Ինչ-որ բան արել են մեր ժողովրդի հետ / Թովմա քահանա (Վահան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Ինչ-որ բան արել են մեր ժողովրդի հետ, ինչ-որ բան: Մեր ժողովուրդն այսքան անտարբեր, այսքան անհաղորդ չի եղել երբեք: Արցախում օրեցօր վատթարանում է շրջափակման ենթարկվածների վիճակը, իսկ մեզ մոտ կյանքն ընթանում է անհոգ հունով. ռեստորաններում քեֆ-ուրախություն է, մարդիկ պարում են՝ կերածը մարսելու համար, տներում հեռուստասերիալներ են դիտում, ֆեյսբուքում հյութեղ շրթունքներով աղջիկներն օդային համբույր են ուղարկում, ստանում են դրական արձագանքներ, ոմանք տեղադրում են Անթալիայի կամ Հունաստանի իրենց, արևից վառված, լուսանկարները, լողավազանի եզրին լուսանկարվում են շնիկի հետ կամ վիսկիի գավաթը ձեռքերին… Երեկ իմ բնակարանի պատից այն կողմ մի ընտանիք երեկոյան ժամը 22.00-ից մինչև 24-անց չեմ հիշում քանիսը թուրքական ուրախ երգ էր միացրել և պարում էր: Այնքան բարձր էր, որ մինչև շենքի ծայրը լսվում էր: Արյունը խփեց գլխիս, ուզում էի գնալ և թքել այդ բնակիչների երեսին, բայց հիվանդ կինս թախանձեց, որ չգնամ: Պատկերացրի, որ թքում եմ նրանց երեսին և ամոթանք տալիս, իսկ նրանք ոստիկանություն են կանչում, և ոստիկանությունը, անկասկած, ինձ պատասխանատվության է ենթարկում կարգը խախտելու համար, գուցեև մեր կառավարության բռնած քաղաքականությունը՝ խաղաղության օրակարգը, հարվածի տակ դնելու համար: Այդպես էլ կլիներ: Չգնացի:

Ինչ-որ բան արել են մեր ժողովրդի հետ, ինչ-որ բան սարքել են մեր ժողովրդի գլխին: Մարդիկ այս օրով գալիս են եկեղեցի, խնդրում են աղոթք այն բանի համար, որ գործերը հաջող գնան:

– Էս վերջերս անհաջողությունների մեջ եմ,- ասում է մի կին:

– Ինչպես կարող են գործերդ լավ գնալ, երբ ամբողջ հայ ազգը կործանման մեջ է: Դու հայ չե՞ս, դու այս ազգից չե՞ս, ինչ է,- հանդիմանում եմ ես։

Բայց խնդրողները նայում են ինձ անտարբեր, հարցս չհասկացող դեմքով, և ես ստիպված եմ լինում աղոթել, որ նրանց գործերը հաջող գնան։ Ազգը կարևոր չէ, կարևորը՝ որ նրանց գործերը հաջող գնան։ Ամեն հայ առանձին պետություն է դարձել. նա, իր ընտանիքը, իր տունը։ Մնացածը կարևոր չէ։

Բաց եմ անում Եղիշեի «Վարդանանց պատմությունը» գիրքը, և ինձ զարմացնում է Ավարայրի ճակատամարտից հետո լեռներում պատսպարված հայերի հոգու արիությունը, միաբանությունն ու հավատը։ Ահա մի հատված այդ գրքից. «Այնուհետև յուրաքանչյուրը թողեց իր գյուղը, ավանն ու ագարակը։ Հարսները դուրս եկան առագաստներից և փեսաները՝ սենյակներից, ծերերն ընկան աթոռներից և երեխաները ծնողների գրկերից. երիտասարդներն ու կույսերը և տղամարդկանց ու կանանց ամբողջ բազմությունը գնացին բռնեցին անմարդաբնակ ամրոցներն ու բազմաթիվ լեռների ապահով տեղերը։ Ավելի լավ էին համարում գազանների նման քարանձավների մեջ բնակվել աստվածապաշտությամբ, քան թե ուրացությամբ փափուկ կյանք վարել իրենց տներում։ Առանց տրտնջալու դիմանում էին խոտեղեն կերակուրներին և չէին հիշում իրենց սովորական խորտիկները։ Այդ դարափոսերը նրանք հավասար էին համարում իրենց բարձր շենքերի հարկերին, իսկ գետնանկողինները՝ նկարազարդ պատշգամբներին։ Նրանց մրմունջներն ու երգերը սաղմոսներն էին, իսկ կատարյալ ուրախությունը՝ սուրբ գրքերի ընթերցումը։ Ամեն մարդ ինքն իր մեջ եկեղեցի էր և նույն ինքը քահանա. յուրաքանչյուր մարմին սուրբ սեղան էր և նրանց հոգիները՝ ընդունելի զոհաբերություն։ Որովհետև նրանցից ոչ մեկը հուսահատորեն չէր ողբում սրով ընկածներին, և ոչ ոք չէր հեծում ու հառաչում իր մերձավոր սիրելիների համար։ Ուրախությամբ ընդունեցին իրենց մեծ գույքերի հափշտակությունը և ամենևին չէին հիշում, թե երբևիցե ստացվածք են ունեցել։ Համբերությամբ դիմանում էին և մեծ առաքինությամբ տանում այդ քաջ նահատակությունը։ Որովհետև եթե բաց աչքերով չտեսնեին խնդալից հույսը, չէին էլ կարող այնպիսի մեծ առաքինություն կատարել»։

Կարդում եմ և ամաչում, որ լսեցի կնոջս և պատից այն կողմ գտնվող հարևաններիս չայցելեցի, թուք ու մուր չտվեցի նրանց։ Կարդում եմ և ապշում, որ չորս-հինգ տարվա ընթացքում մեր ժողովուրդը խեղճացել, վաղեմի հերոսությունից հուշ է միայն մնացել, հայրենասիրությունից մնացել է տնազ, և մեր մարդկային արժանապատվությունից մնացել է ստվերը միայն։

Ընթերցում եմ Ղազար Փարպեցու «Հայոց պատմություն»-ից մի հատված, հայտնաբերում եմ, որ Ավարայրի ճակատամարտից մոտ տասը տարի անց հայ քաղաքներում և գյուղերում, այնտեղ, որտեղից հեռացել են վերևում նշված հայրենասեր հայերը, եղել է մեկ ուրիշ պատկեր. «Եվ այնուհետև Հայոց աշխարհում լավությունը լքված էր երևում, իմաստությունը՝ կորսված, քաջությունը՝ հեռացած ու մեռած, քրիստոնեությունը՝ թաքցված, երբեմնի Հայոց քաջանուն զորքը, որ ուրիշ զորքերի մեջ երևելի էր, զորագլուխները՝ անվանի ու հաղթող, ապա այժմ ծաղր էր ամենքի աչքում և ծիծաղելի: Մինչև անգամ ինքը՝ Պերոզ (պարսից) թագավորը, որ հայտնապես նախատելով հաճախ էր ամբողջ ատյանի առաջ ասում, թե «Անպիտան մարդ և ետին զորք, որ կան իմ իշխանության ներքո, ասորականն են, բայց ասորուց էլ ետին ու անպիտան մարդը հայն է»: Եվ այս լսելը ցավ է՝ լալու և ողբալու արժանի»: Մեր օրերին նման պատկեր, մեր օրերին համապատասխան իրադրություն:

Նորից ընթերցում եմ Եղիշեի պատմությունը, որտեղ նկարագրվում է այն իրադրությունը, երբ Վարդան Մամիկոնյանն իր նախարարների հետ, առերես ուրանալով քրիստոնեությունը, մտնում է Հայաստան՝ պարսից մոգերով և զորքով: Հայ ժողովուրդը չի կանչում. «Կեցցե սպարապետը, որովհետև նա մարդկային կյանքեր փրկեց», այլ կանչում է. «Անեծք դավաճաններին և ուրացողներին, անեծք հայրենիքը և հավատը ծախողներին»: Վարդանի մայրը փակեց ամրոցը և չընդունեց իր որդուն, հայտարարեց. «Ես որդի չունեմ», կինը դուրս չեկավ ամուսնուն դիմավորելու: Հայրենիքից և հավատից ավելի թանկ ոչինչ չկար հայերի համար: Հայ ընտանիքը որդի էր ունենում՝ նախօրոք մտովի հանձնելով նրան հայրենիքի ծառայության, ոչ թե նրա համար, որ նա լավ ապրի, լինի հարուստ, երջանիկ… Ի՞նչ էր երջանկությունը, եթե ոչ ապրել և, եթե պետք է, զոհվել հայրենիքի համար։ Բոլորը երանի էին տալիս այն ծնողին, որի որդին զոհվել է հայրենիքի և հավատի համար, գիտեին, որ նա բարեխոս է լինելու Աստծո մոտ։ Այս կյանքը երկրորդական էր, անցողիկ, կարևորը երկնային արքայությունն էր, և այս գաղափարը միս ու արյուն էր մեր պապերի համար, ապրելու իմաստ։ Իսկ հիմա ասում են. «Կյանքն է կարևոր, մենք կյանքեր փրկեցինք»։ Եթե առնետը մարդու նման մտածել կարողանար, կծափահարեր այդ խոսքերին, որովհետև դա նրա ծրագիրն է՝ ամեն կերպ գոյատևել։ Եվ, փաստորեն, առնետի ծրագիրն է հիմա նաև մերը՝ ապրել, ինչ գնով էլ որ լինի։ Կարևորը կյանքն է, այս աշխարհի բարիքները, մնացածի վրա թքած։

– Թքած Արցախի վրա, հեչ սիրտս չի ցավում,- ասում է տաքսու վարորդներից մեկը, իսկ հաջորդ օրվա վարորդը ջատագովում է թուրքի հետ բարեկամանալը։

– Լավ կլինի, լավ կապրենք, գիշերները հանգիստ կքնենք,- ասում է նա, իսկ ես մտքում շարունակում եմ նրա խոսքը. «…և մեր տղաներին էլ ոչ ոք չի սպանի»։

Չէ՛, ինչ-որ բան արել են մեր ժողովրդի հետ, հիմարացրել են, քնեցրել։ Սա մղձավանջային երազ է, ոչ թե իրականություն, այսպես չի կարող լինել։ Բայց երբեմն ինձ թվում է, որ կարթնանամ և կհայտնվեմ իրական հայ մարդկանց աշխարհում, որտեղ նորից սրբություն կա և պատվիրան, և առնետներն ամեն քայլափոխին չեն ֆշշում. «Կյանքն է կարևոր։ Կեր, խմիր, քեֆ արա, աշխարհի օրենք է սա»։ Եվ պատից այն կողմ գտնվող հարևանիս բնակարանում ոչ թե թուրքական խայտառակություն է հնչում, այլ հոգի մխիթարող Մշո գորանի կամ գութանի երգ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։