ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը, որտեղ քննարկվեցին մի շարք կազմակերպական հարցեր:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում Գրականության տարի հայտարարելու Հայաստանի գրողների միության նախաձեռնության ընթացքը: Նախագահը տեղեկացրեց, որ առաջարկվող միջոցառումների ծրագրի նախագիծը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարությանը:
Այնուհետև Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ «Գրական տապանի» շրջանակում Հայաստան այցելած և «Ավազե ամրոցի աղջիկները» իր վեպի շնորհանդեսի առիթով ՀԳՄ-ում հյուրընկալված անգլիագիր ճանաչված գրող Քրիս Բոհջալյանը ցանկություն է հայտնել անդամագրվելու Հայաստանի գրողների միությանը: Ստացվել են նաև ԱՄՆ Կալիֆոռնիայի հայ գրողների միության դիմում-միջնորդագրերը` իրենց կազմակերպության երկու անդամներին` արձակագիր, մի քանի գրքերի հեղինակ Գևորգ Պետիկյանին և արձակագիր, բանաստեղծ Կարեն Խաչատրյանին (ԽաչԿար) ՀԳՄ անդամ ընդունելու վերաբերյալ: Խնդրի շուրջ արտահայտվեցին Սամվել Կոսյանը, Պետրոս Դեմիրճյանը, Կարինե Խոդիկյանը, Արևշատ Ավագյանը: Քվեարկությամբ միաձայն որոշվեց հարգել ներկայացված դիմումները և նախագահության որոշումը ներկայացնել ՀԳՄ վարչության հաստատմանը:
Նախագահությունը որոշեց նաև «ՀԳՄ պատվավոր անդամ», «Գրական բարերար» կոչումներին ավելացնել «Հայ գրականության բարեկամ» կոչումը, որը ՀԳՄ նախագահության որոշմամբ կտրվի այլ ժողովուրդների հետ հայ գրական-մշակութային կապերի սերտացմանը նպաստող գրողներին:
Նիստում քննարկվեցին նաև առաջիկա ամիսներին ՀԳՄ-ում անցկացվելիք գրական միջոցառումների (հոբելյաններ, շնորհանդեսներ, Թարգմանչաց տոն և այլն) ընթացքի հետ կապված հարցեր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։