ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ / Սամվել Կոսյան

Իրանը, փակ երկիր լինելով, թվում էր՝ որոշակիորեն ապահովագրված է ահաբեկչական զարգացումներից, սակայն Թեհրանում հունիսի 7-ին իրականացված կրկնակի ահաբեկչությունները հաստատեցին, որ տարածաշրջանում ոչ մի պետություն, նույնիսկ եթե անվտանգության լուրջ արտաքին և ներքին համակարգեր ունի, պաշտպանված չէ վտանգներից: Եթե հնարավոր է եղել Իրանի պես երկրի խորհրդարանի վրա հարձակվել, նշանակում է՝ ահաբեկչական խմբավորումն այնքան է հզորացել, որ ի վիճակի է հայտնվել այնտեղ, որտեղ պետք է: Հարձակումը Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա, ինչի հետևանքով 16-ը զոհվել, 42-ը վիրավորվել է, ասվածի ապացույցն է: Վերջին տվյալներով, ահաբեկիչները ԻՊ-ին անդամակցված իրանցիներ են եղել և խորհրդարան են մտել կանացի հագուստով: Բրիտանական BBC լրատվամիջոցը հաղորդում է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել Միջին Արևելքում սրված իրավիճակի ֆոնին, երբ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան և արաբական այլ պետություններ խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ մեղադրելով նրան իսլամիստ զինյալներին աջակցելու և Իրանի հետ սերտ հարաբերությունների համար: Դիվանագիտական կապերը խզած երկրների իշխանությունները հայտարարել են, որ հարևան երկրի հետ խզում են նաև տրանսպորտային կապը: Վիճակն այնքան է սրվել, որ Արաբական Միացյալ Էմիրություններում սոցցանցերում Քաթարին աջակցող արտահայտությունների համար օգտատերերը կարող են տուգանվել 500000 դերխամով (136000 դոլար) կամ մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտվել: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Թեև ԻՊ-ն ստանձնել է հարձակումների պատասխանատվությունը, սակայն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մեղադրել է ԱՄՆ-ին ու Սաուդյան Արաբիային՝ փոխկապակցություն տեսնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա այցի, Քաթարի շուրջ իրադարձությունների և իրանական ահաբեկչությունների միջև: «Այս ահաբեկչական գործողությունը, որ տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի և տարածաշրջանի հետադիմական իշխանություններից մեկի առաջնորդի հանդիպումից մեկ շաբաթ անց, ցույց է տալիս, որ նրանք ներգրավված են այս վայրի գործողությանը»,- ասված է կորպուսի հայտարարությունում: Թրամփի այցը սունի ղեկավարություն ունեցող Սաուդյան Արաբիա, որը տարածաշրջանում շիա մեծամասնությամբ Իրանի անհաշտ հակառակորդն է, բնականաբար, կասկածների տեղիք պիտի տար, մանավանդ, որ Իրանին ցավակցելիս անգամ Թրամփն անկարող է եղել հրաժարվել իր հակաիրանական տրամադրություններն արտահայտելու գայթակղությունից: «Մենք ընդգծում ենք,- նշել է նա իր ցավակցության մեջ,- որ այն երկրները, որոնք հովանավորում են ահաբեկչությունը, կարող են իրենց իսկ ծնած չարիքի զոհը լինել»: Սակայն առայժմ Վաշինգտոնում ակնհայտ անհանգստացած են գործողությունների նման ընթացքից: Փաստացի զրոյանում են Թրամփի առաջին օտարերկրյա այցի արդյունքները, որոնց նպատակը սունիական աշխարհի համախմբումն էր Իրանի դեմ, ինչով էլ պայմանավորված է արաբական երկրներին հղված ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչը՝ բանակցել ու ընդհանուր հայտարարի գալ: Թրամփը շուրջ 300 միլիարդի սպառազինության պայմանագիր էր կնքել Սաուդյան Արաբիայի հետ, մինչդեռ ներկա զարգացումների պարագայում անհայտ է, թե ապագան ինչ անակնկալներ կարող է մատուցնել: Քատարի հետ կապված իրադարձությունները կարող են ցնցել նաև նավթի համաշխարհային շուկան՝ չեղարկելով ՕՊԵԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Մի նկատառում ևս. հարցականի տակ է դրվում Քաթարում 2022թ. անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը: Դժվար չէ գուշակել, որ անորոշության միջավայրում ձևավորվող անկանխատեսելի զարգացումները, դիվանագիտական փոխհրաձգությունների չընդհատվող դինամիկան ոչ միայն բացասաբար են անդրադառնալու մերձարևելյան տարածաշրջանի քաղաքական իրավիճակի վրա, այլև տանելու են նոր ցնցումների: ԻՊ-ն խոստացել է առաջիկայում էլ ահաբեկչություններ իրականացնել Իրանում: Նրանց հրապարակած տեքստում ասվում է, որ «Խալիֆայությունը ոչ մի հնարավորություն բաց չի թողնի շիաների արյունը թափելու համար»: Իսլամիստները խոստանում են ահաբեկչությունների արշավն այնքան շարունակել, քանի դեռ շարիաթի օրենք չի հաստատվել Իրանում, ասել կուզի, ԻՊ-ի զինյալներն ընդհուպ մոտենալու են Հայաստանի սահմաններին՝ փաստացի պայքարի նոր ճակատ բացելով առանց այդ էլ պատերազմող մեր երկրի համար: Խնդիրն առավել մտահոգիչ է դառնում Իրանի և Քաթարի քաղաքացիների՝ Հայաստան առանց վիզային ռեժիմի այցելության պարագայում, գրոհայինների համար հիանալի հնարավորություն՝ զբոսաշրջիկների կամ գործարարների անվան տակ Հայաստան թափանցելու: Ուստի՝ անչափ էական է, որպեսզի Իրանը կարճ ժամանակահատվածում կարողանա հաղթահարել դժվարություններն ու իր կայունությամբ ապահովել նաև մեր անվտանգությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։