Ամեն ազգի մեջ կան և միշտ կլինեն ամեն տեսակի հասարակական ու քաղաքական կուսակցություններ ու հոսանքներ, բայց բոլորովին ուրիշ բան է ժողովրդի ամբողջությունը:
Հովհ. Թումանյան
Հովհ. Թումանյանը ազգային մտածողության կրողն է, հայի ու հայկականության խտացումը:
Նրա աշխարհազգացողությունը բխում էր ժողովրդի լինելիության ընկալումից: Գոհար Գասպարյանն ասում էր. «Միշտ զարմանում եմ, թե որքա՜ն իմաստուն է պարզության պես բարդ այս մեծ Հայը»: Այդ իմաստնությունն էր ստիպել բանաստեղծին մշտապես բարձր կանգնել կուսակցական միակողմանիությունից և իրենով մարմնավորել ողջ ազգի միասնությունը:
Թումանյանն ապրել է մեր ավանդական ազգային կուսակցությունների ձևավորման ու նաև եռուն գործունեության շրջանում և իբրև ակտիվ քաղաքացի ու ազգային գործիչ` այս կամ այն չափով առնչվել է բոլորի հետ: Ազգային կյանքում միմյանց հաջորդում էին կուսակցություններն ու քաղաքական հոսանքները, որոնց մասամբ համակրում, սակայն նրանց ծրագրերի ու գործունեության մեջ շատ էլ չէր խորանում, երբեմն ավելի թերություններ, աչառություն, նեղմտություն էր տեսնում բանաստեղծը: Նա համոզված էր, որ ոչ մի առանձին կուսակցություն չի կարող միայնակ համազգային նշանակության խնդիրներ լուծել: «Այո՛,- գրում է բանաստեղծը,- լինում են դեպքեր, մի որևէ հոսանք ուժ է առնում ու ժամանակավոր էս կամ էն կողմը քաշում կյանքն ու մարդկանց ուշքը, բայց դրանք մոմենտներ են ամեն ժողովրդի կյանքի մեջ, որոնցից ոչ մինը առանձին վերցրած պատասխան չի տալ դրված հարցին, և նա դարձյալ կխոսի ու պատասխան կուզի»:
Պոետը համագործակցել է տարբեր կուսակցությունների` դաշնակցականների, հնչակյանների, սոցիալ-դեմոկրատների հետ: 1898 թ. Հնչակյան կուսակցության Բաքվի մասնաճյուղի կոմիտեն հանձնարարում է Գր. Վարդանյանին համոզել Թումանյանին մեկնել Լոնդոն` կուսակցության «Հնչակ» թերթը խմբագրելու և այնտեղ կուսակցության կենտկոմի պարտականությունները ստանձնելու, Թումանյանը կատակով պատասխանում է. «Լոնդոնը ոչ Լոռի է, ոչ էլ Սասուն կամ Զեյթուն, ես ի՞նչ գործ ունեմ էնտեղ»: 1893 թ. սոցիալիստներն են անվերջ դիմում Թումանյանին` աշխատակցելու «Ազատ Հայաստան» թերթին, բանաստեղծը պատասխանում է. «Ես մի լիրիկ մարդ եմ, ո՞նց գրեմ ձեզ պետքական, ձեր թերթին սազական ոտանավոր: Չի դուրս գալիս, ի՞նչ անեմ»:
Բանաստեղծն ինքն է արձանագրում, որ եթե որևէ քաղաքական կուսակցության էլ կապված է եղել, ապա շատ կարճ միջոցով և ոչ ծրագրային կապով, այլ լոկ ընկերական և կոնկրետ գործի շուրջը»:
Հայ-թաթարական ընդհարումները այն կոնկրետ «գործերից» էր, որը առիթ է դառնում Թումանյանի և ՀՅԴ ավելի, քան համագործակցության համար: Պոետը վկայում է. «Ինքնապաշտպանության ժամանակ գրեթե ամբողջ Կովկասի հայ ժողովուրդը անխտիր մտավ Դաշնակցության մեջ… Էդ մի կողմից: Մյուս կողմից էլ, որովհետև սա դարձավ մի ռազմական բանակ, դժվար էր կարգին պահել»: Ժանդարմական վարչության գաղտնի փաստաթղթերից մեկում Թումանյանը 1903 թ. դեկտեմբերից ՀՅԴ անդամ էր: Ավելին, դաշնակցականների կամ «դրոշակականների» ղեկավարների ակտիվ գործիչների տասներկու անունների դիմաց 1904 թ. ապրիլի 20-ի փաստաթղթում նշվում է` «դսեղցի Հովհաննես Թումանյան»: Աներկբա է նաև, որ այդ պահին նա եղել է Դաշնակցության կողմից մեծ հեղինակություն և վստահություն վայելող ազգային գործիչներից և անդամներից մեկը: Ըստ Թիֆլիսի պահնորդական բաժնի գաղտնի տվյալների` Թումանյանը եղել է Շուլավերի դաշնակցության կոմիտեի նախագահ, կենտրոնական բյուրոյի արևելյան բաժնի անդամ: 1904 թ. մայիսի 3-ին և 4-ին բանաստեղծը Երևան և Էջմիածին է այցելել, որպեսզի բանակցություններ վարի կաթողիկոսի հետ «կայսերական հրովարտակը մերժելու մասին»: 1907 թ. հունվարի 20-25-ը Թիֆլիսի Չորրորդ քաղաքամասի բնակչության կողմից Թումանյանը առաջադրվում է Երկրորդ Պետական դումայի պատգամավոր ընտրյալ պատվիրակների Դաշնակցության թեկնածու կուսակցության կողմից:
1920 – 1922 թթ. Թումանյանը համագործակցել է նաև բոլշևիկյան իշխանությունների հետ, որովհետև այդ շրջանում, ըստ պոետի, միայն բոլշևիկյան Ռուսաստանից, կոմունիստական կուսակցությունից ու նրա որոշ հայ գործիչներից էր կախված հայ ժողովրդին նոր աղետներից զերծ պահելու միակ իրական հնարավորությունը: Եվ որքան էլ սոցիալիզմի, ավելի ճիշտ, մարդկանց սոցիալական հավասարության և արդարության գաղափարները մոտ լինեին գրողի սրտին, մեծ մարդասերը երբեք իրեն որևէ կուսակցության ներկայացուցիչ, այդ թվում նաև սոցիալիստ չի համարել: «Եվ էսպես,- գրում է նա,- շատ է մեծ իմ հարգանքը դեպի սոցիալիզմը, և բնականից իմ մեջ կան նրա հայացքները – իբրև բանաստեղծի»:
Պատմական կոնկրետ պահի որևէ կուսակցության հետ Թումանյանը նույն ճանապարհով է գնացել միայն ժողովրդին աղետներից հեռու պահելու մղումով: 1918 թ., երբ «Ժողովրդի ձայն» օրաթերթը հայտարարում է, որ լրագրին «զինվորագրված» աշխատակիցների թվում է նաև Թումանյանը, բանաստեղծը դժգոհում է և պատասխանում է «Զինվորագրվել են» հոդվածով, որտեղ մասնավորապես նշում է. ««Ժողովրդի ձայնը» լրագիր է, էն էլ որոշ կուսակցության բերան. ինձ նման մի անկուսակցական բանաստեղծ մարդու համար ի՞նչ տեղ է սա: Շատ-շատ ես կարող եմ հյուր լինել էստեղ, թեկուզ և պատվավոր հյուր: Եվ եթե հոդված գրեմ, կարող է էն տեսակ հոդված լինի, որ խմբագրությունը ստիպված լինի տակը ծանոթություն դնելու: Բայց էդպես եմ ես և՛ «Հորիզոնում»… Էդպես է եղել և էդպես կլինի ուրիշ լրագիրներում: Դրանցից ոչ մեկը իմ տեղը չի»:
Նկատենք, որ «Հորիզոնը» եղել է ՀՅԴ օրգան, Թումանյանը 1910 – 1911 թթ. եղել է նրա խմբագիրը, թեև չի ստորագրել, քանի որ նրա անունը քաղաքականապես անբարեհույս մարդկանց ցանկում էր և միայն պայմանական ազատության մեջ էր: Այնուամենայնիվ, նա գրել է հոդվածներ, որոնց տակ ծանոթագրություններ են դրվել, քանի որ լրագրի խմբագրական հանձնաժողովի տեսակետը չեն արտահայտել:
Թումանյանը` իբրև գեղարվեստի մարդ, իր տեղն ու դերը պատկերացնում էր միայն գրականության մեջ և մշտապես պատրաստ էր զինվորագրվել միայն ժողովրդի ամբողջությանը, նրա մշակույթին ու գրականությանը: Նա մշտապես ընդգծել է իր վերկուսակցական էությունը, թեև երբեք չի թաքցրել «գրեթե բոլոր» կուսակցությունների հետ իր առնչակցությունն ու համագործակցությունը: Իսկ արվեստագետը, նրա կարծիքով, կարող է զինվորագրվել միայն գեղեցիկին ու կատարել նրա պահանջները, որովհետև բանաստեղծի պաշտամունքի առարկան գեղեցիկն էր: Նրա խոսքերով, ամեն մի արվեստագետ իր խառնվածքով ի ծնե ազատ ու սավառնող մի հոգի է, ինքնիշխան ստեղծագործող: Նրանց բոլորի անունից Թումանյանը հայտարարում է. «…Մենք զինվորներ չենք և չենք կարող զինվորագրվել որևէ թերթի կամ կուսակցության: Եթե դրանց մեջ կամ դրանց շրջանում էլ լինում ենք, էդ միայն աշխարհագրական հանգամանք է, ուրիշ ոչինչ»:
Այնուհետև բանաստեղծն առանձնացնում է հասարակական կյանքում իրեն ակամա պարտադրված դերը` հարաբերվել բոլոր կուսակցությունների հետ: Նա մերժում է թե՛ իր աշխատակցությունը և թե՛ հատկապես «հոգեկան կապը» որևէ կուսակցության հետ` կատարելով հետևյալ խոստովանությունը. «Ես ինքս անցել եմ գրեթե բոլոր կուսակցությունների միջից (թեև շատ արագ ու թեթև) և չեմ կարողացել մերվել, ձուլվել ոչ մեկի հետ: Եվ սրա պատճառը հենց նրանց վատությունը չի եղել: Ո՜չ, և ոչ էլ նրանցից հալածվելը, և գլխավորը թերևս էն է, որ ես ուրիշ եմ… Նրանք` և կուսակցությունները, և նրանց թերթերը կարող են շատ կարևոր ու շատ լավը լինել, բայց դարձյալ «իմ տեղը» չեն լինիլ, և ես ինձ նրանց զինվորը չեմ համարիլ, նրանց անունով ինձ չեմ մկրտիլ»: Կուսակցականները նույնպես գիտեին, որ Թումանյանը որքան էլ իրենց կողքին լինի, միևնույն է, իրենցը չէ: Ամենուր պոետին հետաքրքրում էին միմիայն համազգային խնդիրները: Արշակ Ջամալյանը գրում է. «Թումանյանի կուսակցական լինելը միանգամայն թյուրիմացություն էր: Օրակարգի վրա դրված ծրագրային և կազմակերպական այնքա՜ն լուրջ խնդիրները նրան բնավ չէին հետաքրքրում… Այսպես, օրինակ, նա ժպտալով «ձայն տվեց», որ Դաշնակցությունը Կովկասում սոցիալիստական սկզբունքներով դասակարգային պայքար սկսի, որովհետև Նիկոլ Աղբալյանը, որ Թումանյանի մոտ էր նստած, «զոռով» բարձրացրեց նրա ձեռքը: Սա կատակ չէ, այլ` փաստ: Միակ խնդիրը, որ նրան զբաղեցնում էր` դա հայ ժողովրդի ինքնապաշտպանության խնդիրն էր»: Նույն կարծիքին էր նաև Սիմոն Վրացյանը` գրելով. «Հովհ. Թումանյանը մինչև իր ոսկորի ծուծը հայ ազգային բանաստեղծ էր և ազգային գործիչ: Եվ այս տեսակետից նա ո՛չ մի դասակարգի և ո՛չ մի կուսակցության մարդը չէր: Նա դաշնակցական չէր և՛ այն ժամանակ, երբ անդամ էր Դաշնակցության: Եվս առավել նա չի կարող լինել բոլշևիկ կամ բոլշևիկների մարդը: Նա համազգային է»:
Բոլշևիկները փորձում էին Թումանյանին ներկայացնել իրենցից մեկը` բոլշևիկ: «Էջեր մօտիկ անցեալից» հոդվածում Ս. Վրացյանը այդ կարծիքն անվանում է «անհեթեթ ու ծիծաղելի»: Բանաստեղծն ինքն է խոստովանել. «Մարդու աշխատանքի ու վաստակի արդար բաշխման գաղափարը ինձ համար էնքան սուրբ է ու վսեմ, բայց ինձ սոցիալիստ չեմ անվանել երբեք»: Թումանյանը գիտեր միմյանցից զատել կուսակցություններն ու գաղափարները, ինչպես նաև կուսակցականներին, գործիչներին, անհատներին, մարդկանց, ովքեր կեղծ ու շիտակ ներկայացնում են իբր իրենց դավանած, իրականում անհասկանալի գաղափարներ. քաջածանոթ էր բոլշևիկների ահաբեկչական գործողություններին և դատապարտում էր նրանց խոսքի ու գործի հակասությունը: «Եթե սոցիալիստ է` անգիր գիտի, ինչ են ասել Մարքսն ու Էնգելսը, բայց բնավ չգիտի, թե ում, որտեղ, ինչ պետք է ասի ինքը, դուրս է տալիս նրանց բառերն ու նախադասությունները և վերջ ի վերջո տեռորն է իր իդեալը` անհատական թե մասսայական` իբրև իր ներքին անկարողության ապոֆեոզը»,- գրում է բանաստեղծը: Ըստ Դ. Դեմիրճյանի` Թումանյանը որոշ կուսակցական մարդկանց մասին այն կարծիքն ուներ, որ նրանք «ծուռ եկել են` ծուռ էլ պիտի գնան»:
1921 թ. սեպտեմբերին, մի ճաշկերույթի ժամանակ իր թամադայական խոսքում Թումանյանը բառացիորեն խոստովանել է. «Ինչպես յուղոտ ձուն ներկ չի վերցնում, այնպես էլ ես չկարողացա այս կամ այն կուսակցությանը հարել, թեև թե՛ իմ, թե՛ իմ անձնական բարեկամների կողմից այդ ուղղությամբ փորձեր եղան»:
Թումանյանը ոչ թե անկուսակցական, այլ վերկուսակցական էություն ուներ: Ցանկացած կուսակցական վերարկու նեղ էր գալիս նրա ուսերին, ցանկացած գաղափարական մոտեցում` միակողմանի ու սահմանափակ: Պոետը երբեք չդարձավ որևէ քաղաքական կուսակցության հավատարիմ նվիրյալը: Այնուամենայնիվ, նա չկարողացավ խուսափել ՀՅԴ-ի դեմ սանձազերծված քաղաքական հալածանքներից: Հիմնական պատճառը Թումանյանի մշտապես ակտիվ ազգային գործունեությունն էր: Բանաստեղծը այնտեղ էր, որտեղ կար ընդհատակյա, գաղտնի խմբակցություն, ժողովուրդ և իշխանավոր: Սոցիալիստ Ս. Խանոյանը ասում է. «Թումանյանը ամենքինն էր, նրան բոլորն էլ սիրում էին: Ինքն էլ խտրություն չէր դնում սրա ու նրա մեջ. նրա համար բոլորն էլ «մեր տղաներ» էին»:
Բանաստեղծն ամենուր էր և մշտապես զգում էր քաղաքական կյանքի զարկերակը, անհանգստանում էր, օգնում, փորձում էր իր հավասարակշռված մոտեցումներով և խաղաղասեր բնավորությամբ անհեռատես քաղաքական գործիչներին հեռու պահել չմտածված քայլերից, ոչ մի դեպքում և ոչ մի գաղափարի համար չվտանգել ազգային միասնությունը: Եվ ինչպես ասում էր Համո Սահյանը. «Թումանյանը անսխալական էր»…