Lեզվի հանդեպ մեծ ակնածանքով

Մարտի 10-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի և Ֆրանց Կաֆկայի «Օրագրերը» մենագրության (թարգմանիչ՝ Արա Առաքելյան) շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, փաստելով, որ Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպը հսկայական երևույթ էր համաշխարհային գրականության պատմության մեջ, ոչ սովորական, գրական խաղ, որի մեջ և՛ մշակույթի պատմության վերլուծություն, և հոգեբանական հսկայական շերտեր ու փիլիսոփայական խորքեր կան, խիզախում համարեց Արա Առաքելյանի կատարած աշխատանքը: «Վերջին 30-40 տարիների ընթացքում Արա Առաքելյան թարգմանիչը, գրական գործիչը մեծ դեր ունի մեր գրականության, թարգմանության ասպարեզում»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց, որ այսպիսի թարգմանությունները ազդում են հայ գրականության զարգացման վրա:
Բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Ղուկաս Սիրունյանը, ով վարում էր շնորհանդեսը, Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպը բնորոշելով իբրև «մշակութային տեղատարափ», գնահատեց թարգմանչին, որը մտնելով վեպի ծանրության տակ, կարողացել է հայեցի դարձնել Հեսսեի ողջ զինանոցը, պատկերային ողջ համակարգը, մտածողության բոլոր շերտերը: «Այդ ամենը խոսում է թարգմանչի վարպետության մասին»,- ամփոփեց նա:
Բանաստեղծ Հակոբ Մովսեսը, խոսելով 20-րդ դարի գերմանական արձակի առանձնահատկությունների, հայ իրականության, հայ գրականության մեջ դրանց ոչ լիովին արտահայտված լինելու մասին, վստահեցրեց, որ 20-րդ դարի գերմանական արձակում կա երեք կարևորագույն գրող, որոնց ստեղծագործությունները պետք է ամեն մի ժողովրդի լեզվով թարգմանված լինեն՝ Թոմաս Ման, Հերման Հեսսե և Ռոբերտ Մուզիլ: «Անկյունաքարային հեղինակներ և՛ ոճի, և՛ լեզվական հնարավորություններ բացելու տեսակետից»,- ասաց նա: Ապա անդրադառնալով Ա. Առաքելյանի կատարած թարգմանությանը՝ նա նշեց, որ վեպը թարգմանված է լուրջ հայերենով, ծանրակշիռ՝ թե՛ բառապաշարի, թե՛ շարահյուսության, շարադասության տեսակետից: «Կատարված է խղճի մտոք, մեծ ներշնչանքով, լեզվի հանդեպ մեծ ակնածանքով: Այսպիսի թարգմանություններով մեր գրականության մեջ նոր արյուն է ներարկվում»,- նկատեց Հակոբ Մովսեսը:
Ելույթ ունեցան նաև բանաստեղծ Հենրիկ Էդոյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը, գրականագետ Կառլեն Մատինյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ թարգմանիչ Արա Առաքելյանը՝ ընդգծելով, որ առնչվել Հեսսեի հետ, նշանակում է առնչվել ողջ մշակույթի հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։