ԺԱՄԱՆԱԿԻ ԳՐՈՂԸ / Մանվել ՄԻԿՈՅԱՆ

 

Երիտասարդ տարիներին բոլորին թվում է, թե ժամանակն անսպառ է, սակայն գալիս է մի տարիք, երբ չափազանց խնամքով և երկյուղածությամբ ես վերաբերվում ժամանակին, քանզի գիտես, որ շատ բան արդեն չես հասցնելու անել ու ավելի ճշգրիտ ես ընտրում անելիքդ. գրում ես միայն իսկական ներշնչանքի թելադրանքով, կարդում ես առավել որակյալ գրականություն: Առօրյա հոգսերի և պարտականությունների լաբիրինթոսում արդեն կարողանում ես հեշտորեն ներթափանցել քո նվիրական տարածքը գրականության, որը վաղուց արդեն անփոխարինելի է:
Անցած տարի լույս տեսավ բանաստեղծություններիս «Անդունդի եզրով քայլողը» ստվար ժողովածուն, որն արժանացավ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի և ջերմ ընդունելություն գտավ ընթերցողների ու գրականագետների շրջանում: Ցավոք, վերջին երկու տասնամյակում հնարավոր չէ խուսափել հրապարակախոսական թեմայով գրելուց, որն ինձ համար արդիական է նաև գրքի հրատարակումից հետո գրական մամուլում տպագրված շարքերում: Չնայած գրվում են նաև խոհական և սիրային գործեր, սակայն իմ հաջորդ՝ հինգերորդ, գրքում ևս հրապարակախոսական բանաստեղծություններն զգալի քանակ են կազմելու, քանզի մենք աշխարհի միակ ազգն ենք, որ ունենք պետություն, բայց հայերի 25 տոկոսն էլ իրենց հայրենիքում չեն ուզում ապրել, և արտագաղթն արդեն սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Մենք իզուր ենք թշնամիներ փնտրում մեզնից դուրս, մեր թշնամիները մեր կողքին են: Հայաստանում տեղի ունեցող անցանկալի երևույթների մեղավորը թուրքերը չեն, աղաղակող անարդարությունները թուրքերի մասնակցությամբ չեն տեղի ունենում:
Բարեխիղճ գրողը չի կարող չգրել այս ամենի մասին և չի կարող պսևդոհայրենասիրական գործեր ստեղծել՝ հայտնվելով ծիծաղելի իրավիճակում: Ամերիկացի մի գրող ասել է. «Իսկական գրողը չպետք է արդարացնի պետության հույսերը»: Սա չի նշանակում, որ պետք է դեմ լինի պետությանը, այլ չպետք է մտնի իշխանությունների գրպանը, պետք է սրտացավությամբ վերաբերվի պետությանը, բայց վճռականությամբ խարազանի հոռի երևույթները:
Ճակատագրի բերումով, արդեն 7-րդ տարին է՝ ղեկավարում եմ ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը, որը հանրապետությունում, Երևանից հետո, երկրորդն է և՛ ՀԳՄ անդամ ու ոչ անդամ գրողների քանակով, և՛ ձեռքբերումներով:
Բաժանմունքը կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ՝ գրողների հոբելյաններ, գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ:
Ամենակարևորը՝ բաժանմունքում տիրում է փոխադարձ սիրո և համերաշխության մթնոլորտ, որն օգնում է բարձրացնելու աշխատանքի արդյունավետությունը:
Նաև կարևոր է, որ չընկրկենք դժվարությունների առջև, չզիջենք մեր դիրքերը և միշտ հիշենք, որ երկրից թողնել-հեռանալը կատարյալ պարտություն է: Մանավանդ, որ գիտենք, թե ո՛ւմ ենք թողնելու երկիրը:
Ամեն մի զինվորի դասալիք դառնալը թուլացնում է բանակը: Իսկ գրողների բանակը միշտ էլ Հայաստանում մարտունակ է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։