100 տարի առաջ: Նախ կռվող, ամրակազմ հայ տղաներին բանակ զորակոչեցին, հետո զինաթափեցին ու սպանեցին: Հետո մտավորական անկրկնելի հպարտ ու անկրկնելի հանճարեղ մտավորականներին աքսորեցին ու դարձյալ սպանեցին: Հետո ժողովրդին սպանեցին՝ սպանելու բոլոր ձևերով ու միջոցներով: Ով էլ փախավ՝ դարձավ թափառական, տարագիր, գաղթական: Արդեն 100 տարի: 100 տարեկան գաղթական, թափառական հայ:
Սրանից 100 տարի հետո: Երբեմնի 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա մի պետություն է եղել՝ Հայաստան: Այդ երկրում մարդիկ զբաղվել են ինքնաոչնչացմամբ: Արտագաղթել են, ինքնասպանության նպատակով թռել կամուրջներից, կախվել ննջասենյակներում, նկուղներում: Կրակել են սեփական գլխի վրա: Երբեմն մեկ կրակոցով չեն սպանվել՝ երկրորդ, երրորդ գնդակն են արձակել: Ու այդ երկրի տարածքներում դեռևս գոյություն ունեցող ծպտյալ հայերը քաղաքակիրթ աշխարհից պահանջում են ընդունել իրենց ինքնաոչնչացման փաստը:
Սրանից ուղիղ 100 տարի հետո, մի խաշնարած այդ երկրի ամենաբարձր լեռան փեշին մի արձանագրություն է գտնում ամերիկյան 100 դոլարանոցի վրա: Այն պատկանել է դրանից ուղիղ 100 տարի առաջ այդ երկրի հոգևոր առաջնորդին: Առաջնորդն այդ գումարը վաստակել է հնամյա մի ավետարանի վաճառքից: Փողի վրա արձանագրված է եղել այդ երկրի վերջին տարիների պատմությունը, հատկապես՝ ինքնաոչնչացման փաստերի մասին: Եվ անհայտ հեղինակը գրել է. 1988 թվականի փետրվարի 20-ը եղել է այդ երկրի արարման առաջին օրը: Առաջինից երկրորդ օրն ընկած ժամանակահատվածը տևել է 7 տարի: Յոթերորդ տարում երկրի ժողովուրդն ու իշխանավորը հանգստացել են երկրաշարժի, պատերազմի, շրջափակման հետևանքները հաղթահարելուց հետո և երջանիկ են եղել: Հանգստի ու երջանկության պահը երկար չի տևել: Սկսվել են ընդհարումները պատերազմի և խաղաղության ուժերի միջև: Ավարտվել են 20 տարի հետո, երբ երկրում տգետները փորձում էին իշխանավորներ դառնալ: Ու երկուստեք տգետներ միմյանց մեղադրում էին տգիտության մեջ: Սա եղավ պատճառ վերջնական արտագաղթի, անվերջ բռնաբարությունների, ուրացումների և վերջիվերջո՝ ինքնաոչնչացման:
Այսպես՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահները ամեն ինչ արեցին, որ այդ երկրի հաղթանակած զինվորը, լուսապսակ մտավորականը մոռանան ազգային պատկանելության մասին, արժեքների, դավանանքի, ծագման մասին, և նրանց երկու առարկա ընծայեցին՝ մի բահ, որով պետք է գերեզմանափոս փորեին և մի լախտ, որը պետք է ծառայեր որպես պանդուխտի ցուպ՝ հեռավոր երկրներ գնալու համար: Եվ նրանք, ովքեր համառեցին այսքանից հետո ապրել, չարտագաղթել ու այլ հետաքրքրություններ ունենալ՝ վերջիվերջո դիմեցին ինքնաոչնչացման կամ թաքուն ապրեցին, անգամ սեփական անձից թաքուն՝ մեռնելուց էլ ավելի դժվարին կյանքով:
– Ինչքա՞ն փող կունենա երկրորդ նախագահը:
– Շատ:
– Շատ` ինչքա՞ն:
– Այնքան, որ 100 դոլարանոցներով փռես` 29 հազար քառակուսի կիլոմետրը ամբողջությամբ կծածկի:
– Իսկ որտեղի՞ց:
– Իրենից հարցրեք:
– Ինչքա՞ն փող ունի երրորդ նախագահը:
– Գուցե այնքան, որ էլի կծածկի արդեն փողով ծածկված 29 հազար քառակուսի կիլոմետրը:
– Ինչքա՞ն փող ունի այդ երկրի ժողովուրդը:
– Փող չունի, պարտք ունի: Փող ուներ, գողացել են:
– Ինչքա՞ն պարտք ունի:
– Այնքան, ինչքան 100 դոլարանոց կփռվի 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Այդքան էլ պարտք ունի նույն այդ մարդկանց պատկանող բանկերում:
– Բա ինչպե՞ս են գողացել:
– Սկզբից միտքն են գողացել, հետո՝ փողը, հետո կենսագրություններն են գողացել և հետո նրանց ապրած տարիները: Ջնջել, հանել են օրացույցներից, թվով՝ 20 տարի: Այդ տարիները անուններ ունեն՝ անցումային շրջանի տարիներ, համաշխարհային ճգնաժամի, սահմանային լարվածության տարիներ, բայց վերջնական ամփոփումն այսպիսին է՝ ապահով Հայաստանի տարիներ:
Հին հնդիկները մի իմաստություն ունեն՝ ատողը ատողին, թշնամին թշնամուն այնքան չի վնասի, ինչքան վատ միտքը: 5000 տարի այդ երկրի տիրույթներում վատ միտք չի եղել: Ու հիմա պարզվեց, որ համատարած տգիտություն է: Մեկը շատ տգետ, մյուսը՝ ավելի շատ: Իրարից ծնված: Իրար նման՝ գրպանահատ: Ի՞նչ փողի: Տարիների, ստույգ՝ 20 տարվա, որոնց անուններ կպցրին՝ անցումային շրջանի տարիներ: Ու եթե այդ տարիները բազմապատկենք արտագաղթածների, ինքնասպանների, ինքնամեկուսացածների, ինքնաոչնչացածների թվով, քանի՜- քանի միլիոն կստացվի: Միլիոն տարի: Բայց փառք ինքնաոչնչացմանը: Որ մնային, կշատանային ու հեղափոխություն կանեին:
Հիմա էլ վերջնականապես ավարտվեցին կապարե գլուխների բախումից, ու 29 հազար քառակուսի կիլոմետրը, որ երբեմն երկիր էր, հիմա՝ խաշնարածի ամառանոց, ու այդ տարածքի ծպտյալ հայը աշխարհին դիմում է՝ ընդունեք ազգիս ինքնաոչնչացման փաստը, խնդրում եմ, ընդունեք:
Այսպես ավարտում է անհայտ պատմիչն իր պատմությունը՝ գրված զարմանալի, շատ զարմանալի ամերիկյան թղթի վրա:
16. 02. 2015 թ.