Եղեռնի տարիներին Հովհաննես Թումանյանի ինքնամոռաց սխրանքը հայ ժողովրդի պատմության անմոռաց էջերից է: Գրողն իր աչքերով տեսավ համազգային աղետը, ականատես եղավ ժամանակի զարհուրանքներին և իր կյանքով ու գործով դարձավ ինչպես իր ազգի ու ժամանակի մեծագույն գործիչը, այնպես էլ պատմագիրն ու վավերագիրը:
Ազգային ողբերգության տարիներին խափանվում են գրողի հատկապես ստեղծագործական բոլոր ծրագրերը: Առաջնային են դառնում ազգային-քաղաքական խնդիրները: Այդ շրջանի գրական ու հրապարակախոսական երկերում Թումանյանը արտահայտում էր կատարված սոսկումները, անպատմելի աղետը հայոց պատմության մեջ վերջինը համարելու հավատը: Այդ լավատեսության արտահայտությունն են «Սրանով կհաղթես», «Վերջին տագնապը» «Վերջին օրը», «Վերջին տեղատվությունը», «Վերջին վատությունները» և այլ երկերը:
Թումանյանն իր զայրույթի ձայնը բարձրացրեց «քաղաքակիրթ» Եվրոպայի դեմ և հավասարության նշան դրեց վայրագությունների ընդունակ եվրոպացու և ողջ աշխարհին իբրև բարբարոս հայտնի քրդի ու թուրքի միջև: Նա դիմում է իր ժողովրդի դարավոր թշնամուն և «ներողություն» խնդրում. «Ներեցեք մեզ, ո՜վ քրդեր, ո՜վ թուրքեր, որ 1878 թվականին մենք գնացինք Բեռլին ու գանգատվեցինք ձեր կատարած կողոպուտների, բռնաբարումների, սպանությունների, հրդեհների ու ավերումների դեմ` ձեզ անվանելով բարբարոսներ ու գազաններ, իսկ նրանց` մարդասեր դատավորներ… ստիպված ենք սրտի բեկումով խոստովանելու մեր միամտությունը և ձեզանից ներողություն խնդրելու էն խտրության համար, որ դրել ենք ձեր ու քաղաքակիրթ մարդու միջև»: Բանաստեղծը հավասարության նշան է դնում թուրքի ու եվրոպացու միջև, սակայն նրանց չի ցանկանում համեմատել անգիտակից գազանի հետ, որի չգիտակցված գազանությունը ընդամենը գոյության խնդիր է լուծում, իսկ աշխարհի գիտակցված, բանականությունից ծնված գազանությունը սարսափեցնում է պոետին և հանգեցնում տխուր եզրակացության. «Թերևս ազնիվ կլիներ ներողություն խնդրել և գազաններից, որ մարդկային էս բոլոր վայրագություններն անվանել ենք «գազանություն», և գուցե շատ իմաստուն ու տեղին կլիներ էս ամենի դեմ գնալ գանգատվելու նույնիսկ էն շներին, որ անընդունակ են էս տեսակ արարքների»:
Թումանյանի պատմական առաքելությունն էր հնարավոր և անհնարին բոլոր միջոցներով պահել ու պահպանել հույսի ու լույսի հայրենիքի գաղափարը և նոր ու հզոր հայրենիքի հեռատեսիլով մխիթարել ողբի ու որբի երկրում ծվարած աղետյալ ժողովրդին: Ռազմի դաշտ ուղևորությունից անմիջապես հետո` 1915 թ. հունվարի վերջերին, գրեց «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը, որը, ինչպես Պ. Սևակը կասեր, մեր «ժողովրդի մահապուրծ մասի, սրա անմոռուկ հույսի, սրա վերակենդանության և վերապրումի անդադրում ձգտումի, սրա հավերժական կացության ու կեցության հավատո հանգանակն է»: Իհարկե, դյուրին չէր լավատեսության խոսք ասել այդ օրերին: Սակայն պոետը համոզված էր` հուսալքությանը ազգովի ինքնասպանությունը կհաջորդի: Ազգային քաղաքական ճակատագրի անորոշության և անխուսափելի վտանգների ու արհավիրքների սպասումների մեջ հոգեկան ինչպիսի կորով, ինչ վիթխարի ուժ էր հարկավոր 1915 թ. հունվարին ստեղծելու «Հույսի ու Լույսի՜» և «Նոր ու հզոր» հայրենիքի բաղձալի հեռատեսիլը: Զարմանալի զարմանք է, որ հայրենիքի այդպիսի բնորոշում հնչում է հենց 1915-ին: Արձանագրենք. ոչ մի այլ հայ պոետ հայոց ահռելի վշտի և զարհուրանքների մեջ չի հնչեցրել այսքան լավատեսական տողեր:
Սակայն Թումանյանը գերմարդ չէր և չէր կարող նույն լավատեսական նույն գույները պահպանել Էջմիածնի դժոխքն ապրելուց հետո: Պատերազմի առաջին ամիսների գրողի լավատեսությունը իրողություն չդարձավ, և նա ականատես եղավ իր ազգի մի վիթխարի հատվածի հայրենազրկմանն ու ցեղասպանությանը: 1915 թ. նոյեմբերին ծնվում է «Հոգեհանգիստը», որը հավերժական հուշարձան է միլիոնավոր նահատակների, անտապան զոհերի անզուգական տապանագիրը, Եղեռնի թեմայով գրված հայ պոեզիայի անգերազանցելի սարսռազդու երկերից մեկը: Այլևս հզոր հայրենիքի հեռատեսիլով չէիր մխիթարի հայրենազրկված ու նահատակված մի ողջ ժողովրդի. պոետը պարզապես տառապում էր իր ժողովրդի հետ, ամենքի հետ, ամենքից ավելի և Ամենայն հայոց հայրապետի իրավունքով հոգեհանգիստ էր կարդում իր ժողովրդի անբախտ զոհերին.
– Հանգե՛ք, իմ որբե՛ր… իզո՛ւր են հուզմունք, իզո՛ւր և անշահ…
Մարդակեր գազան` մարդը` դեռ երկար էսպես կըմնա…
Բանաստեղծի մտորումները արյունարբու մարդ-գազանի և արյունով շաղախված քաղաքակրթության մասին ավելի ուշ` 1918 թ. հուլիսի 12-ին, վերածվեցին այսպիսի տողերի.
Ո՞ւր հեռանաս, կոխած տեղերդ արյունոտ.
Ո՞ւմ մոտ գընաս, ծանոթդ, ընկերդ արյունոտ.
Ո՞նց մոռանաս էս աշխարհքը արյունոտ,
Երգ ես լըսում, լըսած երգդ արյունոտ:
Եղեռնի տարիներին Թումանյանն արտահայտեց իր և ողջ ազգի քաղաքական սպասումները: Մեծ մտածողն ու գեղագետը նույն ուժով ու նույն բովանդակությամբ հանդես եկավ թե՛ հրապարակախոսության, թե՛ գեղարվեստական խոսքում` դրսևորելով մարդու, բանաստեղծի և հրապարակագրի ներդաշնակ, միաձույլ ամբողջությունն ու միասնությունը: