Ապագան ուժեղի՛նն է: Անցյալը, ներկան ուժեղի՛նն են: Եթե դո՛ւ չես ուժեղը, մաքառողը, ապրողը, ուրեմն միայն… հիշողություն կամ պատմություն ես:
Դու, որ երկրաշարժի մեծ արհավիրքը տեսնելուց հետո կարող ես հավաքել ուժերդ ու ոտքի կանգնել, որ դիմացել ես խորհրդային հասարակարգի փլուզման տենդին, հաղթահարել քաղաքական բազում մղձավանջներ ու Արցախի սրբազան հողը մխրճված թշնամուն ջախջախել ու դուրս շպրտել՝ ստիպելով նրան տասնամյակներ շարունակ անհույս կաղկանձել քո պաշտպանական սահմանագծերի մոտ…
Որտե՞ղ ես թաքցնում քո՛ ուժը, քո՛ հայացքը, քո՛ դիվանագիտությունը… Գործի՛ր, մաքառի՛ր ու ապրի՛ր, իմ Հայրենի՜ք:
Ետպատերազմյան մեկ տարին անցավ՝ նվաստացնող ու գաղջ օրերով: Գորշ գայլի ստվերն է վնգստում հիմա սահմանագծին, սրբաքարերին: Արդյոք մեկ տարվա խորհուրդը չէ՞ իմ այս տողերում.
Ճանապարհը անհայտ ցավի դուռը բացեց ու ներս մտավ,//մի հին ցավի ճառագայթով փակվեց վերքը մոլորակի,//ե՞րբ է ցավը խարիսխ նետել ժամանակից ու մարդուց դուրս,//հարվածը չես կանխատեսի, ինչպես ուղին մոլոր արկի:
Հասկացա՞ր, իմ երկի՛ր, որ քո ձեռքով է հարվածում քեզ դարավոր թշնամիդ, քո մտքով ու հնարամտությամբ պառակտում ուժերդ… Միայն հայը կարող է հաղթել հային – սա է (Աբդուլ Համիդից սկսած) թշնամու զենքը և քեզ նվաճելու գաղտնադուռը:
Զգաստացի՛ր, իմ երկի՛ր, և զինվի՛ր հայ մտքի ու ոգու արժեքներով, ինչպես Սարդարապատում, Արցախյան առաջին պատերազմում: Հաղթի՛ր ու հաղթահարի՛ր ինքդ քեզ, իմ Հայաստա՜ն, դրանով պարտության ու խոնարհման կմղես թշնամուն:
Մեր դիմաց Նոր տարին է: Ազգային ինքնամաքրման և արժանապատվության Տարին:
Մեր մեջ է մեր փրկությունը:
Մաղթում եմ առողջություն և զգոնություն: Ահավասիկ և իմ մաղթանքի շարունակությունը.
Վարարած գետը ձկների հետ իմ տողն է շպրտում,//քարերը ցավի զսպանա՞կ են, թե՞ սանձաթող ձիեր,//ի՞նչ կա նժարին երկնային ոգու և ի՞նչ պրպտում,//ռազմի դրոշով բարուրվեք, կայտա՛ռ իմ նորածիններ…