«ԱՌԱՆՑ ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ` ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ» / Կարլ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

sarecyan

Այս խորագիրն է կրում աբխազահայ բանաստեղծ Արտավազդ Սարեցյանի գիրքը, որը պետպատվերով լույս է տեսել անցած աշնանը Սուխումում և որն ամփոփում է հեղինակի 25 տարվա գրական հունձքը: Հանգամանքների բերումով դեռ պատանի Արտավազդը ծանոթանում ու մտերմանում է ռուս ճանաչված բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի հետ, ով առանձնատուն ուներ Սուխումից ոչ հեռու մի գեղատեսիլ վայրում: Օրերից մի օր, ինչպես հիշում է Սարեցյանը, Եվտուշենկոն խնդրում է բանաստեղծությունների մի շարք տալ` ռուսերեն թարգմանելու նպատակով: Հուզված պատանին ընտրում է «կոմունիստական – հայրենասիրական» բանաստեղծությունների մի փունջ ու նաև սիրային և բնությունը պատկերող մի-մի բանաստեղծություն` տողացի թարգմանությամբ: Հաջորդ օրն իր «բեռով» ներկայանում է անվանի բանաստեղծին` ինքնագոհ ու ինքնավստահ. «Ես երջանիկ եմ, որ թիկունքիս սարի պես կանգնած է ժամանակակից խոշորագույն բանաստեղծներից մեկը` Եվգենի Եվտուշենկոն»: Շարունակությունը նույնպես ներկայացնենք ըստ Սարեցյանի պատմածի. «Նա բարի ժպտաց և վառելով «Վինսթոն» ծխախոտը` արագորեն աչքի անցկացրեց բանաստեղծություններիս առաջին երկու-երեք տողերը, վերջին երկու գործն ընթերցեց երկու անգամ և ի զարմանս ինձ` հենց դրանք էլ ընտրեց:
– Այս գործերում բառերի կախարդանք կա: Իսկ սրանք… Այստեղ ցանկացած բառ կարելի է փոխարինել բացականչական նշանով և ոչինչ չի ավելանա, ոչինչ չի պակասի: Ու իմացիր նաև, որ ես իսկապես քո թիկունքին եմ, բայց ոչ որպես սար, այլ որպես… անդունդ:
Եվ այդ օրվանից ապրում եմ այսպես. «առանց բացականչական նշանների` անդունդի եզրին»:
Արտավազդ Սարեցյանի ստեղծագործության զարմանալիորեն ճշգրիտ բնութագիրն է սա, որը «համատեղ ուժերով» հեղինակել են սկսնակ պատանին և աշխարհահռչակ բանաստեղծը:
Գիրքն ամփոփում է նաև Արտ. Սարեցյանի մանկական բանաստեղծություններն ու արձակ գործերը, թարգմանությունները: Միայն ավելացնեմ, որ Արտավազդ Սարեցյանն է Աբխազիայի «Համշեն» թերթի հիմնադիրը, հրատարակիչն ու գլխավոր խմբագիրը: Հաջորդ տարի կլրանա թերթի 25 տարին: Տասը տարուց ավելի է, ինչ Արտ. Սարեցյանը ղեկավարում է Աբխազիայի հայ գրողների «Սևծովյան այգաբաց» միավորումը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։