էլ որ ցավում է իր բնի մեջ, Աստծու սիրտը ցավում է երկնքում: Գնացեք խաղաղությամբ և անհոգ եղեք: Ամեն բան Աստծո դատողության մեջ իր տեղը կգտնի: Ամենաչնչին բանը որ կատարվում է, Աստծո կամքն է կատարվում: Թողնենք, որ կատարվի:
Հովնան – Գեղեցիկ օրինակով խոսեցիք, տե՛ր: Համարձակվում եմ նկատել, որ ձեր ասած արդարությունը հիմիկվանից պարզ երևում է: Ես Աստծո առջև բոլոր ատյաններին հիմի ևեթ ցույց կտամ արդարությունը, ու թող նրանք ցույց տան մեր հանցանքը: Թող արդարությունը հիմի կշռի ամենքիս գործը:
Վալի – Ամեն բան ժամանակին է նայում: Ամեն բան կկատարվի, կպատահի ժամանակի դատարանի համար: Մի վախենա, մենք ժամանակը կմոռանանք, ժամանակը մեզ կհիշի: Անհոգ եղեք այս մասին: Շատ եմ ապրել, շատ տեսել ու լավ գիտեմ. սա էլ մի ձոր է, որ եկել է, պիտի լցվի, որ անցնի: Մի տարակուսեք, հայրենակի՛ց եղբայրներ: Այս հանկարծահաս աղետը ժպիտով դիմավորենք, Աստծո հաճությունը վաստակենք և այլևս այսպիսի դառն օրեր չտեսնենք: