ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երկու մեծագույն հայերի` Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բարեկամությունը հայ ժողովրդի և նրա մշակույթի պատմության ուշագրավ էջերից է: Հայոց Հայրապետը միշտ ձգտել է նեցուկ լինել Թումանյանին` նրա կյանքի դժվարին օրերին: Սակայն Խրիմյանի աջակցությունը Հովհաննես Թումանյանին շատ ավելի բարոյական բնույթ է կրել, քան նյութական: Նրան կարելի է Թումանյանի մեկենասը համարել միայն մեծ վերապահությամբ, քանի որ նա պարզապես Թումանյան-գրողի և մարդու անկեղծ համակիրն ու գնահատողն էր, սակայն նրա նյութական աջակցությունը կրել է սոսկ պատահական բնույթ:
Ժամանակակիցներից շատերն են հավաստում, որ Հայրիկը մեծ հարգանքով էր վերաբերվում Թումանյանին, նրան հիանալի զրուցակից էր համարում և առիթը բաց չէր թողնում` բանաստեղծի հետ հանդիպելու և ամենատարբեր հարցեր ու խնդիրներ քննարկելու համար: Նա բարձր էր գնահատում Թումանյանին որպես բանաստեղծի:
Բանաստեղծն իր հերթին մեծ սիրով ու ակնածանքով էր վերաբերվում Հայրիկին և նրա ընտրության առիթով Օրթաճալայում փոքրիկ խնջույք էր կազմակերպել: Կյանքի տարբեր խաչմերուկներում նրանք հաճախ են միասին գործել և խորհել հայ ժողովրդի ապագայի մասին: 1895 թ. դեկտեմբերի սկզբին նրանք միասին Էջմիածնում արևմտահայ գաղթականությանն օգնելու ուղիներ էին որոնում: Անհնար էր, որ Խրիմյանը Թիֆլիսում լիներ և չհանդիպեր Թումանյանին: Գնալով նրանց հանդիպումների առիթն ու զրույցի թեման առավելապես դառնում էր գրականությունը, գրողների անապահով վիճակը և այլն: Վեհափառը ինքն էլ ստեղծագործում էր, ժամանակի գրական ընթացքի ակտիվ մասնակիցներից էր: Պոետի դուստր Նվարդը վկայում է. «Նա (Խրիմյան Հայրիկը – Ս. Հ.) հաշվի էր նստում հայրիկի, նրա գրական ճաշակի ու հայացքների հետ»: Խրիմյանը չէր մերժում մշակույթի գործիչներին, ճեմարանի ուսանողներին աջակցելու Թումանյանի ոչ մի միջնորդություն: Մի առիթով բանաստեղծը խնդրում է Հայրիկին, որ Հովհ. Նալբանդյանի որդուն ճեմարան ընդունեն, և որպես «կաշառք», Վեհափառին ուղարկում է «Տրտմության սաղմոսներ» շարքից իր «Աստծո սպառնալիքը» բանաստեղծությունը. «Որովհետև մեր թերթերը հավատացնում են, թե Էջմիածնում ամեն բան կաշառքով է լինում, ես էլ Հայրիկին կաշառք մի ոտանավոր եմ ուղարկում»,- գրում է Թումանյանը.
Տե՜ր, մինչև ե՞րբ մեր աչքերը քեզ մընան.
Մեր գույժն հասավ հեռո՜ւ-հեռու ազգերին,
Աշխարհ լըցվեց մեր աղաղակ, մեր կական,
Ու չի անցել մեր տանջանքը տակավին:
Այս «Կաշառքը» Հայրիկին շատ էր դուր եկել:
Բանաստեղծի 1898 թ. դեկտեմբերի 20-26-ի խնդրանքով է Խրիմյանը ամսական 25 ռուբլի թոշակ նշանակում Ղազարոս Աղայանին` ցմահ:
1900 թ. ամռանը Դսեղում Թումանյանը դիմավորում և հյուրընկալում է Հայրիկին: Երբեմն Հայրիկը ցածր ձայնով երգում էր իր հորինած կամ էլ որևէ ժողովրդական երգ, երբեմն էլ որևէ գրքի առիթով վեճի էր բռնվում Թումանյանի հետ և այնպես էր ոգևորվում, որ ժամերն անցնում էին աննկատ, իսկ եկած այցելուներին մերժում էր` չկամենալով ընդհատել հանդիպումները բանաստեղծի հետ, որովհետև, ինչպես փաստում է իշխանուհի Մարիամ Թումանյանը, «Թումանյանը Հայրիկի ամենասիրելի հյուրն էր միշտ»: Հայտնի է, որ մի անգամ, երբ իշխանուհի Մ. Թումանյանը Հայոց Հայրիկին այցելության է գալիս, Վեհափառը տասնհինգ «տասանոց» ոսկիներ է փոխանցում բանաստեղծին: Հայրիկը միշտ անհանգստանում էր Թումանյանի առողջական վիճակով, նրա մեծ ընտանիքի հոգսերով:
Խրիմյանը մի առանձնահատուկ սիրով էր կապված նաև Թումանյանի ընտանիքի հետ: Բանաստեղծը Խրիմյան մարդուն ու մտածողին շատ բարձր էր գնահատում: Նրան համարում էր «մեծ մարդ, շա՛տ մեծ… փիլիսոփա բանաստեղծ, ով օրենք չէր ճանաչում, օրենք չգիտեր, օրենքից բարձր էր, ինքն էր օրենք ստեղծում, մեծ անարխիստ էր: Ինքնատիպ դեմք էր, մեծ ու անսիստեմ»:
Խրիմյան Հայրիկը Թումանյանի համար այն եզակի մերձավոր հոգիներից էր, որին բանաստեղծը նվիրել է չորս գեղարվեստական ստեղծագործություն` երկու բանաստեղծություն` «Հայ ուխտավորին» և «Կաղնի», և երկու արձակ երկ, որոնք տպագրվել են Խրիմյանի մահվան առիթով` «Երկու հայր», «Խրիմյան Հայրիկի օրերից մինը»:

Գնա՛ս բարով, ա՛յ ուխտավոր,
Երանի քեզ, հայ ուխտավոր,
Որ կարոտով ու սիրառատ
Ուխտ ես գնում դեպ Արարատ:
Զեփյուռներով, ծաղկանց բույրով,
Ինչպես ծնող սիրագորով,
Քեզ կողջունեն զմրուխտ հագած
Գեղամ սարերն ու Արագած,
Ու կարոտած աչքի նըման
Քեզ կըժպտա վճիտ Սևան… («Հայ ուխտավորին»)

Անտառի միջին բարձրանում էր մի
Հաստաբուն հսկա-ծերունի կաղնի:
Երկինքը բոցոտ շանթ ու կայծակով
Այրել էր նրա բունը շատ անգամ
Եվ փոթորիկը յուր սառը զարկով
Զարկում էր անդուլ, սուլում չարակամ:
…Բայց նա միշտ կանգուն, նա միշտ աննկուն
Հուսով նայում էր ամպած երկնքին…
…Նորա շուքի տակ, նրանից շատ ցած
Խըռնվել էին իրար փաթաթված
Աննշան խոտեր, թփեր ու ծառեր:
Նրանք նայելով մեծ կաղնին ի վեր
…Թեքթեքվում էին` իրար ականջում
[Չնչին ձայներով] դըժգոհ շըշընջում.-
«Սա, որ վերև է բարձրացել այսքան,
Ոչ որոտ դիտի, ոչ քամի, ոչ բան…» («ԿԱՂՆԻ»):

1910 թ. «Խրիմյան և Իզմիրլյան» հոդվածում վերստին անդրադարձավ Հայոց Հայրիկի բնավորության և մարդկային նկարագրի առանձնահատկություններին: Այսպիսի հաճախականությամբ Խրիմյան Հայրիկի գործին անդրադառնալը գրականության և հրապարակագրության մեջ ամենևին էլ պատահական չէր: Թումանյանը ունեցել է շատ ավելի մտերիմ ընկեր-բարեկամներ, որոնց և ոչ մի բանաստեղծություն չի նվիրել: Խրիմյանը իր օրերի կենդանի առասպելներից էր, նրա համբավը համաժողովրդական էր: Ժողովուրդն իր անկեղծ սերն ու պատկառանքը արտահայտում էր նրա մասին զրույցներ ու ավանդություններ հյուսելով:
Ճակատագիրը մոտեցրել էր այդ երկու մեծ մարդկանց, քանի որ նրանք ունեին հոգևոր նկարագրի մեծ ընդհանրություն: Երկուսն էլ տաղանդավոր զրուցակիցներ էին, բանավոր խոսքի անզուգական վարպետներ: Երկուսն էլ օժտված էին հումորի զգացումով: Նրանք հազար ու մի թելերով էին կապված միմյանց հետ, և այդ փոխադարձ ձգողական ուժը պայմանավորված էր ոչ միայն ընդհանուր հետաքրքրություններով, ազգային հոգսերով ու մտորումներով, բնավորության բազմաթիվ ընդհանուր գծերով, այլև հետաքրքիր զրուցակցի անհագ կարիքով ու կարոտով:
Բանաստեղծի ժամանակաշրջանը շռայլ էր խոշոր հայերով, և նրանցից յուրաքանչյուրին բնութագրելիս բանաստեղծը բնորոշում էր հենց իրեն: Այն, ինչ Թումանյանը գրում է երկու ազդեցիկ, մեծանուն հայ կաթողիկոսների` Խրիմյանի և Իզմիրլյանի մասին, կարծես գրում է իր մասին: «Երկուսն էլ խոշոր հայ դեմքեր էին, գերազանցորեն հայ, երկուսն էլ շատ ապրած իրենց ժողովրդի տառապանքով… երկուսն էլ ուրույն հայացք ունեին հեղափոխության վրա և ատում էին արյունը»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։