***
Ճեմասրահում`
օսլայված բառեր
Եվ փողկապավոր
դեմքեր սիրասուն-
Հայրենիքներ են գնել-վաճառել
Ճարտասանները
խոսքահանդեսում-
Թփուտների տակ`
փսլինքի հեղեղ,
Լեռների վրա`
զարմեր դյուցազուն,
Արանքում մահվան
սերմեր են հեղել
Եվ դիակների
հունձք են սպասում-
Թփուտների տակ՝
փսլինքի հեղեղ,
Լեռների վրա`
զարմեր դյուցազուն-
Ձեր հայրենիքը
դո՛ւք պիտի թաղեք,
Քոչվոր ցեղերի
բճիկներ բազում:
***
Սուրո՛ւմ են,
Շաչո՛ւմ են,
Պայթո՛ւմ են արկերը,
Պարելով բերում են
կրա՛կ ու մա՛հ.
Երկնքից կանչում է
Հրազարդ լապտերը,
Կարմրածոր պատկերներ
Կշաղի հիմա։
Կանգնե՛լ են քաջերը,
Մահաբեր անձրև է,
Շրխկան մտրակը
Իջնում է վա՛ր,
Բայց քաջի՛ ոգու դեմ
Մահը պապանձվե՛լ է,
Մահվանը հաղթե՛լ է
Զինվո՛րը հայ։
***
Եվ թույնն առավել
ազնիվ հեղուկ է,
Քան խղճահարույց
արցունքը որձի,
Որի ափի մեջ` սրի տեղ խունկ է,
Իսկ կոկորդի մեջ`
տենչ է ոռնոցի:
Ծաղրանքաբաժին
սին կարոտներով
Երկրիս ափերը զուր ողողեցի,
Ինձ ռազմանվագ
երգ է հարկավոր
Ու հողմաշառաչ հայոց այրուձի:
Պատի՛ժ է`
կորած երկիր ունենալ,
Ոճի՛ր է`
լինել հեգ հուղարկավոր,
Եվ փա՛ռք է`
հողի վրեժով զինյալ
Հաղթե՛լ-հռչակվե՛լ
Հայքի թագավոր:
***
Կրակահերթ է,
Հրո շքերթ է,
Գայլը ոռնում է,
Փախչում է չուն,
Արյո՛ւնն է ծորում,
Ցավո՛ւմ է վերքը,
Բայց նա բարձունքից
Չի՛ նահանջում:
Ետևում գյուղն է,
Իր սուրբ մատուռն է,
Ինքը սահմա՛նն է
Հայրենիքի,
Հսկում է՝ որպես
Իր մեծ տան դուռը,
Ուր ամեն ոսոխ պիտի ծնկի՛:
Շունչն է ծանրանում,
Բայց դեռ կարող է
Վերջին լարումով
հարվածը տա՛լ,
Նա պիտի
պահի՛ հայրենի հողը,
Մինչև ետևից ջոկատը գա:
Հիշում է անցած ոսկի աշունը,
Երբ ընկերներով տվին երդում,
Եվ խրոխտ մի ձայն
հեռվից հասնում է.
– Զինվո՛ր, մենակ չես դու
այս մարտում:
Ու գնդացիրը հերթով մաղում է
Արյան հոտ առած շակալներին,
Իրե՛նք ուզեցին
էս ճոխ թաղումը
Հայացքի առջև մեր լեռների:
Ցավը մոռացած`
արդեն ժպտում է
Ու վիրակապն է
մարմնից պոկում,
Փառքո՛վ պսակեց
նա իր երդումը,
Ինչպես վայել է
խիզա՛խ մարդուն:
ՇՈՒՇԻ
(մանկական)
Ինձ ասում են`
Մեզ տուր Շուշին:
Շուշին ո՞նց տամ
Ես ուրիշի,
Շուշին շուշա կոնֆետ հո չի՞,
Որ տամ`
Լեզվի վրա հալչի:
Իմ պապերի շունչն է Շուշին,
Շուշին քույրն է Վան ու Մուշի,
Շուշին ուներ սաներ ուշիմ,
Հռչակավոր դպրանոցն էր,
Հիմա մեր տունն ու ամրոցն է,
Մեզ շուրջառած ժայռապարը,
Պեխե աղբյուր, Մամռոտ քարը,
Հունոտի կիրճն ու վանքերը,
Շուշին ոտքից գլուխ մերն է.
Թող թշնամիս դառնա փոշի՛,
Շուշիս չե՛մ տա ես ուրիշի:
***
Հիմա, երբ որդիդ սահմանին է,
Հիմա, երբ ռումբեր են պայթում,
Երբ ամեն զինվորի վերքից
Նաև քո արյունն է կաթում-
Չե՛ս կարող երազին կուլ գնալ,
Չե՛ս կարող չմնալ արթուն-
Նրա հետ կռվե՛լ աննահանջ,
Նրա հետ հաղթե՛լ մարտում:
***
Իմ պատմությունը
անավարտ մնաց,
Ես ո՞ւմ պատմության
կրողը եղա,
Նայեցի`
Հեռվում մի մայր էր սմքած,
Մի ֆիդայի էր
Ու մի աբեղա…
Նրանք ո՞ւր հասան,
Ես ո՞ւր մնացի,
Ո՞վ է`
Օսլայած ձեռքն է պարզել ինձ –
Մի՞թե մեկը կա,
ինձանից բացի,
Որ պիտի լինի
անկեղծ կարեկից:
Արյո՜ւնս թափվեց,
Ես սայթաքեցի՛…
Եվ հիմա ի՞նչ եմ
աշխարհից ուզում –
Մի՞թե մեկը կա,
ինձանից բացի,
Ով կհասկանա իմ ցավի լեզուն:
Մի՞թե մեկը կա,
ինձանից բացի,
Որ իմ հաղթության
շքերթն է ուզում…
Հեռավո՜ր նավեր,
Քոչվոր դրացի՛,
Արյունս լիզող
անաղուհաց շո՛ւն:
Ետ պիտի դառնամ,
Անավարտ մնաց…
Իմ բաժին խաչը
ե՛ս պիտի կրեմ,
Հաղթանակներս
այնտեղ են քնած,
Գնամ`
Իմ ձեռքով
Ինձ սրբագրե՛մ:
ՀԱՂԹԱՆԱԿ
Քեզ մոտեցել ենք ցավի՛ միջով,
Կորստի՛ միջով ու աղետի՛,
Մահվան ահի դեմ`
մեր քրքիջո՛վ`
Քաջության շքեղ արահետին,
Նոր աշխարհ
եկած մանկան ճիչո՛վ,
Գերի չդարձա՛ծ արցունքներին,
Աստծուց ժառանգած
ամե՛ն ինչով
Կանգնելով
Հայոց բարձունքներին:
Քեզ մոտեցել ենք
խանդի՛ միջով,
Դավաճանությա՛ն ու դավերի՛,
Աշխարհի փակվա՛ծ
խղճի կիրճով,
Առած իրենց մեղքն անքավելի`
Մաքրում ենք
արյա՛մբ մեր հանճարի,
Որ արարչական շունչը հոսի`
Փշրելո՛վ շուրջը ամեն չարիք`
Որպես հերո՛սը նոր էպոսի:
Քեզ մոտեցել ենք ողջույններով
Երկնից ժպտացող մեր քաջերի,
Ոգու ցնծության հնչյուններով
Մահկանացուներ նրանք չէի՛ն,
Նրանց շառաչո՛ւն զարկի առաջ
Նենգ ոսոխները փախչո՛ւմ էին,
Ավա՜ղ, քաջերը`
միշտ աննահանջ,
Հավերժության հետ
խաչվում էին:
Քեզ մոտեցել ենք
ինքնամոռա՜ց`
Անդունդի եզրին
քայլո՛վ անդող,
Հավատի՛, հույսի՛ դռները` բա՛ց,
Մայրական
սիրո՛վ ու աղոթքո՛վ…
Բերկրանքիդ շունչն է թևածում,
բա՛յց…
Երբ խոնարհվում ենք
քաջ հաղթողին,
Տաք կաթիլներն են
գլորվում ցած`
Հավերժ սրբացած
Հայոց հողին: