***
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանի հրավերով ՀԳՄ քարտուղարության անդամները` ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, այցելել էին նախարարություն՝ քննարկելու մի շարք խնդիրներ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ՀԳՄ նախագահության նիստում քննարկված մի շարք հարցեր, որոնք հուզում են գրողներին: Առաջին հարցը վերաբերում էր նախարարության հանձնաժողովների աշխատանքին, մասնավորապես՝ գրողներին հատկացվող դրամաշնորհների, թարգմանական գրականության կամ մեր գրողներին այլ երկրներում թարգմանության հարցը քննարկող հանձնաժողովի և մամուլին տրամադրվող դրամաշնորհների խնդիրը:
Առաջարկվեց, որ հանձնաժողովի անդամները, ինչպես գրված էր նախապես ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը ուղարկված ՀԳՄ նախագահության նամակի մեջ, ցանկալի է, որ լինեն որոշակի վաստակ ունեցող, այդ ասպարեզներում հարգի մասնագետներ: Առաջարկության մեջ կարևորվեց, որ հանձնաժողովների աշխատանքը պետք է լինի թափանցիկ, իսկ դրամաշնորհների արժանացած գրողները, թերթերը, թարգմանական գրքերը հասարակայնությանը ներկայացվեն հայտարարված ժամկետներում: Առաջարկվեց ՀԳՄ-ի՝ որպես Հայաստանի, ինչպես նաև համահայկական ամենամեծ գրողական միության մասնակցությունը:
Անդրադառնալով Արագածոտնի մարզի «Դարձ» գրական-մշակութային պարբերականի տխուր ճակատագրին՝ Էդ. Միլիտոնյանը շեշտեց, որ անհրաժեշտ է պետական քաղաքականություն, կարևոր է գրական մամուլի դրամաշնորհի հարցում հստակ չափորոշիչների առկայությունը: Քննարկվեց նաև Հրանտ Մաթևոսյանի մրցանակաբաշխության հարցը: Որոշվեց, որ նախարարությունը դա հաշվի կառնի դրամաշնորհային մրցույթի կարգով: Հանդիպման ընթացքում առաջարկություն եղավ գրքի միջազգային ցուցահանդեսներում ՀԳՄ-ի և ՀԳՄ հրատարակչության կողմից ներկայացնել հայերեն և օտար լեզուներով հրատարակված գրքեր: Քննարկված հարցերից էր դրամաշնորհային մրցանակաբաշխություններում գրողներին տրվող դրամաշնորհների շրջանակն ընդլայնելը: «Մեր նպատակն այն է, որ գրողի ստեղծած որևէ լավ գիրք դուրս չմնա հանրության ուշադրությունից և տպագրվելու հնարավորություն ունենա»,- ընդգծեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև Թարգմանչաց միջազգային տոնի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կազմակերպման և անցկացման մասին՝ բարձր գնահատելով այն և հաստատելով, որ կարևոր է շարունակական դարձնել տոնի ավանդույթը:
Այնուհետև Էդ. Միլիտոնյանն անդրադարձավ Գրողների միության կազմավորման 85-ամյակին առնչվող միջոցառումներին, ըստ որոնց հանդիպումներ են նախատեսվում հանրապետության բուհերում, գրադարաններում, գրողների տուն-թանգարաններում, դպրոցներում, իսկ միջոցառումների ամփոփումը կկայանա դեկտեմբերի 6-ին:
Հանդիպումը ամփոփելով՝ տիկին Նարինե Խաչատուրյանը նշեց, որ արծարծված խնդիրների վերաբերյալ կլինեն պատշաճ լուծումներ: