ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

 

Թումանյանի ծնողները 8 երեխա ունեցան՝ 5 տղա և 3 աղջիկ: Ամենամեծը, ամենից սիրվածն ու գուրգուրվածը ապագա բանաստեղծն էր՝ Հովհաննես Թումանյանը: Նա ծնվեց Դսեղում 1869 թ. փետրվարի 7-ին (հին տոմարով): Փետրվարի 15-ին բանաստեղծին մկրտում են և Հովհաննես անվանում իր հորական պապի՝ մեկ տարի առաջ վախճանված Հովհաննես աղայի պատվին, թեև Հովհաննես էր նաև մորական պապի անունը: Թումանյանը իր հերոսական նախնիներից ժառանգել էր միայն լավ հատկանիշները և ամբարել իր մեջ անխտիր նրանց բոլոր առաքինությունները, այն ամենը, ինչ ազնվական էր, բարոյական ու վեհ՝ «թասիբը», «վեհանձնությունը», սրին լավ տիրապետելը, քաջությունը, «ուրախասիրությունը», պարթևությունը, իշխանական ոգին, ստեղծագործելու ընդունակությունը, վառ երևակայությունը, հավատարմությունը, Բարխուդարի երկրորդ որդուց՝ Գոգի-Գևորգի ճարտարաբանությունը, Հովհաննես աղայից և հորից հյուրասեր, զրուցասեր, սրախոս ու զվարճասեր, բարի, առատաձեռն բնավորությունը, ծնողներից՝ հատկապես մորից, պայծառատեսությունը և բնության պաշտամունքը: Թումանյանը ատում էր թալանն ու գողությունը, ինչպես իր պապերը, մայրը: Բանաստեղծի պապը՝ Հովհաննես աղան, ուրիշի տանը միս չէր ուտում, թե կարող է գողացած լինել: Մայրը կարող էր պատժել, նույնիսկ երխային «կըտրից ներքև շպրտել», հարևանի այգուց տանձ կամ մոշ քաղելու համար:

Թումանյանը ժառանգել էր նույնիսկ հանրային գործերի համար պարտքեր անելու սովորությունը (Հովհաննես աղան պարտքեր էր արել գյուղի համար ճանապարհ և կամուրջ կառուցելու նպատակով): Ամենից շատ Թումանյանը նման էր հորը թե՛ արտաքնապես և թե՛ բնավորությամբ: Ժառանգել էր նրա առաքինի բոլոր գծերը. և՛ բարեկազմ արտաքինը, բարձրահասակ, գրավիչ դեմքով, խոշոր և խորունկ աչքերը, և՛ բնավորության շռայլությունը, կենսուրախությունը, հյուրասիրությունը, սրամտությունը, հպարտությունը, դժվարությունները ամենքից թաքցնելու և հասարակության աչքում հարուստ երևալու ձգտումը, ընտանիքի բարեկեցության հաշվին օտարներին անվերջ բարեգործություններ անելու ձգտումը: «Ինչ որ լավ բան կա իմ մեջ՝ հորիցս է»,-  հավաստիացնում էր պոետն ընկերներին:

Թումանյանը մեծացավ բազմանդամ ընտանիքում, որը բաղկացած էր նաև երկու հորեղբայրների՝ Գրիշկայի ու Մամի ընտանիքներից. երեք եղբայրների բազմանդամ ընտանիքներ միևնույն հարկի տակ, գյուղական տուն, որի սրահում կարող էր հանկարծակի գայլ հայտնվել, գյուղական փողոցներ, որտեղ շները վազում էին մանուկ Հովհաննեսի ետևից և վախեցնում նրան: Թումանյանը քայլել սկսել է «սովորականից շատ վաղ» հասակում, այսինքն՝ 1 տարեկանից շատ վաղ: Ընկերություն էր անում հորեղբոր տղայի՝ իրեն հասակակից Սմբատի հետ, խաղում կրտսեր եղբոր՝ Ռոստոմի հետ: Մանկական առաջին տպավորությունները կապվում են բնության, կենդանիների և թռչելու ցանկության հետ. «Թռչելու տրամադրություն ունեի միշտ, և ինձ թվում էր միշտ, թե կարող եմ օդում թռչել, էնպես թեթև էի զգում, և այժմ էլ թվում է, թե թռչում էի կամ թռել եմ»: Վաղ մանկությունից բնության նկատմամբ սերը թափանցեց պոետի հոգու մեջ և այլևս այնտեղից դուրս չեկավ. կյանքի մինչև վերջին պահերը մնաց նրա ամենամեծ կարոտը: Ինքը՝ բանաստեղծը, բնությունը համարում է իր ամենամեծ ուսուցիչը. «Գիշերների լռության մեջ միշտ ականջ էի դնում Դեբեդի ձենին, որ գալիս էր խոր ձորից, երբեմն՝ խուլ ու խոր, երբեմն՝ պարզ ու ահավոր: Եվ կարծես խոսում էր հոգուս հետ: Ինչքան էի սիրում առավոտը աքաղաղների ծուղրուղուն, գիշերվա շների հաչոցը»: Առաջին անգամ Գյոլի-ուրթում տեսավ նապաստակ և վախեցավ, երբ թռչնի բնից ճուտիկները կտուցներն ուղղեցին նրան՝ կեր ստանալու ակնկալիքով: Իսկ հեղեղից ու կայծակից ոչ միայն չէր վախենում, այլև սիրում էր: Բանաստեղծի ուսուցիչներն էին նաև ընտանիքը, հարազատները, հայրենի հիշատակները՝ Սիրուն Խաչը, Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը, հայրենի Լոռին՝ իր վայրի բնությամբ, Դեբեդի վշշոցը, Դիդ բլուրը, Ձաղի ձորը, Ծովեր լճակը, ինչպես նաև սայլվորի երգը, լեռների թարմ ցողապատ լանջերը, Լոռվա հանդերի արտույտների երգը: Մանուկ Հովհաննեսը ճանաչում էր շրջապատող բնությունը, բույսերն ու ծաղիկները, կենդանական աշխարհը: Նա սիրում էր ուրց ու մորի հավաքել, հասկի ցողունից կամ եղեգներից նվագածության գործիք պատրաստել, շվի նվագել, երգել: Այս ամենը հրաշալի էր, և հարազատ հողն ու բնությունը ոգեշնչում էին ապագա բանաստեղծին ու գունավորում նրա մանկությունը:

Մանկության տարիներին Թումանյանը սիրել ու հետաքրքրվել է հեքիաթներով, լեգենդներով ու ավանդություններով, իր նախնիների՝ Մեհրաբի ու Հովակիմի, Հովհաննես աղայի՝ «Լոռու հին-հին քաջերի» մասին ասքերով, սխրագործություններով, որոնք դարձան նրա հոգևոր առաջին սնունդը: Այդ հեքիաթները, «հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու Մութ աշխարհներից» նա քաջքերի մասին լսել է և՛ տատից, և՛ իր հորեղբոր կնոջից՝ Թագուհուց, իր խաղընկեր Նեսոյից, գյուղի այգեպան Ղոխնանց պապից, բոստանչի Մելքոնանց Օհաննեսից, իր քեռի Իսայուց: Հատկապես կանայք սովորություն են ունեցել վախեցնել երեխաներին սատանաների մասին պատմություններով: Վերջինիս պատմածի հիման վրա է գրել «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները», «Արծիվն ու կաղնին»: Հորեղբայր Մամից լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը («Գութանի երգը», «Կալի երգը», «Գութան»): Բանաստեղծին հոգեհարազատ էին հատկապես լեգենդներն ու բալլադները, որոնք նրա համար և՛ երգ էին, և՛ պատմություն:

Թումանյանի մանկության օրերին Դսեղն ապրում էր նահապետական կենցաղով, դարերից եկած «ադաթներով» ու սովորություններով: Դեռևս անծանոթ սնոտիապաշտության, «ադաթների» ներքնիմաստներին և նրանց ծնած ողբերգություններին, փոքրիկ Հովհաննեսին դուր չէր գալիս կանանց ու տղամարդկանց հարաբերություններում նկատվող անարդարությունները, ծեծն ու հայհոյանքը, նկատում է, օրինակ, ինչպես էր իր հորեղբայր Մամը ծեծում իր կնոջը՝ Թագուհուն: Իսկ Չումանը՝ Քոչնանց Սիմոնը, միշտ ճիպոտը ձեռքին սրան-նրան ծեծում էր ու հայհոյում: Գյուղացիներից տպավորվում է նաև ընչազուրկ «Շաշ Դավոն», որ «Մարինոս էշի» վրա նստած՝ գոռգոռում էր անվերջ: Հիշում էր նաև իգիթների միջև արյունով ավարտված վեճերը: Ալեքի եղբայր Օսմանը սպանում է Չոփուռանց տղաների քրոջ տղային: Չոփուռի տղաներն էլ սպանում են Օսմանին: Սակայն նահապետականության մեջ Թումանյանը տեսնում էր նաև դրական կողմեր՝ անմիջականություն, ազնվություն և պարզություն: Երազում էր ծննդավայրը կապել աշխարհի հետ. «Մտածում էի, թե որ մեծանամ, էնպես մարդ դառնամ, որ մեր Լոռու ձորի վրով կամուրջ շինել տամ»:

Յոթ-ութ տարեկան Հովհաննեսը՝ կարմիր արխալուղը հագին, մորթե փափախը գլխին, ոտքին տրեխներ, ճիպոտը ձեռքին, իր հասակակիցների հետ գառներ էր արածեցնում: Նրա գառնարած ընկերներից էր Նիկալը: Երբեմն նրան ընկերակցում էր կրտսեր եղբայրը՝ Ռոստոմը, իրենց Չալակ շան հետ: Հետագայում «Պատրանքում» Թումանյանը մեծ կարոտով է հիշել մանկության այդ անհոգ ու անդարձ օրերը:

Մանուկ Թումանյանը հաճախ էր տարվում խաղով կամ պառկում բնության որևէ գողտրիկ անկյունում, ժամերով հետևում ամպերի խաղին, լսում թռչունների ուրախ ու զվարթ ծլվլոցը, իր «մեծ ուսուցչի»՝ Դեբեդ գետի վշշոցը, և մոռանում իրեն վստահված գառների կամ արջառների մասին: Ուշ երեկոյան՝ սթափվելով երազներից, փոքրիկ Հովհաննեսը փնտրում էր իր պահպանությանը հանձնված կենդանիներին և շփոթված ու այլայլված, ձեռնունայն տուն վերադառնում: Նա իրեն շատ մեղավոր էր զգում և ծանր էր տանում իր անփութության հետևանքը, և ոչ միայն սպասվող պատժի, այլ նաև կենդանիների մասին անհանգստությունից: Հետագայում ցավով էր հիշում. «Ես միշտ կորցնում էի անասունները»: Իր ամբողջ կյանքում բանաստեղծը սիրով ու անթաքույց քնքշությամբ է հիշել մանկության տարիների «հին կարոտ մտերիմներին»՝ գոմեշ Նազլուին, Ծաղիկ կովին, Չերքեզ և Աբրաշ եզներին, Թոբլան, Ղայթար և Մաշկո շներին, Մարինոս ավանակին և Ղռաթ ձիուն:

One thought on “ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ / Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.