Թումանյանը հեղափոխական գործիչ չի եղել երբեք և մշտապես բարձր էր կանգնած կուսակցական միակողմանիությունից: Նա ինքը հայի ոգին էր և այդ վերնագրով հոդվածում ձևակերպում էր իր «անկուսակցական» հավատամքը. «Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը»: Այս տողերը բանաստեղծը գրել է 1910 թ., իսկ մինչ այդ նա համագործակցել էր տարբեր կուսակցությունների` մասնավորապես հնչակյանների, դաշնակցականների ու սոցիալ-դեմոկրատների հետ, ըստ ամենայնի անդամակցել, սակայն շատ կարճատև` միշտ կապված հայանպաստ ազգային կարևորության գործերի իրականացման հետ: Բանաստեղծի գրառումներում կարդում ենք. «Եվ եթե որևէ սոցիալիստական խմբակցության էլ կապված եմ եղել ու շատ կարճ միջոցով, կապված եմ եղել ոչ թե ծրագրային կապով, այլ լոկ ընկերական և կոնկրետ գործի շուրջը»: Այդ կոնկրետ գործերից առաջինը 1890-ական թվականների կեսերից ազատագրական շարժման աշխուժացումն էր, որը պայմանավորված էր Արևմտյան Հայաստանում տիրող իրադրությամբ, գազանային կոտորածներով ու տեղահանությամբ: Այնուհետև հայ-թաթարական ընդհարումներն էին 1905-1906 թթ., հայերի ինքնապաշտպանությունը, կամավորական ջոկատներին, գաղթականությանն ու որբերին աջակցությունը, սովի և թշվառության դեմ պայքարը և այլն:
Թումանյանը անմասնակից չի եղել քաղաքական խմորումներին դեռ երիտասարդ տարիներից: 1886 -1887 թթ. նա հաճախում է գաղտնի ժողովների, որոնք հետագայում ձևավորվում են իբրև «Երիտասարդ Հայաստան» քաղաքական խմբակ, որը 1889 թ. ամռանը միանում է Հայ հեղափոխական դաշնակցությանը: Թումանյանի ընկերներն ու բարեկամները նրան զգուշացնում էին քաղաքական և ազգային գործունեությամբ զբաղվելու վտանգավորությունը, իսկ բանաստեղծը նրանց պատասխանում էր.«…Ես սիրում եմ զինվորի պաշտոնը»:
90-ականներին պոետն ամբողջությամբ կիսում էր Դաշնակցության հայրենասիրական գաղափարները, սակայն ոչ միշտ էր համաձայն նպատակին հասնելու կոնկրետ ծրագրերին: Հնչակյան կուսակցության գործունեությանը Թումանյանը սկսում է մասնակցել Ղ. Աղայանի խորհրդով: Խոսքը վերաբերում է հատկապես գրողի առնչակցությանը Բաքվի` հնչակյանների «Օջախ» խմբակցությանը:
Փաստն այն է, որ 1895 թ. նոյեմբերին Թումանյանը Ախալքալաքում էր: Նրա այցելության բուն նպատակը «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր կամ տեղական կոմիտեներ ստեղծելն էր: Պատճառը Սասունի կոտորածներն էին, որոնք հսկայական չափերի էին հասել օգոստոսի սկզբներին և շարունակվել էին մինչև դեկտեմբեր: Սասունից փախած հայ գաղթականության մի մասը ապաստան էր որոնում Արևելյան Հայաստանում ու Կովկասի հայաբնակ քաղաքներում և կարիք ունեին աջակցության: 1899 թ. գարնանը և 1900 թ. Բաքու էր գնացել հնչակյանների «Հանգանակող և գործադրող կոմիտեի» հանձնարարության շրջանակներում:
Ըստ Գր. Վարդանյանի` 1898 թ. հունիսին Հնչակյան կուսակցության Բաքվի մասնաճյուղի կոմիտեն հանձնարարում է իրեն` համոզել Թումանյանին մեկնել Լոնդոն «Հնչակ» թերթի խմբագրությունում աշխատելու: Արտասահմանում զգացվում էր այնպիսի եռանդուն, երիտասարդ և հեղինակավոր գործչի կարիք, ինչպիսին Թումանյանն էր: Սկզբում բանաստեղծն ինքն է մերժում առաջարկը: «…Լոնդոնը ո՛չ Լոռի է, ո՛չ էլ Սասուն կամ Զեյթուն, ես ի՞նչ գործ ունեմ էնտեղ»,- ասում է բանաստեղծը, ով այդ պահին ցանկություն չուներ ղեկավարելու որևէ քաղաքական կուսակցության պաշտոնաթերթ: Միաժամանակ գրողն, իբրև ընտանիքի բազմազավակ հայր, մտահոգվում էր իր վեց երեխաների հայեցի դաստիարակությամբ և Լոնդոնում նրանց մայրենի լեզվով կրթություն տալու դժվարություններով: Այնուամենայնիվ, հայրենիքի շահը Թումանյանի համար միշտ գերակա է եղել, և նա համաձայնում է արտասահման մեկնել, սակայն, ինչպես միշտ, կյանքի հանգամանքները խանգարում են, և բանաստեղծը հրաժարվում է այդ մտքից: Ամենայն հավանականությամբ, այստեղ որոշակի դեր է խաղում 57 պարտատեր ունենալու գործոնը: Թումանյանը Բաքվի հնչակյան մասնաճյուղին ուղարկում է հետևյալ հեռագիրը. «Շատ եմ ցավում, որ ինձանից միանգամայն անկախ պատճառներով չպիտի կարողանամ ձեր կանտորի առաջարկն ընդունել. ներեցեք: Հովհաննես»:
1894 -1896 թթ. ազգային-քաղաքական կյանքում կատարված դեպքերի և 1895 թ. ուղևորությունից ստացած տպավորությունները արտահայտվեցին բանաստեղծի մի շարք գրական-գեղարվեստական երկերում («Երկու սև ամպ», «Գաղթականի երգը», «Լեռների հովիվը», «Երկու հայր», «Տրտմության սաղմոսներից», «Սև ճանապարհ» «Վեճ», «Բարեգործություն»), որոնց մի մասը սևագիր է ու անավարտ:
Հասարակական-քաղաքական կյանքի բարեփոխումները հեղափոխական ճանապարհներով, առավել ևս մարդկային կյանքերի գնով իրագործելու ուղին խորթ էր Թումանյանի խաղաղասեր, հաշտարար և մարդուն ամեն ինչից վեր դասող էությանը: Ոչ մի կուսակցության չի հաջողվել բանաստեղծին «սեփականաշնորհել», թեև փորձեր արվել են բոլորի կողմից: Այդ վերաբերմունքի մասին է վկայում սոցիալիստ Սարգիս Խանոյանը: Նա հրավիրում է Թումանյանին` աշխատակցելու գաղտնի տպագրվող «Ազատ Հայաստան» թերթին: Առանց բանաստեղծի համաձայնության գրանցում է նրա անունը լրագրի աշխատակիցների ցուցակում: Իսկ Թումանյանը ոչ մի տող չի գրում թերթի համար և անվերջ դիմումներին պատասխանում է. «Ես մի լիրիկ մարդ եմ, ո՞նց գրեմ ձեզ պետքական, ձեր թերթին սազական ոտանավոր…»:
1895-1896 թթ. այդ միությունը կազմալուծվում է անդամների` Սիսակ Տեր-Սիմոնյանի, Ստեփան Տեր-Ստեփանյանի, Սարգիս Խանոյանի և Աշոտ Խումարյանի բանտարկության պատճառով: Իսկ Թումանյանի` նրանց հետ ծանոթությունն ու կապերը անհետևանք չեն անցնում: 1895 թ. Խանոյանի տունը խուզարկելիս պահնորդական բաժին է տարվում բանաստեղծի այն լուսանկարը, որը Թումանյանը նվիրել էր երիտասարդ սոցիալիստին իր մակագրությամբ: 1895 թ. սեպտեմբերի 7-ին բանտարկվում է նաև Ղազարոս Աղայանը: