Եղիշե Չարենց – 120

Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրը, մարդաշատ էր Չարենցի հուշահամալիրը շրջապատող պուրակը: Հավաքվել էին մտավորականներ, գրողներ, չարենցապաշտներ՝ վերստին արժևորելու նրա ստեղծագործությունները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Չարենցին բնութագրելով որպես ժողովուրդների բանահյուսության, նրանց մեծերի հանրագումար ոճերը ամփոփող, սինթեզող մի հսկա երևույթի, նշեց, որ համաշխարհային պոեզիայի պատմությունն իմանալու համար բավական է կարդալ Եղիշե Չարենցի ստեղծագործությունները և նրա գրվածքներում տեսնել աշխարհի մեծերին: «Հայ ժողովրդի, մեր լեզվի արմատներից սկսած՝ նա պեղել, հանել է խորքայինը, գեղեցիկը, ճակատագրականը և դարձրել բանաստեղծություն, դարձրել վեպ, հոդված, բանավոր խոսք: Նա հսկա մեծություն է, որով պիտի հպարտանանք միշտ»,- ասաց նա:
«Սա մեզ համար այն ճանապարհն է, որով մեր ժողովուրդը կմտնի ու կվերադառնա կրկին Չարենցի թագավորություն, որտեղ կա հույսը, հավատը, երջանկության և պայծառ ապագայի հեռանկարը»,- ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը և հավելեց, որ բոլոր հիասթափությունները, որ ունեցել է հանճարեղ բանաստեղծը, կմնան ճանապարհին, իսկ հայ ժողովուրդը կգնա հույսի, հավատի և երջանկության կանխագուշակումների ճանապարհով:
Ըստ գրականագետ Սամվել Մուրադյանի՝ Ե. Չարենցը հայ ժողովրդի մտքի գերագույն խտացվածքն է: «Մեր ժողովրդի ազգային երազանքները նա փորձեց մարմնավորել իր բանաստեղծություններում ու պոեմներում: Երկիր Նաիրիի գաղափարախոսությունը հնչեցրեց բոլորովին նոր իմաստով»,- ասաց նա և շեշտեց, որ Չարենցի հուշարձանը սրբատեղի պիտի լիներ սերունդների համար, որովհետև Չարենցը իր մեջ մարմնավորում է 37-ի բոլոր նահատակներին: Ամփոփելով խոսքը՝ նա կոչ արեց կարդալ, հասկանալ և յուրացնել Չարենցին. «Դա մեզ կտանի նրա երազած ազգային ու մարդկային բարձունքները»:
Գրականագետ Սուրեն Դանիելյանը, վստահեցնելով, որ Չարենցն իր ոգով այսօր հայ բանաստեղծության մեջ զտումի աշխատանք է կատարում, նշեց, որ նա Սփյուռքի բանաստեղծական աշխարհի մունետիկներին տվել է իր պատգամները՝ «աշխարհին բացենք մեզ Չարենցի թախծոտ և լուսապայծառ աչքով»:
Գագիկ Դավթյանը կարդաց իր բանաստեղծությունը՝ նվիրված Ե. Չարենցին:
Ելույթ ունեցան նաև Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը, բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը և ուրիշներ:
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն իրենց ներկայությամբ և Չարենցի պոեզիայի ասմունքով իսկական տոնի վերածեցին Չարենցի ծննդյան օրը:

One thought on “Եղիշե Չարենց – 120

  1. Կը ներէք, բոլորովին կողմնակի հարց մը պիտի տամ խմբագրութեանդ՝ ակնկալելով ստանալ պատշաճ պատասխան մը. ինչո՞ւ Ձեր գրաւոր բարքերէն դուրս մղեցիք անջատման երկար գիծը_ , որ կը կոչուի նաեւ խօսակցական գիծ, եւ զայն փոխարինեցիք միութեան կարճ գծիկով՝ – , որով յառաջացաւ անթոյլատրելի ու նեղացուցիչ միօրինակութիւն մը:
    Եթէ հայերէն ստեղնաշարը չունի այդ գիծը, կարելի է զայն փոխարինել զոյգ գծիկով, հէնց այսպէս՝ –:
    Ուրեմն՝
    Մութեան գծիկ՝ –
    Անջատման գիծ՝ —
    Շնորհակալութիւն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։