Գրողի ժամանակը հարատև կյանքի, սկսվող ու ավարտվող, եկող ու գնացող ակնթարթների հարահոսի մեջ իր տեսած իրականության, իր ապրած, ընկալած ու պատկերացրած աշխարհի, մարդկային հարաբերությունների խորքային ելևէջումների, անցողիկ թվացող զգացողությունների, ապրումների մնայուն իմաստը գեղարվեստորեն ամրագրելու, հավերժացնելու իրողությունն է: Պետք է տեսնել, մտապահել, պատկերացնել, ցուցանել այն էականը, որ անհրաժեշտ է գրականություն կոչված մշակույթին, որը խորապես մարդկային լինելով, արարչագործության շարունակությունն է իր պատկերավոր, ստեղծագործական բնույթով, կենսական ու մշտահոլով բովանդակությամբ…
Գրողի ժամանակը բնական ու բանական կյանքի ընթացքի, անձնական ու ներանձնական, անհատական ու հասարակական ըմբռնումների գեղարվեստական մարմնացումն է: Այն անցյալի ու գալիքի միջնամասում հավերժացնում է ներկան` հարատևող գոյի մշտնջենական էականությունը, չմոռացվող անցյալի մտապահված, հոգեղենացված, գրառված անմահությունը: Հարահոս գալիքի անսպառելի ընթացքը նոր շունչ, կենդանություն, թարմություն է բերում ոչ միայն ներկային, այլև կենսականորեն տարրալուծվում է այն ժամանակային անհունի մեջ, որ կոչվում է Հավերժություն:
Իր ապրած ժամանակի շունչն ու հոգեղեն ներունակությունը կրող գրողը կարողանում է երկնային շնորհները պաշտպանել նյութապաշտ ու ընչաքաղց աշխարհի ոտնձգություններից:
Գրողի ժամանակը հավերժության մեջ չընդհատվող ներկայություն է` գրքերով, մտքերով, ասելիքով, որոնք անցյալն ու ապագան կապում են իրար և սերունդների հերթափոխի հետ շարունակաբար կրթում ու դաստիարակում են մարդկանց` ընդլայնելով նրանց հոգեմտածողությունն ու մտահորիզոնը…
Մարդկային կյանքի վերընթացի ճանապարհին, գերժամանակակից տեղեկատվական միջոցներով մեր կյանք ներխուժող գովազդային, առայժմ ցածրաճաշակ, հաղորդումները, էժանագին սերիալները, մարդկանց բթացնող քաղաքական ու տնտեսական քարոզարշավները, մարդկանց ապակողմնորոշող ցածրորակ լրատվությունը խոչընդոտում են բարձրորակ գրականությունը մարդկանց, լայն հասարակությանը հասցնելու գործին:
Ժամանակն է, որ բոլոր հայորդիներն ու հայուհիները սեփական էության մեջ փնտրեն ու գտնեն մեր պատմական սխալներից հեռու ձգվող ճանապարհը: Սեփական երկրում ամրանալու, տոհմածառերով անտառվելու, վերարտադրվելու, յոթը որդով սեղան նստելու կարգախոսով պետք է առաջնորդվենք մենք… Պետք է լինենք մեր կորցրած պատմական հայրենիքում բնավորվելու, ապրելու համար ծնված նոր սերնդի հայրենասերների ուսուցիչը, խորհրդատուն, նրանց հոգեբանական զարթոնքի գեղարվեստական ու գաղափարական ուղղորդողները: Բնությունը սիրում է իր քաջ, բարի և արի զավակներին, իր երազանքները մարմնավորող ու ցանկություններն իրագործող մարդկանց:
Գրողի ժամանակը համահունչ է իր ապրած ժամանակի բարեշրջման գործընթացին օգտակար լինելու արարչական ծրագրին: Նա պետք է աջակցի մարդկանց, իր ընթերցողներին, իր խոսքի կարիքն զգացող ունկնդիրներին: Կարծում եմ, գրողի խոսքը հանապազօրյա հացի նման կարևոր ու անհրաժեշտ է հոգևոր քաղց զգացողների համար: