ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ԿԱՊԵՐ

 

Ապրիլի 12-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում վրացի բանաստեղծներ Լևան Զարիձեի և Լեքսո Դորեուլիի հետ: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով հայ-վրացական գրական կապերը, նշեց, որ ամեն տարի հանդիպումներ են կազմակերպվում Հայաստանում և Վրաստանում, որոնք վառ են պահում գրական առնչությունները: Սայաթնովյան օրերը Թբիլիսիում ամեն տարի գրական մեծ տոնի են վերածվում: «Նաև նոր հրատարակած գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ են լինում Երևանում, Թբիլիսիում և այլ քաղաքներում, ինչպես նաև հունիսին կազմակերպվող երիտասարդ գրողների խորհրդակցությանը հրավիրում ենք վրացի երիտասարդ ստեղծագործողների»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: Նրա հավաստմամբ՝ բազմաթիվ են այն գրքերը, որոնք փոխադարձաբար հրատարակվում են Հայաստանում և Վրաստանում: «Կամուրջ, որ երկու ժողովուրդների ներկան, անցյալը և ապագայի իղձերը, տեսլականները ամփոփում ու իրար ոգեղեն ճանաչման ուղի է բացում»,- նշեց ՀԳՄ նախագահը՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տասը տարիներին Վրաստանի գրողների հետ կապերը սերտ են, և վրաց գրողներից շատերը հայ գրականության հանրահռչակման գործում իրենց մեծ դերն ունեն: Նա խոսեց նաև Թբիլիսիում ՀԳՄ-ի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի մասնակցությամբ Հովհ. Թումանյանի տունը տուն-թանգարան-ինստիտուտ դառնալու մասին, որտեղ բազմաթիվ հայ-վրացական գրական միջոցառումներ են տեղի ունենում:

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեն խոստովանեց, որ ամեն օր զգում են հայ ժողովրդի սերը իրենց նկատմամբ և հույս հայտնեց, որ այս հանդիպումը կարևորագույն քայլ կլինի երկուստեք հարաբերությունների զարգացման գործում: «Վրաստանը պոեզիայի երկիր է»,- ասաց դեսպանը և տեղեկացրեց, որ հանդիպումը կազմակերպվել է Վրաստանում մայրենի լեզվի օրվա շրջանակում: Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի հավաստմամբ՝ հայ և վրացի ժողովուրդների գրական առնչությունները գալիս են դարերի խորքից և շարունակվում են մինչև ներկա օրերը: «Սայաթ-Նովան 300 տարի անց էլ միավորում է մեզ, օգնում ճիշտ ճանապարհով ընթանալ»,- նկատեց նա՝ հավելելով, որ երկու ժողովուրդների գրական-մշակութային առնչությունների նյութերը հսկա հանրագիտարանի նյութ կարող են ծառայել: Գ. Դավթյանը արժևորեց նաև խորհրդային տարիներին երկու ժողովուրդների մշակութային հարաբերությունների մեջ նկատված տեղատվությունը հաղթահարելու գործում Լևոն Անանյանի, Մաղվալա Գոնաշվիլու, Ռևազ Միշվելաձեի ունեցած ներ­դրումը: «Այսօրվա հանդիպումը, կարծում եմ, նոր խթան կհանդիսանա, որպեսզի այդ հարաբերություններն է՛լ ավելի աշխուժանան»,- ամփոփեց նա:

Ելույթ ունեցան նաև ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Ափցիաուրին, բանաստեղծներ Լևան Զարիձեն, Լեքսո Դորեուլին, ՀՀ-ում վրացական «Իվերիա» համայնքի նախագահ Սվետլանա Նամչևաձեն: ԵՊՀ կովկասագիտության ֆակուլտետի և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողները կարդացին վրացի գրողների բանաստեղծություններից:

Հանդիպումը վարում էր Լևոն Բլբուլյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.