ԵՂԵՌՆԱԶԱՐԿ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅՈՒՆ / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

hakob

 

Հոսում է խանձված ժամանակը     ճանապարհը երիզող ծաղիկներով,      որոնց խորքում եղեռն տեսած տոհմիս ապրեցնող ծիծաղն է…

 

ՀԱՅԱՍՏԱՆ

Ես մնում եմ անմաշ ու

չորաչք սիրահարն արեգակի:

Ապառաժ եմ լեռը պատռած.

ջուրը հոսում է վրայովս,

գտնում իր ճամփան…

Բիբիս վրա աշխարհի

ամենաչքնաղ թռչունը

բույն է հյուսել.

ես սպասում եմ նրա աչքերով

ամեն օր արևածագին:

 

ՀԱՄԱՌ ԿԱՄՔՈՎ

Հայացքս սահում է

ամայացած ժամի անվերջությամբ:

Ես քայլում եմ սարսափների                                                              սահմաններով այնպես,

ինչպես կքայլեի վիհի եզերքով

լուսնահարի անգիտությամբ,

ինչպես կքայլեի գիշեր ու տիվ

ակնապիշ լռության մեջ,

դեպ կացարանիս բացուխուփ լինող

լուսամուտի փեղկերը-

ճերմակ-ճերմակ թափահարվող

թաշկինակներ…

Ես չգիտեմ`

դա հրաժեշտի՞, թե՞ փրկության կանչ է,

որում տխրության ծիծաղը

և ծիծաղի թախիծն

իմաստավորում են կյանքի

շարունակականությունը…

 

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ, ԱՊՐԻԼԻ 24

Ծոցս լցված արևաշողերը

շյուղ-շյուղ շարեցի

անմար կրակը համբուրող

ծաղկաջրվեժին…

Երկնքում փնտրեցի ծիծեռնակներ:

Մեկը խեթեց.

– Սա երազելու տեղը չէ:

Քիչ մնաց գայթեմ:

Նույն մեկը ծիծաղեց.

– Ոտքի տակ մի՛ ընկի:

Արևաշողերը ծաղիկ-ծաղիկ բացվեցին

երազներս ապրեցնող

հիշողության ջրերին:

 

ԱՊՐԻԼՅԱՆ ԽՈՀ

Վերքիս մակարդված արյունը

հիշատակներով վառվող մոմերի խեժն է…

Ինչքան ուշացած սկսեցի ճամարտակել,

որ աշխարհը սուտ է,

կյանքը՝ սին,

ես էլ, իբր, սնամեջ անոթ,

որով ով ասես` չանցավ`

ծուռ հայելիները դեմքիս պարզելով…

 

ՀԵՔԻԱԹ

Ազատ ու անկախ եմ.

Ժամանակը չգիտի`

գարնանային ծառուղում

ո՞ր մի ճյուղից կախի ինձ,

որ խնձորի պես հանկարծ

մեկի գլխին չընկնեմ…

 

ՀԵՏԵՂԵՌՆՅԱ ԹԱԽԻԾ

Ես եղեռնից դուրս պրծած

աղոթքն եմ տոհմիս.

լույսն ակնախորշումս

թարթվում է խռովքով`

թերթելով ժամանակի տագնապը

ստվերների ուրվաշարժով,

որի շոյանքով դողս է սահում

ու սուզվում թզենու

ճաղ-ճյուղերի ավիշում,

հասնում արմատներին բազմամատ`

վերակերտելով նախանյութս

ազգիս հիշողությամբ:

Ախ, ո՜նց եմ ուզում`

աշնան այս ոսկրասեր պաղության մեջ

թզենին տոհմիս աղբույրի

գլխին հարատևի

վերջին կրակոցի համար պահված

փամփուշտի պես,

որը միշտ սրտիս մոտ է

ու ավելացնում է ապրելու

քաղցրությունը…

 

ՈՒԶԵՄ, ԹԵ ՉՈՒԶԵՄ

Ինձ ոչ ոք չսովորեցրեց

անվերջությունից եկող

տառապանքի հառաչանքը մեկնել՝

իմ ով լինելու խոստովանության պես:

Աշխարհը զարմացած է`

մատաղացու հավատիս բերանում

աղի փոխարեն ծիծաղ տեսնելով,

իսկ կարոտը հնոտիքների մեջ է

և դարձել է բախտագիր.

ներելն այլևս դարձ չէ յուր շրջան,

այլ ներբանատարածք

մոխրագույն երկինք,

որի խաղը հպարտության

ծվծվոցն է խաղքի ու…

պարզից էլ պարզ է, որ հայտնությունը

հազում է թոքախտավորի հիշողությամբ`

ցայտանախշելով երակներիս պատերին

կարմրախեժ լեղիություն,

որպես միֆ մերժող ցնորքի թավիշ`

աշխարհի «քաղցրությունից»

ինձ բաժին հասած…

 

ՀԱՆԳՐՎԱՆ

Երկարող ճամփան ցավաերկնող է,

որը ձգվելով երակ է դառնում՝

ներսիդ ճյուղվելով ցավ-չորի փշով…

Հասկացել եմ ես. մոռացումից հեշտ

լքել-գնալն է առանց ետդարձի`

թողած պատրանքը խանդավառ հույսի,

որն էլ, անկասկած,

մոլորություն է՝ թողության մարմաջ…

Ես՝ մերժվածս, դեռ շարունակում եմ

մանչուկի վճիտ աչքերով

ինձ խոնարհ պահել

կարոտս արդարացնող

պատեհության առջև:

Ես… ես ընդամենը

վիճակախաղի չշահած տոմսակ,

հիշեցման թերթիկ` էջանիշ դարձած,

որում մշտապես վիշտն է օրորվում

աշնանային տարտամ պաղությամբ:

 

ՀԱՄԱՌՈՂ ԿԵՆՍԱՄՈԳ

Ժամանակն իր ծանրակոպերից

կտրատում է

անվերջ դիմակներ՝

կենդանի մեռելներին հագցնելու համար,

որ նրանց կարգի պահակներ

անգամ հղի կնոջ

բադիկաշորոր ընթացքի առջև,

ուր լույսը հասունանում է

ճառագելու չափ…

Ես երկրպագում եմ

ծննդկանի հեքիաթե բնում

մանկան ուժ հավաքող ճիչը բարեխոս,

որը մեղայի պես պարզաջրում է մեղքը`

չար խափանելով

և բացելով աշխարհի առջև

փակ դուռը բիբի,

որով ներս ու դուրս անող

մարդկային գենն ապաշխարած

կհաստատի,

որ մարդու ամոթն իր կերած կաթի

գույնի հետ կապ չունի…

Եվ մեկ է` ինչքան էլ

հասարակածի ու միջերկրականի

հատման կետում է ունայնությունը,

բոլորն էլ չմեռնողների աղոթաշարքում

կանգնած են մեռնում:

Ես, անգամ այնտեղ, երկրպագում եմ

նախճիր տեսած ազգիս

երկունքը տիեզերական:

 

ԿԱՐՈՏ Է ՈՐԲՈՒԹՅՈՒՆԸ

Ոսկորներս՝ անապատի արևը կերած,

թրծվել են կավից այն հում,

որ բերվել է տաք վայրերի

կարոտներից լինելիության,

կաթնամոխրե… մոխրե…

մոխրե մի թախիծով,

որի ներքո, հանց ծիսակարգ,

խոնարհումով ընդունեցի

եղեռնազարկ որբությունս:

Ուշ հասկացա,

անճարակի ծիծաղաշարժ

մի ճողվածքով,

կորուստներիս անչափելի մեծությունը,

որ պահում է ինձ մեծ մանուկ,

ԱՐԱՐԻ1 անդիմահագ բարի դեմքով,

բայց զավակներս են Դավթի նման

ժամեժամ հասակ առնում`

հաստատելով տոհմիս հավերժությունը…

 

ԳԱՍԱՊԵՆՑ ԱՂԲՅՈՒՐ

Անձրևը Գասապենց

աղբյուրի կարմրադեմքին

ասես վարսերով քող է գցել:

Ես ափերիս մեջ եմ հավաքում

շիթերն ու շղարշում դեմքս`

փորձելով ծածկել ամոթս…

Իսկ տոհմիս ակնաղբյուրը

չոր է ու ցամաք,

լքյալի հպարտ անկարողությամբ

թևաթափ կանգնած` քար է դարձել`

իրեն արարող շնչի պակասից:

Ջուրն իր արյունն էր, որը մակարդվել է

թել-թել հիշողությունը… չկորցնելուց:

 

Ինձ չճանաչեց, երբ իրար տեսանք…

Ասացի. «Ճյուղն եմ

Գասապենց տոհմի»:

Նայեց անտարբեր:

Խեղճը ո՞նց հավատար,

երբ որ տեսել էր դար զարհուրելի…

Դողս հպեցի քարե մարմնին

ու տող-տող համբուրեցի

զավակին վայել զուսպ խոնարհումով.

– Է՜… իրավազրկյալ, է՛…

Գասապենց աղբյուր…

մեր հանդիպումը այսպես պիտ լիներ…

Դու` փշե պսակ` տատասկածովի

խութին պապանձված.

Ես` բաց ճակատով կարոտ մի անանց…

Դու` Չնքուշ քաղաքում

տոհմիս վկա արձան…

Ես… ես քեզ ի՞նչ ասեմ… չկարողացա…

իմ զավակների ականջը կանչի…

 

ՉՀԱՍԿԱՆԱԼ ԹԵ ՉՀԱՍԿԱՑՎԵԼ

Նահատակների Ֆոսֆորե ոգին,

որի Խույրն է երկինքե,

աստղերը` շարան,

չգրկեց երբեք ճակատս ծեծված

ու աստղերն էլ ուսերիս չընկան`

թողնելով չոր ու ամայի:

Բայց ես` զինվորս, անհայտ, անանուն,

սպասում եմ դեռ ավետիսին

բարու հաղթության,

որը պապենական տան առջև,

մայթին նստած մանչուկին

ամեն երեկո հուշել է

անվերջ հեքիաթի ոգի…

Իսկ հեքիաթները հիշատակներ են…

հիշողությունս՝ խոցված թիկնապահ,

մեղադրվում է ապիկարության մեջ

անտանիք տան պես,

որի պատերը շերտ-շերտ բարձրացել են

կավ ու քրտինքով,

բայց ճաք են տվել:

Քամին է այնտեղ ելումուտ անում

և մունջ լրտեսում

Աստծո խաղաղությանը

իր իսկ աչքի տակ…

Ասում են՝

Աստված թաց ու

չորը չի խառնում երբեք…

«ՄԱՀՆ ԵՐԿԻՐՈՎ ՀԱՐՍԱՆԻՔ Է»,-

ճչացել է չնքուշցի

կույսն ու նետվել վիհը`

մահվան երախում անեղծ մնալով…

Աստծո գործերն անքննելի են:

 

ԽՈՑՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Որպես անթաղ ու թաղված

նահատակների

հավերժող ոգի,

ՀԱՅԱՍՏԱՆՍ, դու վիրավոր ես:

Աղոթքներիս տիեզերապտույտ

կրկնողությամբ

խնդրեցի արդար մի խաղաղություն

ինձ, քեզ, բոլորիս համար…

Խիղճս խոնջացած է

այլասիրության ցավի վերուվարումից,

և ոչ մեկին կարծես չի հուզում

պարզ իմաստությունը.

«Բարևն Աստծունն է»:

Անթաղ ու թաղված

նահատակների հիշատակը-

Աստծո պապանձված լռություն…

 

1915

15-ից եկող ահասարսուռ տեսիլքները,

որպես ֆոսֆորե եղյամ,

խցանում են երակներս,

բայց պորտիցս թռած աղավնու

թևաբախումը

շշնջում է՝ ԿՅԱՆՔ…

ու ճերմակաթույր

փետուրներ են օդ ելնում`

ժամանակի կողերը խտտող…

աստղերը փորձում են գուշակել.

ի՞նչ նոր լուսնահար է,

որ ուզում է գտնել աշխարհի սկիզբը…

իսկ ես վաղուց գիտեմ.

աստղերն ինչքան բարձր են,

այնքան հեռու են Հայրենյաց կարոտից

ու անտարբեր` ճակատագրով վճռված

ԱՆԱՐԴԱՐՈւԹՅԱՆԸ…

 

ՉՆՔՈՒՇՑԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌՋԵՎ

ՏՈՒՏԱՆ2 վիհ՝ անձեռակերտ արձան…

Ես` ծաղկեպսակ տրոփող…

Արյունս տենդոտ վերվերում է

այն շիվի նման, որ ժայռ է ճեղքում՝

գտնելու համար արևի ճամփան:

Տիեզերքի օրհնաբանությամբ

մտորումներս ընթացք են անվերջ,

մանանեխի չափ հավատով,

որպես գահավեժ կյանքերից թռած

ճիչի արձագանք-

երազների հարություն…

մի… Է:

Ու ագուցված են երկիր ու երկինք

խնկարկուն խոհերիս

անպարփակ հուշով,

որն ակոսում է ոգեղեն ծովը

ժամանակների,

ինչպես մի տապան,

իբրև վիհ Տուտան. շնչող մահարձան:

 

———————————-

  1. Չնքուշցիների կողմից հորը դիմելաձև:
  2. 1915 թվականին Տուտանի վիհն իմ գերդաստանի և հազարավոր չնքուշցիների անհատակ գերեզ­մա­նոցը եղավ: Աստված միայն գիտի՝ այս խորխո­րա­տում քանի անավարտ երազ հանգավ:

Ընդհանրապես ժայռերը տխուր չեն լինում, բայց սրանք սգավոր են իրենց իսկ բնությամբ: Զար­մանա­լիորեն բնությունը ասես խոնարհված ապառաժներով անմեղ զոհերի հուշահամալիր է կառուցել: Նստում եմ համարյա վիհի շուրթին: Չեմ վախենում, որ կընկնեմ անդունդը, բայց և ներքև չեմ նայում: Ինձ թվում է` մերոնք նեղացած կլինեն, և ես չեմ դիմանա նրանց խոժոռ հայացքին, ու սրտիս միջինը կթափվի աչքե­րովս:

«Քարե կարկուտ կերած երկիրը» հուշագրությունից

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։