Թումանյանը ամենաընթերցասեր հայ գրողներից է: Յուրաքանչյուր հայի համար հատուկ է դարերի խորքից եկող և գրեթե բնազդական սերը դեպի գիրքը: Բանաստեղծի մեջ այդ սերը առավել շեշտված էր, առավել ցայտուն:
Գրքի նկատմամբ Թումանյանի վիթխարի սիրո ապացույցն էր 10 000 միավոր գրականություն կազմող նրա անձնական գրադարանը, որից այսօր պահպանվել է 8000 գիրք: Համեմատության համար նշենք, որ նյութական միջոցներ հայթայթելու որևէ խնդիր չունեցող կոմս Լև Տոլստոյի անձնական գրադարանում՝ Յասնայա Պոլյանայում, պահվում է շուրջ 16 հազար գիրք: Այդ գրադարանը հավաքել է ազնվական ընտանիքի մի քանի սերունդ: Իսկ Թումանյանը իր հարուստ գրադարանը ձեռք բերեց միայնակ՝ գրեթե միշտ լինելով նյութական կարիքի մեջ և, բառիս բուն իմաստով, վճարելով իր և իր ընտանիքի ապրուստի՝ հացի գումարը: Պատանեկության տարիների մտերիմներից Արսեն Ղլտճյանը վկայում է, որ Թումանյանը «շատ էր կարդում, մշտապես գրքեր էր հավաքում՝ հաճախ օրվա հացի գինը ծախսելով այդ նպատակին»:
Գրողն ինքը խոստովանում է. «18 տարեկան էի դարձել, և միայն մի քանի գիրք էր անցել ձեռքս, էն էլ մեծ մասամբ պատահմունքով»: Ընդամենը երեք տասնամյակի, ազգային-հասարակական հոգսերով գերծանրաբեռն կյանքի ընթացքում Ամենայն հայոց բանաստեղծը ձեռք բերեց մեծ ու արժեքավոր գրադարան: Այն սիրով, հատուկ խնամքով և ընտրությամբ ձեռք բերված կովկասագիտական, հայագիտական, արվեստաբանական, պատմագիտական, փիլիսոփայական և այլ բնագավառների գրքերի հարուստ հավաքածու է՝ տարբեր լեզուներով, և հարուստ է թե՛ հայ և թե՛ արտասահմանյան գրականությամբ: Թումանյանը թեմատիկ գրապահարաններում առանձնացրել էր բառարանների, գեղարվեստի, հայագիտության, կովկասագիտության, Արևելքի պատմության, բանահյուսության և այլ բնույթի գրականություն: Քարտարանը կազմել էր անձամբ:
Բանաստեղծը հատկապես սիրում էր ընթերցել Պուշկին, Լերմոնտով, Տոլստոյ, Շեքսպիր, Լոնգֆելլո, Գյոթե, Հայնե, Բայրոն, Բերանժե, Ֆ.Ռյուկկերտ, Լ.Ուլանդ, Հերդեր, հույն ողբերգակներին, Օմար Խայամ, Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ և համաշխարհային այլ դասականների, տարբեր ազգերի դյուցազնավեպերը, ավանդությունները, հեքիաթները, գերմանական ու սկանդինավյան հեքիաթներն ու դյուցազնավեպերը:
Բանաստեղծի սեղանի գրքերից էր «Աստվածաշունչը»: Թումանյանը հատկապես սիրում էր այն հեղինակներին, որոնց ստեղծագործության անմիջական աղբյուրը ժողովուրդն էր և ժողովրդական իմաստությունը, և որոնց լեզուն, ոճը և արտահայտչամիջոցները պարզ էին և դյուրըմբռնելի՝ ինչպես Թումանյանը կասեր՝ «աչքի պես պարզ, աչքի պես բարդ»: Նրան դուր էին գալիս նաև այնպիսի գրքեր, որոնցում իշխում էր հումորը: Եթե Յու. Լերմոնտովը չավարտեց Մոսկվայի, իսկ Լ. Տոլստոյը՝ Կազանի համլսարանը, ապա Թումանյանը չավարտեց նույնիսկ Ներսիսյան դպրոցը: Ուսումնառությունը կիսատ թողած բանաստեղծը հենց գրքի շնորհիվ, գիտական ու գեղարվեստական գրականության ընթերցանությամբ ընդլայնեց իր մտահորիզոնը, Բրյուսովի խոսքերով՝ դարձավ «ինքնակիրթ» և մեր ազգային մշակույթի պատմության մեջ մտավ իբրև պոետ, հրապարակախոս, քննադատ ու թեև անավարտ, սակայն պատմաբանասիրական ուսումնասիրությունների, քաղաքակրթության ու մշակութաբանության, հայ գրականության և ազգային պատմության համար արժեքավոր ծրագրային հիմնարար հոդվածների հեղինակ:
Թումանյանի սերը գրքի նկատմամբ պարզապես պաշտամունք էր: Վարդգես Ահարոնյանը վկայում է. «…Իր զավակներից հետո իր գուրգուրանքի առարկան էր իր գրադարանը»: Բանաստեղծի կինը՝ Օլգան, իր հուշերում նշում է. «Անկարելի է մոռանալ, թե ինչպես էր փայփայում իր գրադարանը… Տանից բացակայելիս գրում էր՝ լավ նայիր երեխաներին և գրադարանիս»:
Ուշագրավ ենք համարում հետևյալ զվարճալի պատմությունը: Ըստ ամենայնի, 1901թ. ապրիլին՝ Զատիկի տոներին, Թումանյանը Բաքվից 350 ռուբլի գումար է ստանում: Կինը խնդրում է այդ գումարը իրեն տրամադրել՝ տան կարիքների համար: Ամուսինը չի մերժում և ամբողջությամբ տալիս է: Այնուհետև, ինչպես պատմում է Օլգան, «չանցած մի քանի ժամ, ծայրեծայր գրքերով լցված մի կառքով եկավ բուկինիստական գրախանութի աշխատակցի հետ, թե՝ էն 350ը տուր, 30 կոպեկ էլ՝ կառքի փող…»:
Երբ բանաստեղծին քաղաքական հալածանքները հասցրեցին Պետերբուրգ, անպարտ ճանաչվելուց ու բանտից դուրս գալուց հետո նա ժամանակի մեծ մասն անցկացրեց գրախանութներում: Ռուսաստանից նա հինգ արկղ գիրք էր բերել Թիֆլիս: Թե՛ Մոսկվան, թե՛ Պետերբուրգը գրողին դուր էին եկել հատկապես բուկինիստական խանութներով, և նա երազում էր նորից վերադառնալ այնտեղ՝ «հատկապես գրքեր գնելու համար»:
Գրքերի զգալի մասը Թումանյանը ուսումնասիրում էր ամենայն խորությամբ: Սակայն կային գրքեր, որոնք նա պարզապես թերթում էր և կռահում գրքի ողջ բովանդակությունը: Բանաստեղծի դուստրը՝ Նվարդը, իր հիշողություններում նշում է. «Գրքի հոտառություն, ուժեղ բնազդ ուներ, գիրքը կարծես թե զգում էր, գլխի էր ընկնում: Ասում էր՝ գրքեր կան, որ թերթելով եմ կարդում, ուրիշ կերպ անհնար է, հո չի՞ կարելի բոլոր գրքերն անխտիր կարդալ»: Այնուամենայնիվ, թերթելով անգամ շատ ավելին էր վերցնում, քան մեկ ուրիշը գրքի բոլոր տողերը կարդալով: Մի առիթով Լեոն պատմում է. «Էդ տնաշենը գիրք կարդալու զարմանալի ձև ուներ: Մի օր մոտն էի, խոսում էինք կովկասագիտությունից: Մի նոր գիրք էր գնել, սեղանի վրա տեսա «Маевский, Закавказье»: Ասի՝ Օհանե՛ս, մի քանի օրով տուր տանեմ կարդամ, ետ բերեմ»: Պոետը չէր սիրում, երբ իր գրքերը տանից դուրս էին տանում: Երբ խնդրում էին, մերժել չէր կարողանում, շատերը տանում ու չէին վերադարձնում: Այդ պատճառով էլ աշխատասենյակի պատին մի գրություն էր փակցրել. «Խնդրում եմ չծխել և գիրք չխնդրել»: Սակայն այդ գրությունը չէր խանգարում, որ բանաստեղծի աշխատասենյակում հյուրերը ծխեին ու նաև գրքեր խնդրեին: Ինքը չէր ծխում, այնուամենայնիվ, ծխող հյուրերի համար բանաստեղծը մոխրաման էր պահում իր գրասեղանին: Այս անգամ էլ նա Լեոյին չի մերժում: Երբ Լեոն գիրքը կարդում է, հասկանում է, որ Թումանյանը այն չի ընթերցել, և զարմանում է, թե ինչպես է բանաստեղծը խորհուրդ տվել կարդալ մի գիրք, որի բովանդակությունը նրան անծանոթ է. «Օհանես, դու այդ գիրքը ինչպե՞ս ես կարդացել, որ թերթերը դեռ կտրտված էլ չեն. բան չասաց: Զրույցը շարունակեցինք: Քիչ հետո խոսք գցեց էդ գրքից, հետն էլ մի կարծիք հայտնեց, որ միանգամայն նոր էր ինձ համար: Ասի՝ Օհանե՛ս, էդ որտեղի՞ց գիտես, թե՝ հենց էդ գրքիցն եմ ասում, որ տարել ես, կարդացել ու ետ բերել… Շատ ծիծաղեցինք»:
Բանաստեղծի համար գրքերի աշխարհը խաղաղություն ու հոգեկան անդորր էր բերում: Նրա ընկալմամբ՝ իր կողքին ասես ապրում էին հայ և համաշխարհային դասականները՝ Հին Հունաստանից սկսած մինչև իր օրերը, ապրում էին բոլոր ժամանակների հանճարեղ փիլիսոփաներն ու գիտնականները: Թումանյանը այն բացառիկ գրողներից է, որի համար իր գրադարանը այնպիսի ներշնչանքի առարկա է եղել, որ նա իր սերը արտահայտել է բանաստեղծությամբ.
Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր –
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի:
Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր: